Հանրային հեռուստաընկերության անբռնազբոս լրագրող Արուս Տիգրանյանին այժմ կարելի է Հայաստանի ամենահայտնի լրագրողը համարել, քանի որ նրա մասին խոսում են, նրան քննարկում ու, ամենակարևորը, նրան նայում են:
Նայում են նույնիսկ նրանք, ովքեր վաղուց արդեն հեռուստաարտադրանքին ուշադրություն չեն դարձնում՝ համարելով այն հնացած, ուշացած ու լի կեղծ հնչերանգներով:
Արուս Տիգրանյանը, որը միամիտ, գլամուրային ու միաժամանակ քաջ ու ազատամիտ լրագրողի դիմակ է ստեղծել, իր լրագրողական քիթը «խոթում» է տարբեր միջավայրեր ու պսևդոպրովոկատիվ հարցեր տալիս, ինչի արդյունքում ստացվում են ծաղրական-հումորային ռեպորտաժներ, որոնք կցվում են հանրային հեռուստատեսության «Լավ երեկո» հաղորդաշարին:
Անմեղսունակ-խորամանկ լրագրողի կերպարը հանրային հեռուստատեսությունը բավականին արդյունավետ է շահագործում. Արուսիկ Տիգրանյանը եթերի առաջնագծում է:
Իրավիճակը սրվեց, երբ Արուս Տիգրանյանը գնաց քրեակատարողական հիմնարկ ու բանտարկված կանանց հարցուփորձ արեց հագուստի, երգերի ու տարբեր մանր կանացի հարցերի շուրջ: Եվ վերջում էլ ռուսերենով բանտային կյանքի մասին բանաստեղծություն կարդաց:
Նրա ստեղծած ռեպորտաժների շարքը կոչվում է «Արդարության հետքերով», ինչն, իհարկե, առավել ծիծաղելի է դարձնում թե՛ հենց լրագրողին, թե՛ արդարության ընկալումը:
Շատերը համարեցին, որ լրագրողը խախտել է սահմաններն ու ծաղրի ենթարկել չափազանց խոցելի վիճակում գտնվող դատապարտված կանանց: Ազատ խոսելը անազատության մեջ գտնվողների հետ ընկալվեց որպես էթիկական խախտում:
Չհամոզեց նաև այն բացատրությունը, որ «Արդարության հետքերով»-ը հումորային հաղորդում է (Հանրայինի ձևակերպմամբ՝ «ղժժալու համար») և ոչ արդար իրավիճակի նկարագրման փորձ:
Այլ հարց է, թե ինչու Հանրայինի եթերում չկան արդար իրավիճակի որոնման փորձեր ու ինչու են ճաղավանդակի հետևում գտնվող կանանց հարցնում միայն երգերի, ենթադրյալ զուգընկերների, ասմունքի ու կիսաշրջազգեստների մասին՝ ստեղծելով ուրախ, թեթև, տոնական պատրանք:
Եվ հետն էլ լսարանին հրավիրում են ծիծաղելու այդ ոչ շատ նրբաճաշակ ու խորաթափանց կանանց վրա (համենայնդեպս, այդպիսի տպավորություն թողնող մոնտաժի արդյունքում):
Հանրային հեռուստաընկերությունը, որպես հատուկ նշանակություն ունեցող ալիք, ունի իր քաղաքականությունը, և այդ քաղաքականությունը տարբեր է որպես ձևակերպում և որպես իրական բովանդակություն: Այսինքն` պետք է անի մի բան, անում է դրա նմանակումը:
Քանի որ հումորն իր բնույթով ամենաբարդ ու սուր ժանրերից է, այն ստիպված է իր վրա վերցնել հիմնական ասելիքի բեռը, եթե լուրջ վերլուծական հաղորդումները սակավաթիվ են, իսկ եղածներն էլ բարյացակամ են ու անատամ:
Հումորը չի կարող չլինել սուր, հակառակ դեպքում այն հումոր չէ, այլ ճիգ է:
Արուս Տիգրանյանն ու պրոդյուսերական խումբը, որոնք գնացել են անազատ կանանց մոտ ու նրանց ազատ հարցեր տվել, քաջ քայլ արած կլինեին, եթե գնային ավելի հեռու, զգեստներից ու երգերից դուրս գային, մտնեին մի դաշտ, որտեղ մտնելու համար ատամներ են պետք:
Բայց նրանց այս կիսաքայլ թեթև պատրանքը, և այն էլ կադրից դուրս տեղադրված ծիծաղով, ճիգ էր, որը հարց առաջացրեց՝ ինչու՞…
Ինչու՞ է այս «ղժժալու» ժանրը պետք Հանրայինին ու ինչու՞ է հենց դա պետք Հանրայինին:
Հարցեր հնչեցին տարբեր իրավապաշտպանների, լրագրողների ու լսարանի կողմից:
