2020.01.20,

Նյուսրում

Մամուլի շենքն ու խմբագրությունները հրդեհից հետո

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Մամուլի շենքում տեղակայված լրատվամիջոցների մի մասի աշխատանքը կաթվածահար է եղել հունվարի 18-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:  

Հրդեհը բռնկվել է առաջին հարկում՝ էլեկտրական վահանակների 15 քմ տարածք ունեցող սենյակից և հորանով բարձրարցել մինչև 8-րդ հարկ: Վնասվել են այդ սենյակի ապահովիչները, հոսանքի լարերը, մնացած գույքը, ինչպես նաև «Նովոյե Վրեմյա»-ի խմբագրության առաստաղի մի մասը և մեկ դուռ: 

Շենքն ամբողջովին հոսանքազրկվել է։ Խմբագրությունների մի մասը փակ են, չեն կարողանում աշխատել։ Բաց էր ամենաշատը տուժած «Նովոյե Վրեմյա»-ի խմբագրությունը, որտեղ և հնարավոր եղավ տեսնել և լուսանկարել հրդեհի հետևանքները: 

Էլեկտրական վահանակների սենյակը, որտեղից բռնկվել է հրդեհը

Թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանն ասում է, որ անհնար է աշխատել առանց հոսանքի․  «Մեր աշխատանքն այս պահին դադարեցված է, դեռ պարզ չէ, թե երբ է վերականգնվելու հոսանքի մատակարարումը: Գովազդային պարտավորություններ և հայտարարություններ ունենք, որոնք չենք կարողանա կատարել»։

«Նովոյե Վրեմյա»-ն Մամուլի շենքում աշխատում է վարձակալության  պայմանագրով, ունի մոտ 20 աշխատողներ, որոնցից միայն մի քանիսն էին այսօր եկել աշխատանքի։

Խմբագրության մի հատվածում առաստաղը վնասված է, հատակը խոնավ, պատերի մի մասը ծխից սևացած: Խմբագիրն ասում է, որ դեռ պարզ չէ, ովքեր և ինչպես են վերանորոգելու վնասված հատվածը:

«Նովոյե Վրեմյա»-ի խմբագրությունը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Media.am-ին ասաց, որ ամեն ինչ անում են, որպեսզի շենքում հոսանքի հարցը լուծվի, մինչ այդ՝ հունվարի 18-ին, մաքրել են հրդեհի մարման հետևանքով առաջացած աղբը:

«Մենք չենք խուսափում քննարկել և տրամադրել գույքային վնասի հատուցում, պարզապես հիմա գնում ենք փուլային տարբերակով, նախ փորձում ենք վերականգնել էլեկտրամատակարարումը, հետո անցնել մնացած հարցերին»,-ասում է Բաբայանը:

«Նովոյե Վրեմյա»-ի խմբագրությանն անմիջապես հրդեհից հետո, հունվարի 18-ին։ Լուսանկարը տրամադրել է խմբագրությունը։

«Առավոտ» օրաթերթի տնօրեն Գարիկ Մելքոնյանն ասում է, որ խմբագրությունն իր միջոցներով շարժական էլեկտրասնուցիչ կայան է բերելու, որ կարողանա առաջիկա օրերին աշխատել սովորական ռիթմով ու հրապարակվել: 

Իսկ կայքի լրագրողներն իրենց աշխատանքն անում են խմբագրությունից դուրս՝ մինչ հոսանքի մատակարարման վերականգնումն ու խմբագրության բնականոն աշխատանքի անցումը: 

Գայանե Ասրյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *