Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որը մինչեւ այս տարի ակտիվորեն լուսաբանում էր համապետական ընտրությունները, ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չլուսաբանեց՝ նախապես հայտարարելով այդ մասին:
Ըստ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի` պատճառը նոր ընտրական օրենսգրքով ամրագրված հանրային վերահսկողության սահմանափակումն էր:
Օրենսգրքի որոշ դրույթները հակասահմանադրական ճանաչելու նպատակով «Ասպարեզ»-ը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան ու վիճարկել Ընտրական օրենսգրքի 31 և 65 հոդվածների որոշ կետեր:
Լևոն Բարսեղյանը խտրականություն է համարում այն, որ ընտրատեղամասերում ներկայացուցիչ ունենալու իրավունք ունեն միայն այն ԶԼՄ-ները, որոնք իրենց անունից առնվազն մեկ տարի լրատվություն են տարածում, և այն, որ հիմնադիրը, անկախ իր հիմնադրած ԶԼՄ-ների թվից, կարող է ընտրության ժամանակ ունենալ ԿԸՀ-ում հավատարմագրած ոչ ավելի քան 50 ներկայացուցիչ: Ընդ որում գործունեության մեկ տարվա սահմանափակումը չի տարածվում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ԶԼՄ-ների վրա:
Օրենսգրքի մեկ այլ կետով տեղամասային ընտրական հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով իրավունք ունի սահմանափակել ընտրատեղամասում դիտորդների, ԶԼՄ-ների (բացառությամբ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների) ներկայացուցիչների ընդհանուր թիվը մինչև 15 հոգի:
Այս կետերի մասին ակումբը նշել է դեռ 2017թ.-ի փետրվարի 25-ին տարածած հայտարարության մեջ, որում կոչ էր արել ՀՀ Ազգային Ժողովին վերանայել նշված դրույթները, վերացնել սահմանափակումներն ու խտրականությունը:
Սահմանադրական դատարան դիմելն, ըստ Լևոն Բարսեղյանի, միակ տարբերակն է, քանի որ նախքան օրենսգրքի ընդունումը տեղի ունեցած քննարկումներն արդյունք չտվեցին:
«Ասպարեզ»-ն ուզում է, որ սահմանափակումները կամ վերացվեն, կամ հիմնավորվեն: Իշխանության բանավոր միակ բացատրությունը, ըստ Լևոն Բարսեղյանի, այն էր, որ ընտրատեղամասում շատ անգամ կուտակումներ են լինում և նորմալ ընտրական գործընթաց չեն կարողանում ապահովել, սակայն որևէ փաստ չի նշվում, որ ԶԼՄ ներկայացուցիչների կամ դիտորդների քանակի պատճառով երբևէ խաթարվել է այդ գործընթացը:
«Ստացվում է, որ տեղամասում կարող են լինել 30 հեռուստատեսությունների 1-ական լրագրող և օպերատոր, բայց 16 թերթի և կայքի լրագրող չի կարող լինել։ Այս խտրականությունը չեն կարողանում բացատրել»,-ասում է նա:
«Ասպարեզ»-ը 2001-ից սկսած իր ԶԼՄ-ներով («Ասպարեզ» ամսաթերթ, «Ասպարեզ» օրաթերթ, www.asparez.am կայք) ՀՀ համապետական և տեղական բոլոր ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ունեցել է մինչև 700 ներկայացուցիչ:
«Հիմա մեզ ասում են 50: Ինչո՞ւ 50 և ոչ թե 49 կամ 51: Սրա հիմնավորումն էլ չունեն: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ սահմանափակումներն անհիմն են, կամայական և անարդյունավետ»,- ասում է Լևոն Բարսեղյանը։
Այնուամենայնիվ «Ասպարեզ»-ը հավատարմագրման համար 1000 հոգու ցուցակ էր ուղարկել ԿԸՀ և մերժում ստացել. «Մենք դիմեցինք վարչական դատարան, պարտվեցինք, որից հետո որոշեցինք սահմանադրական դատարան դիմել: Ընդհանրապես հակասահմանադրական է նման սահմանափակում մտցնելը»։
«Այս ատյանի մերժման դեպքում հերթը մի կողմից հասնում է Վենետիկի հանձնաժողով, մյուս կողմից իշխանությունը փոխելուն»,-ասում է Լևոն Բարսեղյանը:
Նա խոսքի ազատության նկատմամբ անարդար վերաբերմունք է համարում լրատվամիջոցների լռությունը և մի քանիսի «աջակցությունը պետական իշխանությանը, որոնք այս կամ այն կերպ հայտարարեցին, որ միևնույն է 50-ից ավել մարդ չունեն, և այդ սահմանափակումը իրենց չի խանգարում»:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: