2017.11.24,

Նյուսրում

«Յուքոմել». դատարանը մասնակի է բավարարել Պրեմիեր լիգայի հեռարձակման հայցը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Դատարանը վճիռ է կայացրել «Յուքոմել» անունով հայտնի դատական գործով: Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի հայցն ընդդեմ «Յուքոմի» բավարվարել է մասնակի։ Դատարանը «Յուքոմ» ընկերությանը պարտավորեցրել է նվազեցնել բաժանորդային վճարը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) խաղերը սահմանափակելու ժամանակահատվածի համար, իսկ խաղերի ցուցադրումը պարտավորեցնելու մասով՝ հայցը մերժել է։

Գրիգոր Բեքմեզյանը, լինելով «Յուքոմ» ընկերության բաժանորդ, դատական հայց էր ներկայացրել այդ ընկերության դեմ, քանի որ ընկերությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերի ժամին անջատում է ռուսական Матч ТВ, Футбол1, Футбол2, Футбол3 և այլ սպորտային ալիքների հեռարձակումը: «Յուքոմ»-ի հիմնավորումը հետևյալն է՝ ԱՊԼ հեռարձակման բացառիկ իրավունքը 2016-2019 թվականների համար, Հայաստանում ձեռք է բերել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը»՝ Հ2-ը:

Նոյեմբերի 17-ին դատարանը վճռել է, որ «Յուքոմ»-ը պարտավոր է 2016 թվականի օգոստոսից (ԱՊԼ խաղերի հեռարձակման սահմանափակումը սկսվել է այդ ժամանակ) սկսած յուրաքանչյուր ամսվա համար Բեքմեզյանին հատուցել 1080-ական դրամ գումար:

«Շատ բարդ հաշվարկ է արվել: «Յուքոմ»-ի կողմից հեռարձակվող ալիքները, որոնք չեն մտնում որևէ փաթեթի մեջ, ունեն իրենց գինը՝ սկսած 100 դրամից: Հաշվել ենք Матч ТВ-ի փաթեթի ալիքների գինը և ստացել 1080 դրամ: Հենց այս մասով էլ դատարանը պարտավորեցրել է «Յուքոմին»՝ փոխհատուցել չմատուցված ծառայության դիմաց»,- ասում է փաստաբան Բեքմեզյանը:

Փոխհատուցման ժամկետների մասով դատարանը նշել է՝ մինչև վճռի կատարումը: Գրիգոր Բեքմեզյանը դժվարացավ մեկնաբանել, թե դա ինչ է նշանակում: Դեռ հայտնի չէ՝ «Յուքոմն» առաջիկա ամիսներին նույնպե՞ս Բեքմեզյանից կգանձի 1080 դրամով պակաս գումար, թե ոչ: Փաստաբանը ենթադրում է, որ՝ այո:

Գրիգոր Բեքմեզյանն ասում է. «Մի մասով հաղթել ենք և ուրախ ենք, հայցի մյուս մասով պարտվել ենք, մենք դա սպասում էինք: Ամեն դեպքում շարունակելու ենք հետամուտ լինել Հ2-ի բացառիկ իրավունքի հարցին: Մենք շարունակում ենք մնալ այն պնդմանը, որ եթե Հ2-ն նույնիսկ ունի բացառիկ իրավունք, ապա՝ ոչ բոլոր 10 խաղերի համար, այլ՝ ընդամենը 2: Մեզ համար խիստ կասկածելի է, թե ինչու պետք է բոլոր խաղերի հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունը միայն երկու խաղ ցուցադրի»:

Փաստաբանն ասում է, որ  «Յուքոմ»-ի այլ բաժանորդներ ևս փոխհատուցման հայցով կարող են դիմել դատարան:

Դատական այս հայցը այլ քաղաքացիների համար բաց էր նույն պահանջով միանալու համար։ Երեք քաղաքացիներ միացել էին հայցին: Դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է Արա Մելիքյանի, Սարգիս Թորոսյանի, Լուսինե Գրիգորյանի միջնորդությունները` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:

Դատարանը նշել է, որ Մելիքյանի, Թորոսյանի և Գրիգորյանի կողմից չի հիմնավորվել տվյալ քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտի` իրենց շահերին որևէ ձևով ազդեցությունը:

Լուսինե Գրիգորյանը փաստաբան է, Փաստաբանների պալատի անդամ և անհասկանալի է համարում դատարանի այդ որոշումը․ «Ես իմ հերթին դատարանի ուշադրությանն եմ ներկայացրել պայմանագրիս պատճենը, որից պարզ երևում է, որ տվյալ հավելյալ վճարվող հեռուստաալիքերն ընտրել և դրանից օգտվում եմ նաև ես ու փաստացի զրկված եմ ԱՊԼ խաղերը դիտելու իրավունքից։ Ես կարծում եմ, որ դատարանի այս որոշումը կամայական է ու զարմանալի: Դրանով ոտնահարվել են մեր իրավունքները»։

Արձանագրային որոշումները, «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» համաձայն, չեն բողոքարկվում։  

Գրիգոր Բեքմեզյանի հայցի վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 17-ին: Երկու կողմն էլ՝ հայցվորը և «Յուքոմը», վճիռը բողոքարկելու համար մոտ երեք շաբաթ ժամանակ ունեն: Լուսինե Գրիգորյանն ասում է՝ քանի որ արձանագրային որոշումը բողոքարկել չի կարող, միանալու է գործընկերոջ և նրա ուսանողների թիմին, եթե նրանք դատարանի վճիռը ավելի բարձր ատյանում բողոքարկելու մտադրություն կունենան։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *