Մարդու կյանքի գինը հայաստանյան լրահոսում

30.04.2012, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Այս հոդվածը մարդ չգիտի, թե ոնց սկսի, քանի որ թեման վերաբերում է ոչ միայն հայաստանյան մամուլին, այլեւ մարդկան կյանքերին։ Սկսեմ առանց նախաբանի՝ անցնելով անմիջապես դեպքերին։

Մի քանի օր առաջ Tert.am-ում մի նյութ տեսա, որից հետո երկար ժամանակ տեղս չէի գտնում։ Մի հայտնի ֆոտոլուսանկարող նկարահանել էր ինքնասպան եղած աղջկան եւ իր հորը (ենթադրում եմ), որը գրկում էր աղջկա մարմինը․․․ Եվ այդպես մոտ տասը լուսանկար։ Զգացվում էր, որ ֆոտոխցիկի տերը այդ սարսափելի տեսարանի շուրջ մի քանի պտույտ է տվել․․․ Հետո էլ դա հրապարակվել է ամենաայցելվող կայքերից մեկում։ Ճիշտն ասեմ՝ այս դեպքից հետո չեմ կարողանում ինձ ստիպել նորից մտնել այդ կայքը։

Ինքնասպանությունների մասին մանրամասն նյութերի իմաստը, այն էլ օրվա լրահոսում, ինձ համար առնվազն անհասկանալի է եւ այդպիսին էլ կմնա։ Սակայն խմբագրություններում կարծես թե որոշել են պլանը գերակատարել։

Ապրիլի 27-ին մի շարք լրատվամիջոցներ իրար հետեւից լուր տվեցին «զինվորի ինքնասպանության մասին»։ Լրագիրը գրում է՝ «Զինվորը ցած է նետվել կամրջից ու մահացել» (այստեղ պահպանված տարբերակն է)։ 1in.am-ը նույնպես գրում է, որ «կամրջից ցած նետվելով՝ զինծառայող է ինքնասպանություն գործել» (այստեղ պահպանված տարբերակն է

News.am-ը նույնպես հաղորդում է զինվորի մահվան մասին (այստեղ պահպանված տարբերակն է): Իրականում զինծառայողը չէր մահացել։ Սակայն «հավաստիության» համար 1in.am-ը նույնիսկ տեղադրում է ինքնասպանի դիակի լուսանկարը, որը իրականության հետ ոչ մի կապ չունի, քանի որ այն վերցված է անցյալ տարվա նյութերից, ինչը շատ հեշտ պարզվում է։

(Լրագիրը եւ News.am-ը հետագայում ուղղեցին սխալները)։

Մի կողմ թողնենք բարոյական ասպեկտը, քանի որ նույնիսկ չգիտեմ, թե ինչ քննարկեմ այս տեսանկյունից։ Ամեն ինչ առանց այն էլ պարզ է։ Մի կողմ թողնենք այն, որ օպերատիվության զոհ է գնում ճշմարտությունը։ Մի կողմ թողնենք, որ այս ամենը լինում է ամենահեղինակավոր եւ այլցելվող ԶԼՄ-ներից մի քանիսում։

Այս ամենի վերջում մեկ հարց եմ ուզում տալ։ Մենք պատերազմող երկիր ենք. դա այդպես է, նույնիսկ եթե դուք չեք ուզում դրան հավատալ։ Եթե մեր ԶԼՄ-ները այսպես հեշտությամբ կարող են մահացած մարդկանց մարմինները ցուցադրել, եթե  այսպես հեշտությամբ կարող են մարդկանց «սպանել», հետո «վերակենդանացնել», դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ ազդեցություն այս ամենը կարող է ունենալ, եթե հանկարծ սկսվեն ակտիվ պատերազմական գործողությունները։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?