Սերիալ է, որ նայում ենք

22.06.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Վերջապես բոլորս (ով դեռ չէր հաջողացրել տեսնել) տեսանք, թե ինչ ենք նայում հեռուստացույցով: Ըստ ռեյթինգների` ես, որպես միջին քաղաքացի (ես բավական համապատասխանում եմ միջինությանը`միջին տարիք, միջին հայ տղամարդու քաշ եւ այլ միջինացման չափորոշիչներին համապատասխանություն), օր ու գիշեր սերիալ եմ նայում: Ես, ինչպես եւ իմ ընկերները, կասկածներ ունեի, բայց հիմա արդեն թվերով ապացուցվել է`անձնուրաց ես եւ ազգս սերիալ ենք նայում: Ընդ որում՝ միայն հայրենական արտադրության, ոչ թե ամեն մի լատինաամերիկյան ցածրորակ արտադրանք

Այստեղ խորը շունչ քաշենք եւ խոստովանենք` բոլորս քննադատում ենք սերիալները, բայց շատերս նայում ենք հենց դրանք, շատ ժամանակ թաքնված ձեւով: Օրինակ՝ շատերս կլանված «Doctor House» ենք նայում եւ ամպերի միջից արեւածաղիկ կլեպազերծում հասարակ «Աննա-համարնայողների վրա: Սակայն չլինենք մեծամիտ` Գրեգորի Հաուսը խեղճ Աննայից տարբերվում է երեւի կերպարի որակով, ձեռնափայտով եւ արյան մեջ վիկոդինի քանակով, բայց երկուսն էլ ունեն մի կարեւոր հատկություն՝ նրանց ֆիլմերը սկիզբ ու վերջ չունեն, իսկ սցենարի հեղինակներն ամեն սերիայից առաջ մատից հոտ են քաշում, որ մի կերպ էլի  առաջ տանեն գործը: Եվ հենց այս անդադար ռիթմիկ գործողությունը կոչվում է սերիալ:

Իսկ ստեղծված բուրժուաքաղքենիական համաշխարհային իրավիճակում, երբ ամեն ինչի հիմքում դրված է շահույթը, սերիալներից հեշտ պրծում չկա: Քանի որ դրանք բավական էժան են, եթե նույնիսկ էժանագին չեն: Եվ կարեւորը` եթե հանկարծ «գործը կպնում է», եւ մարդիկ սկսում են նայել, սերիալը վերածվում է փող տպելու մեքենայի, քանի որ ռիթմով կրկնվող ընտանեկան իրադարձություն է դառնում՝ նույն ժամին, նույն հարազատ դեմքերը, կլանող անվերջ սյուժեն: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Ընդ որում՝ բազմակողմ երջանկություն է տիրում, բոլորը գոհ են, իսկ դժգոհները շատ ժամանակ չեն էլ տեսել կոնկրետ սերիալը եւ նայում են ուրիշ սերիալ (ոնց որ ես կյանքում չեմ տեսել «Ու՞ր է իմ տղամարդը» զուլում, ռեյտինգային սերիալը, փոխարենը նայում եմ «Doctor House»` ինձ համարելով սերիալների ոխերիմ թշնամի):

Երբ Սովետը կործանվեց, մի օր գերագույն դեպրեսիվ միտք ծագեց գլխիս մեջ. «Փաստորեն արդեն դատապարտված ենք գովազդի՝ այն լինելու է հավերժ եւ ճանապարհելու է մեզ մինչեւ դիահերձման ազատագրիչ արարողությունը» (երիտասարդներին ասեմ, որ սովետներում գովազդ հեռուստատեսությունով գրեթե չկար, երբ էլ լինում էր, մեզ շատ[[wysiwyg_imageupload:82:]] զվարճացնում էր): Անցան տարիներ, հասկացա, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ` հեռուստահաղորդումները եւ ֆիլմերը կարելի է դիտել շատ ավելի հանգիստ` օգտվելով յություբներից եւ տորենտներից:

Եվ հիմա գործը հասել է սերիալներին: Ավելի ճիշտ` հեռուստատեսության ձեւավորմանը: Այս պահին սերիալներից իրական փրկություն չկա, միեւնույն է, հիմնական զանգվածը նայելու է դրանք, հեռուստաընկերություններն էլ արտադրելու են: Եվ այս դեպքում դեպի ցանց փախչել չի լինի, քանի որ սերիալներ չնայելը չի ազատում դրանց ազդեցությունից. երբ շրջապատդ գտնվում է «Անբռնազբոսներ 3» սերիալի ազեցության տակ, դու ակամայից դառնում ես դրա զոհը:

Մնում է նստել, սպասել, թե մարդկությունը երբ շահախնդրությունից կշարժվի դեպի ավելի գեղեցիկ հատկանիշներ: Կամ էլ երբ հեռուստաջոջերը կգիտակցեն, որ իրենք ինչ-որ առումով պատասխանատու են ազգի դաստիարակության համար, եւ ամեն մի հիմարություն ռիթմիկ կրկնելը/ազգի գլուխները մխրճելը ամոթ է (էլ չասած, որ Ամմութի վտանգն էլ կա): Տեսնենք, թե որը ավելի շուտ կլինի. աշխարհը կփոխվի՞, թե՞ ՀՀ հեռուստաջոջերը:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?