2020.04.20,

Նյուսրում

Մարգարիտա Գրիգորյանը հեռացավ Հանրայինից, նոր գործադիր տնօրենը պետք է ընտրվի մրցույթով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա իր հայտարարության մեջ ասաց, որ կիսում է վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակման պատասխանատվությունը․

«Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիագրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցված հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը»:

Ապրիլի 17-ին Հանրային հեռուստաընկերությունում տեսագրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձարկումները  (հայտնի չէ, թե ում կողմից, քանի որ բաց կապուղով ազդանշանը հասանելի էր ութ տարբեր հեռուստաընկերություններին), դրանց հիման վրա պատրաստվեց վարչապետին ծաղրող տեսանյութ ու տարածվեց սոցիալական ցանցերով։

Վարչապետի մամուլի խոսնակը և Հանրային հեռուստաընկերությունը իրար էին մեղադրում կատարվածի համար։ Իսկ այդ ընթացքում սոցիալական ցանցերում պահանջում էին հայտնաբերել և խստորեն պատժել տեղեկատվական «արտահոսքի» մեղավորներին: Եվ ամենաշրջանառվողը հենց Հանրայինի գործադիր տնօրենի անունն էր:

Գրիգորյանն ասաց, թե անկեղծորեն վրդովված է գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման քայլից։ 

 «Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար»,-գրեց նա։ 

Մամուլում գրում էին, որ Մարգարիտա Գրիգորյանի հետ հեռանալու են ղեկավար կազմի այլ աշխատակիցներ, սակայն այս պահին նման տեղեկատվություն չկա:

Հանրային հեռուստաընկերությունում Մարգարիտա Գրիգորյանն աշխատել է յոթ տարի՝ սկզբում Ռուբեն Ջաղինյանի, այնուհետև Արա Շիրինյանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահության տարիներին: 

Գրիգորյանն իր հայտարարության մեջ նշեց, որ անցած տարիների ընթացքում հեռուստաընկերությունում կապիտալ վերանորոգում եղավ, ստեղծվեց թվային արխիվ, հեռուստատեսությունը հագեցավ ժամանակակից տեխնիկայով, նկարահավեցին նոր հեռուստանախագծեր ու հաղորդումներ, հանրահռչակվեցին կրթական ու մշակութային ծրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի համաձայն՝ գործադիր տնօրենի թափուր տեղի համար Հեռուստառադիոխորհուրդը պետք է հայտարարի մրցույթ։ Նման ընթացակարգով Հայաստանում արդեն իրականացվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությունը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշանակվում և պաշտոնից ազատվում է Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *