2016.05.10,

Նյուսրում

Հայ լրագրողների պահապան հրեշտակը դառնալու կոչ Մոնրեալից

Լեռնային Ղարաբաղում պատերազմ լուսաբանող հայաստանցի և արցախցի լրագրողների համար՝ 10 սաղավարտ, 10 զրահաբաճկոն, առաջին օգնության միջոցներով՝ 10 պայուսակ, ապա նաև՝ անվտանգության մեկշաբաթյա դասընթաց:

Այս ամենն ապահովելու համար Մոնրեալում բնակվող լրագրող Լևոն Սևունցն առցանց դրամահավաք է նախաձեռնել և հորդորում է դրամական նվիրատվություններն անել շատ արագ, քանի որ «բախումները, ցավոք, ամեն պահի կարող են վերսկսվել»:

«Ես ուզում եմ, որ դուք դառնաք պատերազմական գոտիներից ձեզ լուրեր հաղորդելու համար իրենց կյանքը վտանգող լրագրողների պահապան հրեշտակները». GoFundMe հարթակում մայիսի 9-ին բացված հանրավճարի հայտարարության տեքստում գրել է Լևոն Սևունցը: Նա նշել է, որ այս հարցի հետ ինքը խիստ անձական կապ ունի. լրագրողական կարիերան սկսել է Հայաստանում, լուսաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Վրաստանում՝ քաղաքացիական պատերազմը, Աֆղանստանում պատերազմը լուսաբանելիս ինքը փրկվել է թալիբների որոգայթից, իր հետ եղած երեք գործընկերները՝ ոչ: 

Իսկ Լեռնային Ղարաբաղում 2016-ի ապրիլյան պատերազմից հետո՝ «Ես սարսափեցի, երբ հասկացա, որ հայաստանցի իմ գործընկերներից որևէ մեկը պաշտպանված չէ անձնական անվտանգության միջոցներով, որպիսիք արևմտյան լրագրողների համար անհրաժեշտ նվազագույնն են՝ սաղավարտ և զրահաբաճկոն, առաջին օգնության պայուսակ, կապի հատուկ միջոցներ»:

Սևունցը լուսանկար է տեղադրել, որում պատկերված են պաշտպանական այն հանդերձները, որոնք Կանադայի հեռարձակման կորպորացիան տրամադրում է Իրաքի պատերազմը լուսաբանող իր աշխատակիցներին:

Մայիսի 10-ի հետկեսօրի դրությամբ ( Հայաստանի ժամանակով ) արդեն 5 մարդ է արձագանքել հանրավճարի ( crowdfunding ) կոչին. Էլիզաբեթ Չուլջյանը՝ 50 դոլար նվիրատվությամբ, Կարին Սաղդեջյանը՝ 200 դոլար, Միշել Ինգրամը՝ 25 դոլար, ևս 25 դոլար՝ անհայտ անձը, իսկ Ալեքսանդր Գալստյանը՝ 100 դոլար նվիրատվությամբ:

Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *