2020.04.20,

Քննադատ

Լրագրությունը COVID-19-ից հետո

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հիմա ավելի ու ավելի հաճախ է հնչում տարբեր կողմերից, որ կորոնավիրուսի համաճարակից հետո աշխարհն այլևս նույնը չի լինի։

Ամեն մեկն իր համար յուրովի է պատկերացնում այն, ինչ կլինի հետո։ Իհարկե, պարզ չէ, թե այդ հետոն երբ կգա, օրինակ, տնտեսության համար։ Իսկ լրագրության համար այդ հետոն ինչ-որ առումով արդեն սկսվել է։

Եկեք հասկանանք, թե ինչ ազդեցություն է արդեն թողել համաճարակը լրագրության, մեդիայի վրա, և ինչ պետք է սպասենք ապագայում։

Կորոնավիրոսը ամենավառ կերպով ընդգծեց փորձագիտական համայնքի թերությունները, որոնք առանց այն էլ առկա էին, սակայն հաճախ անտեսվում էին տեղեկատվության բազմազանության պատճառով։

Սակայն այս օրերին, երբ գոյություն ունի գրեթե միայն մեկ թեմա, շատ հստակ է դառնում, որ խմբագրությունները դժվարությամբ են աշխատում փորձագիտական համայնքի հետ։ Մի քանի պատճառներով։

Լրագրողները հաճախ ծուլանում են և ունեն ամեն թեմայի մասին խոսող երկու-երեք հերթապահ փորձագետ, որոնք մեկնաբանում են ամեն մի նեղ մասնագիտական հարց։ Երբ թեման նույնն է, պարզվում է, որ փորձագետները քչություն են անում։ Այսինքն, լրագրողներին հայտնի և հասանելի փորձագետները։

Փորձագետներն իրենց հերթին հաճախ փորձագետ էլ չեն։ Բայց ճարտար շարադրում են պետքական բանալի բառերով տեքստեր։ Կամ հակառակը՝ լավ մասնագետ են, բայց միջին վիճակագրական քաղաքացու մակարդակին իջնել չեն կարողանում, և նրանց ասածը հայտնվում է լրիվ տրանսցենդենտալ ոլորտներում։

Մյուս խնդիրը սրա զարգացումն է։ Կամ հետաճը, նայած, թե որ կողմից դիտարկես։

Քանի որ կորոնավիրուսի վերաբերյալ հենց փորձագետները չեն կարողանում գալ հստակ ընդհանուր որոշման (հիվանդությունը նոր է, չուսումնասիրված և շատ դեպքերում անհասկանալի նույնիսկ նեղ մասնագետների համար), ապա գիտելիքի պակասը մարդիկ որոշում են լրացնել ինքնուրույն։

Եվ այստեղ են ասպարեզ դուրս գալիս երկու տարերային աղետներ, որոնք նոր չեն, սակայն հիմա իսկապես կորոնավիրուսի պես գրավում են աշխարհը։

Առաջին աղետը անհեթեթ կայքերն են, որոնք իսկական տեղեկատվական աղբանոցներ են և հիմա ապրում են իրենց աստեղային ժամը։ Քանի որ հրապարակում են բոլոր հնարավոր վարկածները, և մարդիկ ավելի մեծ հաճույքով դրանց հետևում են։

Երկրորդը՝ ֆեյսբուքյան և յություբյան «փորձագետներն» են, որոնք, եթե դիտարկենք իրենց համախառն պատկերը, խոսում են բոլոր հնարավոր վարկածների մասին։

Այս մի քանի խնդիրների համադրությունն ամենամեծ խնդիրն է․ իրական փաստերի և փորձագիտական կարծիքի վրա հիմնված տեղեկատվությունը տանուլ է տալիս։

Առաջին պլան են մղվել կիսագրագետ, անգրագետ և անդրգրագետ տեսություններ, որոնց աղմուկը լռեցնում է պրոֆեսիոնալ մամուլի ձայնը։

Այսօր շատ ավելի հեշտ է համոզել մարդկանց, թե պետք է մի գլուխ կոճապղպեղ ուտել և գնալ, այրել բջջային կայանը, որ մասոնները նրանց չչիպավորեն, քան մարդկանց հասցնել այն միտքը, որ խանութների հերթերում իրար քիթ մտնելը կարող է լինել վարակիչ, նույնիսկ այն դեպքում, երբ վիրուսը անզեն աչքով չի երևում։

Արդեն պարզ է, որ հասարակությունը (առնվազն մի մեծ հատված) սովորել է տեղեկատվություն ստանալ բազմոցային փորձագետներից, որոնք շատ ավելի հուզիչ են, քան չոր ու ցամաք մասնագետները։

Որքան երկար տևի համաճարակը, այդքան որպես հասարակական երևույթ ավելի կդիրքավորվեն դավադրապաշտական բնույթի սոցցանցերի գուրուները։

Եվ եթե դեռ մի քանի ամիս առաջ նրանք պարզապես տեղեկատվական հոսանքների մի մասն էին, ապա այսօր լուրջ մրցակցային երևույթ են։ Մամուլը և «նորմալ» վիդեոբլոգերները դեռ պետք է փորձեն հետ բերել իրենց դիրքերը։

Մյուս կարևորագույն և, միգուցե, ավելի վտանգավոր հարցը պետական վերահսկողական համակարգերի ամրապնդումն է։

Կորոնավիրուսի դեմ պայքարը լրջագույն հետևանքներ ունեցավ անձնական տվյալների պաշտպանության և խոսքի ազատության վրա։

Եթե դիտարկենք միայն Հայաստանը, ապա այստեղ տեսանք մեկ ամիս տևող գրաքննություն (բարեբախտաբար, սահմանափակումներն արդեն վերացված են, սակայն կա դրանց վերադարձի վտանգ, ինչը ակնարկեց վարչապետը)։ Ունենք տոտալ վերահսկողության համակարգ, որն անդադար ռեժիմով բոլորին հետևելու հնարավորություն է ստացել՝ ԱԺ-ի կողմից ընդունված նոր օրենսդրական փոփոխությունների հետևանքով։

Նման ավելի խիստ կամ ավելի մեղմ մոտեցումներ իրար հետևից որդեգրում են ավելի ու ավելի շատ երկրներ։ Համաճարակի վտանգը այնքան մեծ է, որ հասարակությունները համաձայնում են գնալ քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, որպեսզի զսպեն մահաբեր հիվանդությունը։

Եվ արդեն կարելի է ակնկալել, որ մարդկությունն այսուհետ ապրելու է նոր համաճարակների սպասելիս։ Ինչը հաստատ իր հետքը կթողնի նաև խոսքի ազատության և անձնական տվյալների կարգավորումների վրա։

Աշխարհը իսկապես նույնը չի լինի։ Այն կլինի ավելի անվտանգ, բայց ավելի վերահսկվող։ Եվ դա առաջինը կարող է հարվածել լրագրողներին։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *