Վանաձորյան եթերում նախընտրական քաղաքական գովազդ չի լինի

12.03.2012, Նյուսրում

Վանաձորում գործող հեռուստաընկերություններից ոչ մեկը չի սահմանել ապրիլի 8-ից մեկնարկող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական գովազդի սակագին:

Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հարությունյանն ասում է, որ քաղաքական գովազդ հեռարձակելն իրենց ֆինանսապես ձեռնտու չէ: «Գործող օրինակարգով երբ հաշվարկներն անում ենք, եկամտաբերություն համարյա թե չկա»,-ասում է Սամվել Հարությունյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի`վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա ընթացքում առևտրային գովազդի միջին գինը և չի կարող փոփոխվել մինչև քարոզչության ավարտը:

«Եթե մեկ րոպեի գովազդի միջին գինը վերջին 6 ամսվա ընթացքում 1000 դրամ է, մեկ ժամ քաղաքական եթերը պետք է վաճառես 60 հազարով: Իսկ ուղիղ եթերին մոտավորապես 5-6 աշխատող պետք է պարտադիր մասնակցի: Այդ 60 հազարը պետք է բաշխվի աշխատողների միջև: Նրանց աշխատավարձը, մեկ ժամվա ծախսված էլեկտրաէներգիան և մյուս ծախսերը գումարելով` գնային ոչ ճիշտ հարաբերակցություն է ստացվում»,- բացատրում է «Միգի» տնօրենը:

Նա հաշվարկել է եւ որոշել է քաղաքական գովազդ չհեռարձակել։  Հարությունյանը հերքում է խոսակցությունները, թե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է (ՀՌԱՀ) հրահանգել մարզային հեռուստաընկերություններին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի սակագին չսահմանել:

«Շատ լավ համագործակցում ենք ՀՌԱՀ-ի հետ, վերջինս հիշեցումներ է անում բոլոր օրենքների և օրինակարգերի հետ կապված, որոնք առնչվում են հեռուստաընկերությունների գործունեության հետ»,- ասում է «Միգ»-ի տնօրենը:

«Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը նույնպես նշում է, որ նախընտրական քարոզարշավին չեն մասնակցելու, քանի որ եթերի համար բարձր գին չէին կարող սահմանել։ Նա ասում է, որ «Ֆորտունայի» առևտրային գովազդի գինն առայժմ ցածր է`դրանով վճարովի քաղաքական եթերաժամի եկամտաբեր գին հաշվարկելու եւ հայտարարելու համար:

Վանաձորի երրորդ՝ «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը գերադասեց զերծ մնալ  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մասին մեկնաբանություններից:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?