Ռուսաստանյան էկրանի կոնտրաստները

13.12.2011, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Ցանկացած լրագրող ակտիվանում, լարվում ու սկսում է հաճույքով աշխատել այն ժամանակ, երբ իր շուրջը կարեւոր բան է կատարվում, իրարանցում ու շարժ է տեղի ունենում: Ննջող ու լճացող կյանքը սպանում է լրագրողին (ինչպես նաեւ նրա գործատու՝ ԶԼՄ-ին), քանի որ այդ ժամանակ նա ստիպված է ոչ թե արձագանքել կյանքին, այլ լուր մոգոնել: Ինչի արդյունքում էլ՝ հիմնականում անհամություն է մոգոնում կամ էլ թութակի պես միայն պաշտոնական տեսակետի «անաչառ» փոխանցողն է դառնում:

Այն իրավիճակը, որը ստեղծվեց Ռուսաստանում Պետդումայի ընտրություներից հետո, լրագրողի համար գրեթե իդեալական աշխատանքային դաշտ բացեց, քանի որ պաշտոնական տեսակետն ու իշխող կուսակցության «ճնշող» հաղթանակը հարցականի տակ դրեց քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, եւ սկսվեցին տարբեր փոքր ու չափազանց կոնկրետ պատմությունները (խախտումների մասին ահազանգերը, ընդդիմադիր հայացքների կրողների ճնշումների ու բանտարկումների դեպքերը, հատուկ նշանակության զորքերի ակտիվացումն ու Մոսկվայի կենտրոնի շրջափակումը):

Ալեւս հնարելու կամ բեմադրելու կարիք չկար, բավական էր միայն արագ արձագանքման եղանակով ցուցադրել եղածն ու դրանով իսկ հագեցնել եւ մասնագիտական ծարավը, եւ լսարանի պահանջը:

Իրական կյանքը ներխուժեց լուրերի մեջ, սակայն՝ ոչ հեռուստատեսային:  Ռուսաստանյան հեռուստաէկրանը երկար ժամանակ լռում էր ոչ միայն ընտրակեղծիքների վկաների ցուցմունքների, այլեւ բազմահազարանոց բողոքի ցույցերի մասին: Կարծես ոչ մի արտառոց բան չի կատարվում: Լուրերի թողարկումների վարողները դեմքի երկաթյա արտահայտությամբ շարունակում էին հնչեցնել հանդարտ, կռահելի «հայրենասիրական» քարոզչական ռեպորտաժները:141

Հետընտրական Ռուսաստանի մասին պատկերացում կազմելու համար հարկավոր էր որոնումներ կատարել համացանցում, որտեղ զետեղվում էր առաջին ձեռքից ստացված ինֆորմացիան (այսինքն՝ փաստը): Իսկ հետո այդ փաստը համադրել լուռ էկրանի հետ: Առանց այդ լռության իրականությունը չէր լինի ամբողջական:

Նույնիսկ կարելի է ասել, որ հենց այդ լռության շնորհիվ էլ ռուսաստանցիների մոտ առավել սրվեց ընդվզումը (մեզ էշի տեղ մի դրեք): Լուրերի հոսքը այնքան անտրամաբանական ու կոնտրաստային էր, որ խթանիչ դարձավ ու դրդեց մարդկանց ոչ միայն իրենց քվեների, այլեւ պետության ճակատագրով մտահոգվել:

Չափից ավելի կատարող ու այդ կատարման տեմպերի մեջ անընդհատ ռեկորդ սահմանող մի քանի գլխավոր ու «պատասխանատու» դաշնային  ալիքները հասան իրենց տրամաբանական կետի. զզվեցրին մարդկանց:

Ընդհանրապես մերկ ու անհիմն պրոպագանդան ունի իր լիմիտը, որը լրանալուն պես՝ այլեւս չես կարող ոչ միայն համոզել հանդիսատեսին, այլեւ անգամ անտարբեր թողնել:

Չէ՞ որ «Միացյալ Ռուսաստանի» զուգահեռ իրականությունն էր դարձել «այլ Ռուսաստանը», որտեղ իշխող կուսակցությանը ոչ թե հիացական ու շնորհակալական խոսքեր էին ասում, այլ մեղադրում էին: Իրականությունն ու դրա պատկերումը չեն կարող այդքան տարբեր լինել (այս դեպքում՝ իրարամերժ), դա վտանգավոր է առաջին հերթին հենց պատկերողի համար: Այսինքն հեռուստաալրագրողի:

Երբ արժեզրկվում է լրագրողի պրոֆեսիան ու նա ստիպված է լինում բացատրել իր լռության պատճառը, դա նմանվում է արդարացմանը (այն ժամանակ չէի խոսում, քանի որ թույլ չէին տալիս, հիմա մի քիչ թույլ տվեցին, ես էլ մի քիչ եմ խոսում): Իսկ արդարացող լրագրողը լրագրող չէ:

Եվ երբ մի քանի օր ուշացումով ընտրության արդյունքներից դժգոհ զանգվածը վերջապես հայտնվեց պետական ալիքների եթերում, արդեն պարզ էր, որ կյանքը հասցրել է ցնցել եթերը: Սկզբում НТВ-ի լրագրողը հրաժարվեց լուրերի թողարկումը վարել, քանի դեռ հանրահավաքի մասին ռեպորտաժ չի ներառնվել, իսկ հետո սկսեցին «արթնանալ» (կամ էլ թեկուզ՝ աչքերը կիսաբաց անել) այլ ալիքները:

Ճահճի հրապարակի բողոքը լայնորեն ու բավականին խորամանկորեն լուսաբանեցին արդեն բոլոր ալիքները: Կարծես վերեւից հրահանգվել էր անպայման ցուցադրել հավաքն ու շեշտել, որ դա «դեմոկրատիայի դրսեւորում» է: Ի դեպ՝ Ռուսաստանի իշխանությունները արտոնել էին հավաքի անցկացումը Ճահճի հրապարակում թերեւս անվանման համար (իմացեք ձեր տեղը):

Եթե չլիներ լուրերի այլըտրանքային խողովակը՝ ինտերնետը, հանդիսատեսի մոտ տպավորություն կստեղծվեր, որ մարդիկ բողոքում են ոչ թե ընտրակեղծիքների ու իշխանովորների ամենաթողության դեմ, այլ պայքարելով հանուն ազատ ու արդար ընտրությունների՝ «Միացյալ Ռուսաստանի» հաղթանակն են տոնում: Ստացվում էր, որ իշխանություններն ու հավաքի մասնակիցները նույն բանն են ուզում:
Եվ իհարկե, ոչ մի ալիք չէին սողոսկել «Ռուսաստանը՝ առանց Պուտինի» լոզուգները:

Խոսելով Ռուսաստանի մասին, բոլորս էլ բնականաբար մտքում նկատի ենք ունենում Հայաստանը: Մեր ալիքները ոչ միայն նույն տերերը (հսկող ձեռքը նախագահականում է), այլեւ նույն մարտավարությունն ունեն: Գրաքննում են կյանքը, իսկ հետո արդարանում, թե ինչու են ստում: Կամ էլ չեն արդարանում՝ ապահով թաքնվելով իշխանական քարոզչության մեխանիզմների պտուտակների արանքներում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?