Ռադիոհեռարձակում տնից կամ ILove ArmCoRadio

17.11.2017, Նյուսրում

Լրագրող

Համացանցը հնարավորություն է տալիս առանց ավելորդ տարածք վարձակալելու, մեծ աշխատակազմ պահելու, լիցենզավորման հետ կապված բարդ գործընթացների և ավելորդ ծախսերի՝ ստեղծել ռադիոկայան, այս դեպքում՝ օնլայն, ունենալ տեսականորեն ավելի մեծ լսարան, քան FМ տիրույթում է:

Imusic.am-ը Հայաստանի առաջին օնլայն ռադիոներից է, եթե ոչ ամենաառաջինը: Մելոմանները կհիշեն iLyovMusic.mp3-ն: Այն սիրողական նախագծից վերածվել է միջազգային ցանցում առաջատարի:

Imusic.am-ի հիմնադիր Լեւոն Նաղաշյանն ասում է, որ նախագիծը 7 տարվա ընթացքում հարստացրել է ձայնադարանը, հասել մոտ 5 միլիոն ձայնագրության: Մինչև 2018 թվականը, ըստ Նաղաշյանի, այդ թիվը կհասնի 14-15 միլիոնի: Այդ նպատակով բանակցություններ են ընթանում SONY, Warner Brothers եւ Universal ընկերությունների հետ:

Իսկ այս ընթացքում ռադիոյի ձայնադարանը համալրվել է առաջին հերթին բաժանորդների օգնությամբ, ինչպես նաև հենց հեղինակների կամ կատարողների նվիրատվություններով:

Լեւոն Նաղաշյանը մելոման է: Imusic նախագիծը նրա էնտուզիազմի արդյունքն է: «Հարմար բան չկար լսելու: Ես էլ երաժշտության հանդեպ թուլություն ունեմ: Ինքս սկսեցի կայք գրել: 2011 թվականին արդեն բավականին մեծ արձագանքներ ունեցանք: Մենք այդ տարի ստեղծեցինք մեր ֆիրման՝ «Նաղաշյան սոլուշնսը», որի եկամուտների մի մասը գնում էր Imusic-ի զարգացմանը: 2013 թվականին դարձանք միջազգային մեծ նախագծերին արժանի մրցակից»,-պատմում է Լեւոն Նաղաշյանը:

IMusic-ը շատ մատչելի կառուցվածք ունի: Այն, ինչ հեռարձակվում է, կայքում միշտ է հասանելի: Կայքն ունի բաժիններ՝ ռադիո, որն իր հերթին մի քանի ուղղություններ ունի, մելոման, երաժշտություն, որտեղ ըստ ոճերի եւ ըստ կատարողների հնարավոր է գտնել միլիոնավոր ձայնագրություններ: Կայքում գրանցվելու պարագայում հնարավոր է հավաքել նախընտրելի ձայնագրությունների սեփական հավաքածուն և այլն:   

Imusic-ում երաժշտությունը ցենզուրայի է ենթարկվում: Լևոն Նաղաշյանն ասում է, որ բազմաթիվ արտիստներ և ալբոմներ դուրս են մնացել իրենց ձայնադարանից, քանի որ դրանք չեն համապատասխանել հարթակի երաժշտական բնույթին:

Օնլայն եթերը կարգավորում է արհեստական ինտելեկտը՝ հաշվի առնելով ունկնդրումները: Այսինքն, պայմանավորված նրանով, թե կայքում ռադիոլսողներն ինչ են փնտրում, արհեստական ինտելեկտը ձևավորում է ուղիղ եթերը:

Հիմնադրումից մոտ 10 տարի անց, Imusic-ը զարգանում է բիզնես-նախագծի տրամաբանությամբ, գնում է ինովացիաների: Android և iOS համակարգերի համար ստեղծվել է հավելված, շուտով հնարավոր կլինի դառնալ հավելվածի Premium բաժանորդ և օֆլայն ունկնդրելու հնարավորություն ունենալ:

