Քոչարյաններն ու «Ժամանակ» օրաթերթը հաշտության չեկան

14.03.2011, Նյուսրում

Քոչարյաններն ու «Ժամանակ» օրաթերթը այսօր կարող էին հաշտվել: Օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ դատական նիստին Քոչարյանների ներկայացուցչին առաջարկել էր հաշտության գալ եւ հերքման տեքստ պատրաստել: Ըստ փաստաբանի, Քոչարյանների պաշտպանական կողմին պետք է բավարարի թերթի հերքումը, եթե դատական հայցի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ:

«Ժամանակ»-ը համաձայն էր հերքել անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած տեղեկատվությունները, որոնցով հայտնել էր, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը, ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերությունները:

Դատարանում պարզվեց, որ կողմերը համաձայնության չեն եկել: Քոչարյանների ներկայացուցիչ, փաստաբան Սարգիս Գրիգորյանի խոսքերով՝ «Ժամանակ» օրաթերթը խոստումը չի կատարել եւ չի տպագրել հերքումը:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ խոստումը կատարվել է, եւ թերթը, ինչպես եւ խոստացել էր հիմնադիրը, անկախ բովանդակությունից՝ ամբողջությամբ հրապարակել է Քոչարյանների ուղարկած տեքստը:

«Իրենք ուղարկել են տեքստ, բայց ոչ հերքման: Տեքստի մեջ պետք է հստակ սահմանեին այն փաստերը, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իրենք այդ բովանդակության ոչ մի տեքստ այդպես էլ մեզ չհանձնեցին: Գրել էին այսինչ հոդվածում գրված արտահայտությամբ վիրավորել եւ զրպարտել ենք իրենց, դրա համար թող թերթը ներողություն խնդրի, բայց, թե որ արտահայտությունն էր վիրավորանք, որը զրպարտություն այդպես էլ չգրեցին»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցչի կարծիքով՝ հայցվոր կողմի նպատակը թերթին ֆինանսապես պատժելն է, քանի որ հայցվոր կողմը փաստեր եւ վիրավորանք համարող արտահայտություններ չի ներկայացնում եւ բոլոր դեպքերում պահանջում է վնասի մաքսիմում փոխհատուցում:

Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում «Ժամանակ» օրաթերթից՝ վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի համար:

Դատավոր Արայիկ Մելքոնյանը մեկ շաբաթ տվեց հայցվոր կողմին՝ հայցի շրջանակը հստակեցնելու եւ նշելու, թե հայցվոր կողմը հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն դիտարկում, ինչը վիրավորանք:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 23-ին:

2009 թվականին Քոչարյանների ընտանիքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լեւոն Քոչարյանը դատի էր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, որը գրել էր, թե Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ հասարակական վայրում անկարգություններ անելու համար: Դատարանը բավարարեց Քոչարյանի հայցը եւ թերթին պարտավորեցրեց հերքում տպագրել եւ վճարել  3 միլիոն 600 000 դրամ՝ որպես Լևոն Քոչարյանին արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցում:

Հերքման եւ փոխհատուցման հայցով «Ժամանակ» օրաթերթի դեմ դատարան է դիմել նաեւ «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը, որը պահանջում է հերքել 2010 թվականին օգոստոսի 26-ին թերթում հրապարակված ««Գլենդել Հիլզը»  1000 դոլար է առաջարկել լռության դիմաց» հրապարակումը եւ փոխհատուցել արատավորող տեղեկությամբ պատճառված վնասը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?