2012.09.14,

Քննադատ

Մեդիաքաոս․ ինչ՞ անել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Կար ժամանակ, երբ լրատվամիջոցները հստակ բաժանվում էին հեռուստաընկերությունների, տպագիր մամուլի, ռադիոկայանների եւ այլն։ Այդ ժամանակ ամեն ինչը շատ պարզ ու հասկանալի էր; Մարդն ընտրում էր իր ուզած թերթը, ալիքը եւ մոտավորապես գիտեր, թե իր ընտրածից բացի էլ ինչ թերթեր եւ ալիքներ կան, որոնք ինքը չի կարդում եւ չի դիտում՝ ելնելով տարբեր հանգամանքներից:

Սակայն արդեն մեկ-երկու տարի է, ինչ Հայաստանում ամեն ինչ փոխվել է։ Արդեն բոլորիս համար զարմանալի չէ, որ տպագիր թերթը կարող է ունենալ ցանցային հեռուստահաղորդում։ Նույնիսկ հակառակը՝ շատերը զարմանում են, որ դեռ խմբագրություններ կան, որոնք դժվարությամբ են ընտելանում նման բազմակողմանի ֆորմատների կիրառմանը։ Նոր մամուլի ձեւաչափը, որը պարտադրեց համացանցը, լղոզեց լրատվամիջոցի սահմանները:

Մյուս կողմից՝ հենց ցանցային տարրի ուժեղացումը նոր իրավիճակ ստեղծեց։ Բոլոր լրատվամիջոցները հայտնվեցին մեկ մրցակցային դաշտում: Այսօր նույն հարթության վրա են հայտնվել դեղին մամուլը, վերլուծական, հրապարակախոսական հարթակները, տեղեկատվական գործակալությունները, հետաքննող լրագրությունը եւ զվարճանքի հարթակները։ Հիմնականում մրցակցային հարթակի դեր է կատարում Circle.am կայքը, որի ցուցանիշները մեծամասնության կողմից ընդունվում  են որպես քանակական եւ որակական ռեյթինգ:

Բացի այդ՝ մրցակցությունը դրդում է նաեւ իրենց դեղին մամուլ չհամարող լրատվամիջոցներին մրցակցության մեջ մտնել ցածրորակ հարթակների հետ։ Քանի որ նման մրցակցային պայմաններում հնարավոր չէ հաղթել եւ միաժամանակ պրոֆեսիոնալ եւ բարոյական նորմերի շրջանակներում աշխատող մամուլ մնալ, ապա ստեղծվում է իրավիճակ, երբ ընդհանուր լրատվական դաշտը գնալով դեղնում է։ Ընդ որում՝ դա կատարվում է աննկարագրելի արագությամբ։

Փաստացի, այսօր այս մրցակցային պայքարից դուրս են միայն մի քանի լրատվական կայքեր՝ Panarmenian.net-ը, Azatutyun.am-ը, Mediamax.am-ը, Arminfo.info-ն: Իսկ մնացածը հայտնվել են մի իրավիճակում, երբ հեռուստաընկերությունները, բլոգային հարթակները, ուրիշների նորությունների ագրեգատորները եւ նույնիսկ ՝ դեղին նորությունների կայքերըը մեկ տեղում են:

«Ամերիկուհի բուժքույրը տառապում է բազմաթիվ օրգազմներից» կամ «Փող հավաքող երեխան ընկել է հարսի մեքենայի տակ եւ մահացել (վիդեո)»:
Եթե դեղին մամուլի հետ մրցակցությունը շարունակվի եւ դաշտը ինքն իր ներսում չմաքրվի, ապա նման վերնագրերով նյութեր օրեցօր ավելի շատ կկարդանք առաջատար լրատվականներում:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *