2019.05.01,

Ստուգված է

Կեղծ կայքի կեղծ հաղորդագրությունը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Լուրը, թե կոնգրեսական Ադամ Շիֆի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Սաուդիան Արաբիայի դեսպան Ռիմա բինտ Բանդար ալ-Սաուդը խոստացել է ֆինանսապես աջակցել Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ կեղծ է։

Ինչ է կատարվել

Նման կեղծ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածել adamcshiff.com-ը։ Այս կեղծ և արդեն անհասանելի կայքը գրանցվել է հաղորդագրությունը տարածելուց երկու օր առաջ՝ ապրիլի 24-ին։ Այն Ադամ Շիֆի իրական կայքի հասցեից /adamschiff.com/ տարբերվում է ընդամենը մեկ սիմվոլի տեղադրման հաջորդականությամբ։ Սակայն, այս մոլորեցնող հասցեով կայքի խայծը կուլ են տվել բազմաթիվ լրատվամիջոցներ։

Այս կեղծ լուրի ստեղծման և շրջանառության մասին ապրիլի 30-ին հոդված է հրապարակել BuzzFeed News-ը։ Կայքը ուսումնասիրել է դեպքը և եզրակացրել, որ կեղծ  հաղորդագրությունը իրականում ստեղծվել է Ռուսաստանում։ Հենց այսպես էլ վերնագրված է BuzzFeed-ի հոդվածը։

Հոդվածագիր Ջեյն Լիտվինենկոն գրում է, որ կեղծ կայքի գրանցման տվյալները հասանելի չեն եղել, բայց հասանելի  ինֆորմացիան կարող է թույլ տալ հասկանալ, թե ովքեր են ստեղծել այն։

Հիմնավորելով եզրակացությունը, թե կեղծ լուրը ստեղծվել է Ռուսաստանում, BuzzFeed News գրում է, որ կեղծ հաղորդագրությունը հրապարակման հաջորդ օրը՝ առավոտյան, ռուսերեն թարգմանությամբ տեղադրվել է pravosudija.net բլոգում։ Այնուհետ, թարգմանության հեղինակ ներկայացած Սոֆյա Վառների անունից տեքստը էլեկտրոնային նամակով ուղարկվել է ռուսական լրատվամիջոցների։ Նման նամակը ստացել են նաև իրենք։

Թարգմանությունը մինչև այժմ էլ հասանելի է pravosudija.net-ում։

BuzzFeed News-ը գրում է, որ մամուլի հաղորդագրությունը գրված է եղել անբնական և քերականորեն ոչ ճիշտ անգլերենով։ Մինչդեռ լեզվական այս խնդիրները չեն նկատվում ռուսերեն տեքստում։

Կայքը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ մոլորեցնող հասցեով անգլալեզու կայքի կեղծ լուրը արագ թարգմանվում է ռուսերեն և տեղադրվում նույն pravosudija.net բլոգում։ Նման դեպքերի մասին նրանք գրել են երկու տարի առաջ, երբ նույն բլոգն առաջինն էր տեղադրում ռուսերեն թարգմանությունը կեղծ կայքերից, որոնք ներկայանում էին իբրև Դը Գարդիան, Դը Թայմս ով Լանդըն և Ալ Ջազիրա։

BuzzFeed News-ը մեջբերում է անում նաև Ադամ Շիֆի հայտարարությունից, թե հավանաբար այս կեղծ տեղեկատվության տարածման հետևում կանգնած են օտարերկրացիներ։

Կեղծ լուրը հայկական տիրույթում

Լուրի կեղծ լինելու մասին ապրիլի 30-ին գրում է Երկիր Մեդիա կայքը՝ հայցելով ընթերցողների ներողամտությունը։ Այդ մասին գրում է նաև aravot.am-ը, սակայն, ոչ թե ներողություն է խնդրում կեղծ լուր տարածելու համար, այլ պարզապես կայքից հեռացնում է այն։ Հրապարակված նյութի վերնագիրը կարելի է գտնել Գուգլ որոնողական համակարգում, որի հղումով այժմ այլ նյութ է տեղադրված։

Կեղծ լուրը տարածել էր նաև «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։ Նրանք նույնպես կայքից հեռացրել են հրապարակված լուրը և մայիսի 1-ի հրապարակմամբ հայցում են ընթերցողների ներողամտությունը։ Կայքը գրում է․  «Դեմոկրատական կոնգրեսական Ադամ Շիֆին վերագրվող կեղծ մամուլի հաղորդագրությունը թյուրիմացության մեջ է գցել հայաստանյան, արաբական և ռուսաստանյան բազմաթիվ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատության» հայկական ծառայությանը»:

«Ազատությունը» ներողություն է խնդրել ընթերցողներից և խոստացել «այսուհետ ավելի խստորեն մոտենալ տեղեկատվության աղբյուրների ստուգմանը՝ նման սխալները բացառելու համար»:

Թեև հաղորդագրության կեղծ լինելու մասին լուրն արդեն տարածվել է, բայց հայկական որոշ լրատվամիջոցներում հրապարակված հոդվածները դեռ հասանելի են նախնական տեսքով՝ առանց հերքման։

Լուրի մասին գրել է armtimes.com-ը՝ հղում անելով միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որն արդեն հեռացված է Ֆեյսբուքից։ Tert.am-ը հղում է անում Արմենպրեսին, որն էլ հղում է անում Շիֆի կեղծ պաշտոնական կայքին։ Նույն կայքին է հղում անում նաև ռուսալեզու arminfo.info գործակալությունը, verelq.am-ը։

Իսկ ankakh.com-ի նյութի աղբյուրը rusarminfo.ru-ին, որն էլ իր հերթին գրում է ադրբեջանական կայքերում լուրի առաջացրած արձագանքերի մասին։ Ի դեպ, կեղծ լուրը դարձել է մեծածավալ քննադատական-վերլուծական նյութի առիթ ադրբեջանական minval.az կայքի համար։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *