2019.04.03,

Նյուսրում

Գարեգին Խումարյան․ «Մրցակցելու ենք աշխարհի առաջատարների հետ»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան

Լրագրող

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Գարեգին Խումարյանը։ Այս մասին այսօր որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։

Խորհրդի կողմից ձևավորված ժամանակավոր հանձնաժողովն ամփոփել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը։ Խումարյանը հաղթող է ճանաչվել փակ քվեարկության արդյունքում, ստանալով 2 ձայն։ Հռիփսիմե Առաքելյանը, Տիգրան Հարութունյանը և Գրիգոր Նազարյանը ստացել են մեկական ձայն։

Գարեգին Խումարյանը «Լրատվական ռադիոյի» ծրագրերի տնօրենն է։

Գարեգին Խումարյանը media.am-ի հետ զրույցում խոսել է Հանրային ռադիոընկերության զարգացման իր ծրագրերի մասին։

«Երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրային ռադիոն պետք է դառնա նույնքան ճանաչելի, որքան աշխարհի առաջատարները։ Մենք տեղական գործընկերների հետ մրցակցության խնդիր չենք դնում։ Մեր մրցակցության դաշտը աշխարհն է, և պատրաստվում ենք երեք տարվա ընթացքում գրավել մեր ուրույն և արժանի տեղը համաշխարհային հեռարձակողների լիգայում։ Դա ենթադրում է ուժերի մաքսիմալ լարում, քանի որ մեր մրցակիցներն այսօր շատ ուժեղ են»,- ասում է Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը։

Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թեկնածու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գարեգին Խումարյանի անունը չի եղել մրցույթի վերջնական փուլ անցած հինգ թեկնածուների ցանկում, և որ Հեռուստառադիոընկերության խորհրդի նորանշանակ ղեկավար Արա Շիրինյանը «Լրատվական ռադիոյի» ծագրերի տնօրենին վերջին պահին է վերցրել ցանկ։

Արա Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է այս լուրը․ «Գարեգին Խումարյանն ի սկզբանե եղել է հավանական թեկնածուների ցանկում, ընդհանրապես 5 հոգի, թե 7 հոգի կհայտնվի հավակնորդների ցանկում՝ հանձնաժողովի ցանկությամբ է որոշվում: Ես հանձնաժողովի անդամ չեմ, ոչ էլ մասնակցել եմ քվեարկությանը»,- ասել է Շիրինյանը:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *