Ինչպե՞ս աշխատել նեղ պայմաններում. ապագան այլընտրանքային ռեսուրսներինն է

09.02.2011, Նյուսրում

Մենք չենք կարող փոխել ինչ-որ բան հեռուստատեսություններում, եթե ինչ-որ բան չփոխենք մեր երկրում: Այս կարծիքը հայտնեցին այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած  «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում» թեմայով քննարկման բանախոսները՝ անդրադառնալով Հայաստանում լրատվամիջոցների ազատության և ստեղծված պայմաններում գործունեության հնարավորությունների խնդիրներին:

«Մեր երկրի քաղաքական դաշտը սարսափելի անկայուն վիճակում է գտնվում: Եւ այս ամենը, ինչ հիմա ունենք նաեւ ԶԼՄ-ներում, հարցի երկրորդական կողմն է: Առաջնահերթ պետք է կայունանա մեր քաղաքական վիճակը: Այսպիսի պայմաններում սպասել, թե լրատվամիջոցները կսկսեն ինչ-որ պայքար, ինձ թվում է՝ սխալ է:  Ամեն մի լրատվամիջոց, Հայաստանում բնակվող ամեն մեկը պետք է անի այն, ինչ իրենից պահանջվում է, ու անի լավ, ինչպես որ իրեն հուշում է իր խիղճը»,- ասաց Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը:

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը նկատեց՝ խնիրն այն է, որ լրատվական դաշտը չի կարող սպասել մինչեւ երկիրը կայանա, քանի որ երկիրը չի կայանա առանց նորմալ տեղեկատվական դաշտի:

«Երբ խորանում ես այս  հարցում, գալիս ես հավի ու ձվի առաջնահերթության մասին հայտնի վեճին: Ելքն այն է, որ իրար կայանալով կայացնել, միասին, որպեսզի բոլոր ոլորտները փորձեն կայանալ»,- ավելացրեց նա:

Բանախոսները փաստեցին, որ Հայաստանի բնակչության գրեթե 80 տոկոսը տեղեկատվություն ստանում է հեռուստաեթերից, որն ամբողջությամբ վերահսկվում է իշխանությունների կողմից: Նրանք նշեցին, որ ապագան ինտերնետինն է, որի վրա դեռ վերահսկողություն չի սահմանվել, թեեւ Հայաստանում դեռեւս ինտերնետային հասանելիության խնդիր կա:

«Դեռ ճանապարհ կա մինչեւ այն պահը, երբ ինտերնետը Հայաստանում գոնե որոշ չափով դուրս կմղի հեռուստատեսությունը, որովհետեւ ինտերնետը Հայաստանում առաջին հերթին բավական թանկ է. տանն ունենալ երեք-չորս մեգաբիտ վայրկյան ինտերնետ եւ հնարավորություն շատ արագ դիտել լրատվական կայքերի մատուցած տեսանյութերը, շատերը չունեն»,- ասաց Epress ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը:

 

 

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?