Դժգոհության ալիքը ու բարկացած մեկնաբանությունները, որոնք արվում էին Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում, «Հ1»-ը համառորեն ջնջում էր ու ամեն կերպ անտեսում էթիկական նուրբ հարցադրումները: Եվ այդպես հինգ օր շարունակ:
Բոլորը խոսում ու քննարկում էին, իսկ «Հ1»-ը շարունակում էր լռել զուգահեռ իրականության տիրույթում:
Եվ այդպես էլ լռեց մինչև արդարադատության նախարարը չհայտնեց իր կարծիքը, թե դա «անթույլատրելի արարք» էր:
«Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն ստացավ, իսկ անձամբ Արուս Տիգրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե վստահ է, որ դատապարտյալ կանանց չի վիրավորել, բայց «ներողություն է խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն»:
Արդյունքում Հանրայինը ջնջեց Յություբից այդ հանրահռչակված ռեպորտաժը, ու հարցը համարվեց փակված:
Ստացվեց, ինչպես հին հունական դրամաներում. ինչ-որ մեկը բարձր պաշտոնական դիրքից մատ թափ տվեց՝ ներկայանալով փրկչի (կամ արդարի) դերում, ու բոլորը հանդարտվեցին:
Արդյունքում Արուս Տիգրանյանը դարձավ ամենահայտնի լրագրողը, որը ռեպորտաժներ է անում «ինչ-որ մեկի» համար, որի «փոխարեն» վիրավորվում են բոլորովին ուրիշները:
Այս պատմությունը թողեց հետք, որը փորձենք ներկայացնել մի քանի կետերով:
ա) Երբ արդարադատության նախարարն ասում է, որ այս ռեպորտաժը «Հ1»-ի արդեն «երկրորդ բացթողումն» է (ընդ որում՝ չասելով, թե որն էր առաջինը), ապա լսարանի մոտ ստեղծվում է տպավորություն, որ «բացթողումները» երկուսն են եղել և կան:
Այդ դեպքում սպասելի է, որ յուրաքանչյուր նախարարություն, քաղաքացիական նախաձեռնություն, իրավապաշտպան, էթիկական ու մշակութաբանական միավորում իր հերթին ներկայացնի բացթողումների ցանկերը, որպեսզի պարզ լինի, թե ինչը այն չէ Հանրայինի քաղաքականության մեջ:
բ) Եթե ալիքը ուզում է, որ հաղորդումը կայանա (և այն էլ հատուկ նշանակության դիրքերից), պիտի դիմադրի:
Զվարճալի, հումորային հաղորդումների ֆորմատը չի կայանա, եթե ալիքը հրաժարվի իր ստեղծած ռեպորտաժներից ու հանի դրանք իր կայքից: Ի վերջո, Հանրայինը մշակել է իր եթերացանցը, գիտի հանրային սպասելիքները ու հաշվարկել է, որ «ղժժալը» լավ է: Եվ պիտի կարողանա այդ լավ լինելու փաստը ապացուցել արդեն ավելի խորաթափանց դիրքերից:
Օրինակ` համոզել, որ զվարճացնելու կլիշեով արված շոուների նկարահանումն ավելի նախընտրելի է, քան հետաքննությունները: Համոզումը կարող է տեղի ունենալ ռեյթինգներով: Ասենք` դատապարտյալ կանայք կարող են մեկ անգամ էլ հայտնվել Հանրայինի եթերում ու խոսել արդեն ոչ թե լրագրողի առաջարկած ոճով, այլ հենց իրենց անունից ու իրենց ցավերից:
գ) Երբ Հանրայինը խոստովանում է, որ խախտել է էթիկական նորմերը, ցանկալի է իմանալ, թե որտեղ կարելի է ծանոթանալ Հանրայինի էթիկայի կանոնակարգին: Եթե այն իրոք կա, ապա ներողություն պիտի խնդրի ոչ թե լրագրողը, այլ պրոդյուսերը, այսինքն` քաղաքականության պահապանը: Նաև հայտնի, թե ինչ է նախատեսվում սոցիալական մեդիայում արձագանքները մոդեռացնելու դեպքում, երբ գրվում են ոչ թե վիրավորանքներ, այլ գրագետ ձևակերպված բացասական կարծիքներ:
Եթե Հանրայինը չունի էթիկայի կանոնակարգ, ուրեմն ոչ մի բան էլ չի խախտել, և բնավ էլ ներողություն խնդրելու կարիք չունի:
ե) Եվ վերջում. այս պատմության արդյունքում լրագրող Արուս Տիգրանյանը ձեռք բերեց համբավ: Ինչ էլ որ նա անի հետագայում, առաջին հերթին հիշվելու է որպես բանտային թեման անհաջող լուսաբանող ու ռուսերեն բանտային երգերի գիտակ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: