2017.07.31,

Նյուսրում

ԱՊԼ-ի խաղերն առանց արգելափակման դիտելու հարցը՝ դատարանում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը լինելով «Յուքոմ» ընկերության բաժանորդ, դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ, պահանջելով կամ մատուցել պատշաճ ծառայություն, կամ վերադարձնել չմատուցված ծառայության դիմաց գանձված գումարները:

Խոսքն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերի ժամին ռուսական Матч ТВ, Футбол1, Футбол2, Футбол3 և այլ սպորտային ալիքներ 2016 թվականի օգոստոսից արգելափակելու և բաժանորդներին սպորտային եթերից զրկելու խնդրի մասին է:

ԱՊԼ հեռարձակման բացառիկ իրավունքը 2016-2019 թվականների համար՝ Հայաստանում ձեռք է բերել «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» (հ2), որը յուրաքանչյուր տուրից ցուցադրում է երկու խաղ, որոնցից պարտադիր մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ (այդ թիմում է հայ ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը): Պրովայդերներն արգելափակում են ԱՊԼ-ի տուրի ոչ միայն հ2-ի ցուցադրած 2, այլև մյուս 8 խաղերը: Մալուխային հեռուստաընկերությունները ԱՊԼ բոլոր խաղերի ժամին անջատում են ռուսական մարզական ալիքների եթերը, չխախտելու համար «Հայկական երկրորդի» հեղինակային իրավունքները:

Սա առաջացրել է երկրպագուների դժգոհությունը: Գրիգոր Բեքմեզյանը որոշել է «Յուքոմ»-ի հետ հարաբերությունները պարզել դատարանում: «Բեքմեզյան իրավաբանական գրասենյակներ» հիմնադրամի տնօրենը դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և հայցի պատրաստմանը ներգրավել է նաև իր ուսանողներին՝ պրակտիկա ձեռք բերելու նպատակով: Դասախոսն ուսանողներին ասել է՝ բողոքելու փոխարեն սովորեք պաշտպանել ձեր իրավունքները: Բեքմեզյանի շահերը դատարանում ներկայացնում են հենց ուսանողները:

Հայցը բաց է, և ցանկացած քաղաքացի կարող է միանալ: Մեկ հոգի արդեն միացել է որպես ինքնուրույն գործող անձ, առանձին պահանջներ չներկայացնելու կարգով:

«Ես տանը և գրասենյակում «Յուքոմ» եմ միացրել, առաջին հերթին որպեսզի դիտեմ ֆուտբոլային խաղերի հեռարձակումները ռուսական ալիքներով: Ավելին, հատուկ բաժանորդագրվել եմ հատուկ փաթեթի, ԱՊԼ խաղերը դիտելու համար: Եվ պայմանագրում նշված չէ, որ Հ2-ի հեղինակային իրավունքի պատճառով՝ դրա հնարավորությունը չեմ ունենալու»,-ասում է Գրիգոր Բեքմեզյանը:

Նա «Յուքոմից» պահանջում է ցուցադրել ԱՊԼ խաղերը, ինչպես նաև փոխհատուցել չմատուցած ծառայության համար, որի դիմաց, ըստ փաստաբանի, անհիմն վճարվել է: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ չմատուցված ծառայության դիմաց չի կարող վճարվել: Հետևաբար, ըստ Բեքմեզյանի, նախկինում վճարած գումարները ենթակա են վերադարձման։

Իրավաբանն ավել գումար չի պահանջում.«Ես նպատակ չունեմ իրենց հաշվին հարստանալու։ Մեր նպատակն է, որպեսզի պրովայդերները բարեխիղճ կերպով մատուցեն ծառայությունը։ Այսինքն՝ նախապես տեղեկացնեն, թե մեզ ինչ է սպասվում։ Եթե երկու խաղ ցուցադրելու բացառիկ իրավունք ունի հեռուստաընկերությունը, ապա ինչպե՞ս է մնացած 8 խաղը արգելափակում։ Ի՞նչ հիմքով։

Սպասենք դատարանի վճռին: Սա կարող է նախադեպ լինել, որպեսզի դիմեն նաև այլ քաղաքացիներ, և ընկերությունը պարտավոր կլինի բոլորին հատուցել»,- ասում է փաստաբանը:

Գրիգոր Բեքմեզյանն այսպես ասած եթեր կարգավորելու փորձ արդեն ունի: 2015 թվականին «Յուքոմ»-ն արգելափակել էր Չեմպիոնների լիգայի խաղերը: Համարելով, որ դրանով խախտվել է բաժանորդների՝ ծառայություն ստանալու իրավունքը, Բեքմեզյանն իր ուսանողների հետ դիմել էր պրովայդերին և տեղեկացել, որ լիգան հեռարձակելու բացառիկ իրավունք ունի «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Խումբը դիմել էր նախ «Արմենիային», որից հետո, պատասխան չստանալով, ՀՌԱՀ-ին: Համարելով, որ բացառիկ իրավունքն այս դեպքում վերացական հասկացություն է, իրավաբանների խումբը նամակ էր գրել Եվրոպայի հեռարձակողների միությանը: Խնդիրը չէր լուծվել, և երբ որոշել էին «Յուքոմ»-ի դեմ դատական հայց ներկայացնել, ընկերություը ժամանակ էր խնդրել «Արմենիայի» հետ բանակցելու համար: «Յուքոմ»-ը սկսել էր հեռարձակել այն խաղերը, որոնք «Արմենիան» չի ցուցադրում: Եվ այդպես՝ մինչև հիմա:

Հաջորդ կարգավորումը տեղի է ունեցել 2016 թվականին, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ: Այս դեպքում բացառիկ հեռարձակման իրավունքը պատկանում էր Առաջին ալիքին: Սկսվել է նույն գրագրությունը, բանակցությունները, որի արդյունքում՝ «Յուքոմը» հեռարձակել է ռուսական ալիքները:

ԱՊԼ-ի վերաբերյալ նույնպես, Բեքմեզյանի ղեկավարած խումբը հանդիպել է «Յուքոմ»-ի ղեկավարությանը և փորձել համաձայնության գալ: Չի ստացվել:

Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 22-ին, երկրորդը՝ հունիսին: Քանի որ ԱՊԼ առաջնությունն ավարտվել է, հայցվոր կողմը դատարանից ժամանակ է խնդրել հայցը վերաձևակերպելու համար: Նոր՝ 2017/2018 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 11-ին: Կախված լիգայի խաղերը ռուսական ալիքներով հեռարձակել-չհեռարձակելուց, հայցվոր կողմը կորոշի իր մարտավարությունը:

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *