Վանաձորում թերթերը պատրաստ են քաղաքական գովազդ հրապարակել

23.03.2012, Նյուսրում

Վանաձորում տպագրվող երկու թերթերը՝ «Վանաձորյան խճանկարն» ու «Լոռու մարզը», չեն ակնկալում, որ մեծ գումարներ կաշխատեն նախընտրական ժամանակաշրջանում: Թերթերում պատրաստ են «առանց խտրականության» տպագրել քաղաքական գովազդները, եթե, ինչպես «Լոռու մարզ» թերթի խմբագիր Մավել Միկոյանն է ասում, «բարեհաճեն գովազդ տալ» իրենց:

Թերթերի ղեկավարները որոշել են չտարբերակել քաղաքական եւ առեւտային գովազդը: Գնային տարբերություն չի լինի: «Գովազդը գովազդ է: Ինչ կապ ունի Կոկա-կոլայի շիշ է դրած, թե մեկի սֆաթն է դրած. ինչ տարբերություն: Եթե Նոր տարի է գալիս, գովազդում են, որ Նոր տարվա ապրանքներ վաճառեն, ընտրությունների ժամանակ էլ ուզում են իրենց ձայները ձեռք բերեն, դրա գովազդն է գնում»,- ասում է «Վանաձորյան խճանկարի» տնօրեն Հայկազ Սիմիկյանը:

«Լոռու մարզում» մեկ էջ գովազդի գինը 100 հազար դրամ է, «Վանաձորյան խճանկարում» 1 սմ2 գովազդը հաշվարկվում է 60 դրամ:

«Վանաձորյան Խճանակարում» այս տարի նախատեսում են քաղաքական գովազդը տարածել ներդիրով, որպեսզի թերթն ամբողջությամբ չվերածվի գովազդի, և այն ընթերցողին հետաքրքրող մյուս թեմաների ծավալը չնվազի: Օրենքով գովազդը չպետք է գերազանցի թերթի ամբողջ ծավալի 20%-ը:  Լրացուցիչ գովազդի պատվերի դեպքում թերթը ստիպված պետք է ավելի մեծ ծավալով տպագրվի:

2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին «Վանաձորյան Խճանակարում» նաեւ քաղաքում առաջադրված թեկնածուների մասին պատմող տեղեկատվական նյութեր են հրապարակվել:  Թերթն իր երկու համարներում ներկայացրել է մարզի թեկնածուներին`ըստ ընտրատեղամասերի: Բոլորին միևնույն հարցերն են տրվել` կենցաղայինից մինչև քաղաքական ծրագրերը: Այս անգամ էլ նախատեսում են վանաձորցիներին ներկայացնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին եւ նրանց ծրագրերը:

Սակայն, ինչպես Հայկազ Սիմիկյանն է նկատում, նախընտրականները տարվա ամենավատ վաճառված համարներն են եղել: «Թերթի երեսին դրեցինք թեկնածուների նկարները, տեսան չառան»,-ասում է Հայկազ Սիմիկյանը:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?