IMusic-ը բավականին ծախսատար նախագիծ է: Մեծ գումարներ են ծախսվում հատկապես թրաֆիկի համար:

Լևոն Նաղաշյանն ասում է, որ 10 տարիների ընթացքում Imusic-ի 40 հազար բաժանորդներից ոչ ոք չի դադարեցրել բաժանորդագրությունը: Օրվա այցելությունների թիվը հասնում է մոտ 8000-ի: Ընդ որում՝ կայքի գովազդի վրա ծախսվել է ընդամենը 5 ամերիկյան դոլար:

Օնլայն ռադիոծրագրերի մի փունջ ստեղծվեց կարճ ժամանակում, 2016 թվականին, microwav հարթակում: Միկրովեյվ պրոյեկտը (microwav.fm), որը ֆինանսավորվել է շվեդական Sida (Swedish International Development Agency) ընկերության կողմից, անկախ, անկուսակցական, միջազգային, երիտասարդական ուղղվածություն ունեցող ռադիո հարթակ է, որը նախատեսում է հավասար մասնակցություն ամբողջ Հարավային Կովկասում։

Մարդու իրավունքների, ազատության, ժողովրդավարության, գլոբալ խնդիրները և հասարակությանը հուզող թեմաները քննարկվում են նախագծի շրջանակներում ստեղծված մի քանի օնլայն ռադիոկայանների եթերում:

Դիլիջանում գործող առաջին երիտասարդական առցանց ռադիոկայանը Դիլի ռադիոն է: Հաղորդումները պատրաստում են Դիլիջանի համայնքային կենտրոնի երիտասարդները` լուսաբանելով քաղաքային կյանքի առանձին դրվագներ:

Օնլայն ռադիոն ավելի շատ մասնագիտական վերլուծություններ, փորձագիտական կարծիքներ, վիճակագրություն,  բանավեճեր, լրատվություն եւ երաժշտություն է տարածում:

Ռադիո Ազալիան շուրջօրյա ռադիոկայան է, որը բացի երաժշտությունը, հնչեցնում է նաև հաղորդումներ սոցիալական ու բնապահպանական խնդիրների մասին։

Կանանց ձայն ռադիոն վարում է Կանանց Ռեսուրսային կենտրոնը: Ռադիոյի նպատակն է տարբեր ոլորտներում աջակցել կանանց։

«Երիտասարդությունը հանուն երիտասարդության» մեդիա կենտրոնը հարթակ է, որը ինտերնետային ռադիոյից զատ նաև առցանց հեռուստատեսություն է:

Որոշ ռադիոծրագրեր կայքում հրապարակում են հաղորդումների պոդքաստները: Ծրագիրը հնարավորություն է տվել հատկապես մարզերում ստեղծել ռադիոկայաններ, դրանք օգտագործելով որպես քննարկումների հարթակ:

Հայաստանում գործունեությունը վերջերս սկսած ռադիոկայաններից մեկը Հայաստանի կոմպոզիտորների միության և «Էգեոն» երաժշտական խմբի համատեղ գործարկած ArmCoRadio-ն է, որի ստեղծման նպատակն առաջին հերթին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները պրոպագանդելն է:

Եթերում հնչում է դասական, ջազ, ժողովրդական, փոփ ժանրերի որակյալ երաժշտություն։ Ռադիոյի ֆոնդը հարստացնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Անգամ թվայնացվում է կոմպոզիտորների միության ֆոնդը, ռադիոյին փոխանցելու նպատակով:

ArmCoRadio-ի հեռարձակումն իրականացվում է «Էգեոն» երաժշտական խմբի համահիմնադիր, կոմպոզիտոր Արեգ Պանյանի երեւանյան բնակարանից: Արեգ Պանյանը եւ նրա կինը՝ երգչուհի Զարուհի Միկոյանը, ավելի քան 3000 ամերիկյան դոլարի ներդրում են կատարել, ակնկալելով, որ հետագայում ArmCoRadio-ն կդառնա հաջողակ բիզնես նախագիծ:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?