2019.04.10,

Ստուգված է

Չկա հրապարակված օրակարգ, չկա օրակարգի խախտում

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 5-ին տրանսգենդեր կնոջ ելույթը ԱԺ ամբիոնից ցնցեց նիստը նախագահող ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումները ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ էր անցկացվում՝ ՄԱԿ-ի ու ՄԻՊ գրասենյակի աջակցությամբ։ Հանձնաժողովը նախագահում է Նաիրա Զոհրաբյանը։

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման թիրախում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններում մարդու իրավունքներին առնչվող արձանագրություններն են։ Մարդու իրավունքների խորհուրդը հնարավորություն է տալիս պետություններին ներկայացնելու, թե ինչ քայլեր են ձեռնարկել մարդու իրավունքների վիճակը բարելավելու և այս ոլորտում իրենց պարտականությունների կատարման համար։

Ի՞նչ եղավ ԱԺ ամբիոնի մոտ

Ելույթ ունեցող տրանսգենդեր կինը Լիլիթ Մարտիրոսյանն էր՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահը։ Նրա ելույթը մարդու իրավունքների թեմայով էր՝ տրանսգենդերների համայնքի խնդիրների մասին։ Լիլիթը խոսում էր տարատեսակ ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական, տնտեսական բռնության ենթարկված տրանսգենդերների անունից, ներկայացնում թվեր՝ մինչև 2018 թվականն իրենց ՀԿ-ն փաստագրել է 283 բռնության դեպք տրանսգենդերների նկատմամբ։ Նրա խոսքով այդ դեպքերի չնչին մասն է ոստիկանությունում և այլ պատկան մարմիններում ընդունվել վարույթի։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահը խոսում էր նաև այն մասին, որ ֆիզիկական բռնության և հետապնդումների են ենթարկվում տրանսգենդերների հարցերով զբաղվող իրավապաշտպանները: Նա կոչ է անում ձեռնմուխ լինել գենդերային հավասարության հաստատմանը, մարդու իրավունքների ապահովմանն ու նպատակադրված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը։

Այս ելույթին նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանը վրդովված է արձագանքում։ Հայտարարում է, որ ելույթը նիստի օրակարգում չի տեղավորում ու եզրակացնում․ «Ձեր իրավուքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք ունենք այսօր հստակ օրակարգ և դուք խախտել եք այդ օրակարգը։ Ես սա համարում եմ ուղղակի անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի, մարդու իրավունքրի պաշտպանության, մարդու իրավունքերի և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»։

Զոհրաբյանի փաստարկը

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ լսումների օրակարգում 3 թեմա կար՝ դատաիրավական համակարգի, հաշմանդամություն ունեցող անձանց և մանկատների երեխաների խնդիրները։ Զոհրաբյանը պնդում է, որ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքը օրակարգից դուրս է եղել։

Հետագայում, medialab.am-ին տված հարցազրույցում, Զոհրաբյանն իր վրդովմունքն այսպես է բացատրում․ «Ես այնպիսի շոկի մեջ էի, որ նույնիսկ որևէ բառ չեմ լսել, թե ինքն ինչի մասին է խոսում: Նախ՝ առաջին անգամ էի նման սուբյեկտ տեսնում իմ ողջ գիտակցական կյանքում, երկրորդ՝ շատ վիրավորված էի, որ որոշ պատգամավորներ փորձեցին շատ կարևոր լսումը վերածել էպատաժի»։

Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի բովանդակությունը չլսած Զոհրաբյանն ասում է, որ ելույթի բովանդակությունն օրակարգին չի համապատասխանում։

Հակափաստարկներ Զոհրաբյանի փաստարկին

Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը օրակարգի թեմաներով չէր, միանշանակ չընդունվեց։

1․ ԼԳԲՏ համայնքի հարցերով զբաղվող Փինք իրավապաշտպան ՀԿ-ն և մի քանի այլ ՀԿ-ներ հաղորդագրություն տարածեցին, որ խորհրդարանական լսումների վերաբերյալ նախապես տարածված հաղորդագրություններում և օրակարգում նման թեմատիկ սահմանափակում նախատեսված չի եղել։

«Դեռ ավելին, օրակարգային հարցերի մեջ ներառված էր նաև խտրականության արգելքի սկզբունքի ամրապնդման հարցը, որին լիարժեք համապատասխանում էր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը», – ասված է հաղորդագրության մեջ։

2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն էլ արձագանքեց այս դեպքին` իր Ֆեյսբուքյան էջում գրելով․ «Մասնագիտական դիտարկում․ Երեկ խորհրդարանական լսումներում տրանսգենդերի բարձրացրած հարցն ամբողջությամբ տեղավորովում է լսումների օրակարգի՝ «դատաիրավական բարեփոխումներ» հարցի շրջանակներում»։

Մեկնաբանություններում էլ լրացնում է․ «Եթե մենք չենք ուզում, որ պաշտպանված լինի մարդկանց որևէ խմբի իրավունք, ապա անհրաժեշտ է Սահմանադրությամբ ֆիքսել դա»։

3․ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից Զարուհի Հովհաննիսյան էլ Ֆեյսբուքում հրապարակում է արել, պնդելով, որ թեմատիկ սահմանափակումներ չեն եղել։

4․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ապրիլի 8-ի ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանը ստում է, որ հանձնաժողովը հստակ թեմաներ է հաստատել լսումների օրակարգի համար։ Կարապետյանն ասաց, որ առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, լսումներից օրեր առաջ էլ կայքից հեռացվել։

«Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով։ Հենց ստացա առանց իմ և հանձնաժողովի մյուս անդամների համաձայնությամբ փոխված օրակարգը, այցելեցի հանձնաժողովի քարտուղարություն և հորդորեցի լսումների համար գրանցված բոլոր հասարակական կազմակերպություններին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը։ Դա չարվեց», – իր ելույթում ասում է Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը բացատրում է, քանի որ գրանցման պահին թեմաներ չկային, ուստի սուտ է այն պնդումը, թե ՀԿ-ներին հորդորվել է գրացնվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պիտի ունենան։ Ասում է նաև, որ թեմատիկ օրակարգն առաջին անգամ նրանք տեսել են ԱԺ դահլիճում։

5. ԱԺ լսումների թեմատիկան նկարագրում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ այնտեղ հնչեցրած խոսքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության «Սվիտալսկին ԵՄ-ի համար առանցքային ուղղություններից առանձնացրել է գենդերային հավասարությանը, կանանց դերի բարձրացմանը, աշխատանքային եւ սոցիալական իրավունքների իրացմանը վերաբերող խնդիրները»: ԵՄ դեսպանի խոսքը  ընդհանրապես չի համապատասխանում Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգին և ընդգծում է լսումների՝ շատ ավելի լայն թեմատիկան։

Եզրակացություն

Ազգային ժողովի կայքում, իսկապես, չկա ապրիլի 5-ի նիստի օրակարգը։ Կա միայն լսումների մասին հայտարարությունը՝ հրապարակված մարտի 15-ին, որտեղ չի հստակեցվում օրակարգը և չի նշվում թեմատիկ սահմանափակումների մասին։

Փոփոխված օրակարգը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հասանելի է եղել միայն լսումների օրը։ Եթե անգամ ընդունենք օրակարգային թեմաների սահմանափակումը, մասնագիտական դիտարկումները պնդում են, որ այդ դեպքում էլ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը լսումների օրակարգում տեղավորվում է։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *