Սուրդոթարգմանությու՞ն, թե՞ լուսագրեր. որն են նախընտրում լրատվական թողարկումներում

21.03.2012, Նյուսրում

Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն այժմ հնարավորություն ունեն հայկական երկու հեռուստաալիքների` «Ար» եւ «Ա-ԹիՎի»-ի եթերում մանկական հաղորդումները դիտել սուրդոթարգմանությամբ: Հեռուստաընկերություններն արձագանքել են փետրվարի 28-ին ուժի մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին ու լրացումներին: Դրանցով Հանրային հեռուստաընկերությունից բացի, մասնավոր հեռուստաընկերությունները եւս պարտավորվում են եթերում օրվա ընթացքում «առնվազն մեկ մանկական եւ /կամ լրատվական հաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրերով»:

Թեեւ օրենքում նշված է, որ սուրդոթարգմանությունը պետք է լինի «մանկական եւ/կամ լրատվական հաղորդումներում», սակայն հեռուստաընկերությունների մեծ մասը նախընտրում  է միայն մանկական հաղորդումներում ունենալ սուրդոթարգմանություն: Լուրերի թողարկումների համար սովորաբար ընտրվում է լուսագրերի տարբերակը:

Նախքան փոփոխված օրենքի ուժի մեջ մտնելը եւ դրանից հետո էլ  սուրդոթարգմանությամբ միակ լրատվականը հաղորդումը`«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոնն» է,224 որը եթեր է հեռարձակվում փետրվարի սկզբից:

Նորությունների թողարկումները ժեստերի լեզվով թարգմանությամբ ուղեկցելու ուղղությամբ քայլեր անում են «Երկիր մեդիա» հեռուստաընկերությում:

«Արտասահմանից պատվիրվել է հատուկ պլատա, որը պետք է ապահովի սուրդոթարգմանությունը վիդեոպատկերով: Այն տեղ կհասնի մայիսի վերջերին: Դրանից անմիջապես հետո շատ արագ սուրդոթարգմանությամբ լուրերը եթերում կլինեն»,- ասում է  հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:  Նա հնարավոր համարեց, որ նաեւ մանկական մեկ հաղորդում կունենա ժեստերի լեզվով թարգմանություն:

«Արմենիա» հեռուստաընկերութունում մանկական հաղորդումներ չկան: Հեռուստաընկերության լրատվական ծրագրի կոորդինատոր Լուսինե Խուլյանն ասում է, որ սուրդոթարգմանությամբ կամ լուսագրերով նորությունների թողարկում հեռարձակելու հարցում դեռ տեղեկատվություն չկա:
 
«Շանթ»-ում որոշել են իրենց լրատվական «Հորիզոնում» լուսագրեր ավելացնել: «Սուրդոթարգմանությունը միգուցե ավելի ուշ լինի եւ հնարավոր է նաեւ այլ տարբերակով, որտեղ միայն ձեռքեր են  երեւում եւ ոչ թե մարդ»,- ասում է  «Շանթ» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Աղասի Հունանյանը:

«Արմնյուզ», «Ար», «Ա-ԹիՎի» հեռուստաընկերություններից  տեղեկացնում են, որ կշարունակեն լուսագրերով ուղեկցվող լրատվական թողարկումներ հեռարձակել:

«Երեւան» հեռուստաընկերությունում էլ այս հարցը քննարկվում է եւ հավանաբար այս կայանի մանկական մեկ հաղորդում կունենա  սուրդոթարգմանություն:

Սուրդոթարգմանիչ Աննա Բերբերյանը պատահական չի համարում, որ հեռուստաընկերությունները նախընտրում են սուրդոթարգմանությամբ հեռարձակել ոչ թե լուրերը, այլ մանկական հաղորդումները:

«Ես կարծում եմ, որ մանկական հաղորդումների սուրդոթարգմանիչներին շատ ավելի քիչ է պետք վարձրատրել, քան լրատվականինը, որովհետեւ վերջիներս  տեւողությամբ երկար են եւ բարդ, իսկ մանկականն ավելի թեթեւ ու հեշտ է թարգմանելը: Հեռուստաընկերությունների ղեկավարներն իրենք մտածում են, որ լուրերի մեկնաբանին շատ են վճարում եւ չեն ցանկանում նաեւ  սուրդոթարգմանիչին վճարել»,- ասում է նա: 

Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում 3500 լսողության խանգարում ունեցող մարդ կա: Նրանցից 400-ը երեխաներ են: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգորյանն ասում է, որ երեխաների մի մասը, ցավոք,  ծանոթ չէ ժեստերի լեզվին, քանի որ ապրում է մարզերում եւ դպրոց չի հաճախում: Գրիգոր Գրիգորյանն ուրախ է, որ հեռուստաընկերությունները մանկական հաղորդումները սուրդոթարգմանությամբ են ուղեկցում: Մյուս կողմից Գրիգորյանը արդյունավետ կհամարեր, եթե օրենքի փոփոխությունից հետո նաեւ լրատվական հաղորդումները հասանելի դառնային լսողական խնդիրներ ունեցող մարդկանց: 


«Ցանկություն կա, որ բացի «Կենտրոնից», մյուս հեռուստաալիքների լրատվականներում էլ լինեն սուրդոթարգմանություն, որպեսզի բոլոր խուլերը տեղեկացված լինեն, ապրեն խոսող մարդկանց նման»,- ասում է Գրիգորյանը` հավելելով, որ հատկապես «Առաջին լրատվականի» եւ «Հորիզոնի» ժեստերի լեզվով թողարկումներին են   սպասում:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը, ով հետամուտ է լսողության խնդիրներ ունեցողների տեղեկատվություն ստանալու իրավունքին, կարծում է, որ օրենքում բաց կա:

«Օրենքը չի պարտադրում կոնկրետ Հանրային հեռուստաընկերությանը կամ  մասնավոր հեռուստաընկերություններին սուրդոթարգմանություն ունենալ լրատվական հաղորդումներում»,- ասում է Դեհերյանը:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?