2019.10.16,

Ստուգված է

«Աննախադեպ դավադրություն»․ ինչու՞ էր բացակայում Արցախի դրոշը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հոկտեմբերի 15-ին կայացած Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպմանը հաջորդեցին բուռն քննարկումներ Արցախի դրոշի բացակայության և Փաշինյանի ողջույնի խոսքի վերաբերյալ՝ իբրև թե նա Արցախի նապագահին «մարզպետ» է անվանել։

Արցախի դրոշը չկար, իսկ Բակո Սահակյանը «մարզպետ» էր

7or.am լրատվավերլուծական կայքի խմբագիր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում «շոկային դրվագ» է անվանել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպման ընթացքում Արցախի դրոշի բացակայությունը։

Մանուկյանը նաև հավելել է․ «Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանին անվանեց Արցախի մարզպետ, ասելով՝ հարգելի պարոն նախագա՛հ, հարգելի մարզպե՛տ․․․»։

Մանուկյանի գրառումը վերատպեց Hayeli.am կայքը։ Խմբագրի գրառումը վերատպեց նաև 7or.am-ը։

Դրոշի բացակայության վերաբերյալ արտահայտվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողը այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել» է տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը»:

Արցախի դրոշի բացակայությանը անդրադարձավ նաև Հանրային ռադիոյի նախկին փոխտնօրեն, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը, զարմանք հայտնելով, թե «[ի]նչու Բակո Սահակյանը չի լքել սենյակը սեփական երկրի դրոշի բացակայությամբ»։

Դրոշի բացակայության մասին գրառումները մանիպուլյատիվ են

Պաշտոնական հանդիպումների ժամանակ դրոշի դրվելու կամ չդրվելու հարցը սահմանվում է արարողակարգով։

Այս դեպքում Արցախի դրոշի տեղադրումը արարողակարգով սահմանված չէ, ինչի պատճառով էլ դրոշը բացակայում էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի՝ նույն ձևաչափով Արցախի նախագահի հետ հանդիպումների ժամանակ։ Ընդ որում, Կարեն Կարապետյանի հանդիպման նկարում կարելի է տեսնել որ արարողակարգում փոփոխություն է տեղի ունեցել․ դրոշը դրվել ոչ թե մեջտեղում, այլ ՀՀ ներկայացուցչի ետևում։

Մանիպուլյատիվ է նաև պնդումն այն մասին, որ Փաշինյանը Սահակյանին անվանել է «մարզպետ»։

Փաշինյանի ողջույնի նախադասության վերջին բառը տեսագրության մեջ լավ չի լսվում․ անհասկանալի է, թե ինչ է ասում վարչապետը։ Քանի որ ձայնի որակը ցածր է, կարելի է ենթադրություններ կառուցել՝ հնչյունները նմանեցնելով այս կամ այն բառին։

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ Փաշինյանի խոսքը սկսվում է այսպես․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան»։

Civilnet.am-ին տված մեկնաբանությունում վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքել է Սահակյանին «մարզպետ» անվանելու մասին պնդումը։ Կարապետյանի մեկնաբանությունից հետո Civilnet.am-ը հեռացրել է այս թեմայով նախորդ հոդվածը և հրապարակել ձայնագրության մշակված տարբերակը, որտեղ կարելի է լսել «Հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան» բառերը։

«Աննախադեպ դավադրություն»

Դժվար լսելի ձայնագրություններում այս կամ այն խոսքեր գտնելու մասին թեզերը նոր չեն։

20-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում ակտիվորեն տարածվում էին ասեկոսեներ այն մասին, որ ռոք երգերի սկավառակները ձայնարկիչի վրա «թարս» նվագելուց կարելի է լսել Սատանայի մասին թաքնված տողեր։

Օրինակ, Led Zeppelin խմբի հայտնի Stairway to Heaven երգում փորձում էին գտնել «My sweet Satan» («Իմ քաղցր Սատանա») բառերը, ինչի մասին տպվում էին գրքեր և նկարահանվում հեռուստահաղորդումներ։

Հատկանշական է, որ ամեն անգամ ունկնդիրներին հաջողվում էր այս բառերը լսել միայն երբ լսելուց առաջ հաղորդավարը հուշում էր, որ ասվում է «My sweet Satan»․ այսպես ուղեղը անհասկանալի հնչյունները դասավորում էր թարմ ու ծանոթ սխեմայով։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *