Իրանահայ համայնքի լրատվամիջոցը «ճիշտ լեզու» գտնելու խնդիր ունի

22.06.2012, Նյուսրում

Իրանահայ համայնքի երիտասարդ առցանց լրատվամիջոցներից մեկը hyeli.net-ն է: Այն ստեղծվել է մեկ տարի առաջ` նպատակ ունենալով համայնքային կյանքի մասին օպերատիվ լրատվություն հաղորդել:

«Կայքի ստեղծման մասին վաղուց էինք խոսում, քանի որ Սփյուռքի համայնքային կյանքը մի տեսակ առանձնացած է, կամ կենտրոնացած մի քանի կենտրոններում ու իրադարձությունները կամ դրանց մասին լրատվությունն էլ առանձին է յուրաքանչյուրի առօրեայում: Մի խոսքով շատերն էին կարծում, որ կարելի է համայնքային լրատվություն կոչվածը կատարել անմիջապես եւ չսպասել մինչև երեկո միակ հայկական օրաթերթին «Ալիք»-ին կամ հայկական կենտրոններից մեկն այցելելուն` անցուդարձի մասին տեղեկանալու համար»,-ասում է hyeli.net-ի խմբագիր Սեւան Պետրոսյանը:

Կայքը գործում է Թեհրանից եւ ունի երեք մշտական թղթակիցներ, անդրառանում է իրանահայ համայնքի կյանքին, Սփյուռքի այլ համայքներում ընթացող իրադարձություններին եւ288 հայաստանյան անցուդարձին այնքանով, որքանով որ այն իրանահայ ընթերցողի համար շոշափելի ու արդիական է:

Կայքի աշխատակազմը փոքր է, հայկական համայնքում իրադարձությունները այնքան էլ շատ չեն: hyeli.net-ը Հայաստանի եւ Սփյուռքի մասին լրատվությունը հիմնականում այլ կայքերից արտատպումների տեսքով է ներկայացնում:
 
«Ինչքան աշխատակազմը մեծ լինի, այդքան ավելի լայն դաշտ կարող է ընդգրկվել լրատվամիջոցի գործունեության մեջ ու բնականաբար շատ կլինեն հեղինակային նյութերը կամ թարգմանությունները:  Եւ հետո առանձին վերցված մեկ համայնքում` հատկապես իրանահայ, չի կարող այնքան իրադարձություն լինել, ինչքան մի ամբողջ երկրում»,-նշում է խմբագիրը:

Սեւանը հավաստիացնում է, որ կայքը, գործելով Իրանում, խոսքի ազատության առումով որեւէ սահմանափակումների չի ենթարկվում:

«Մենք նման բան գրեթէ չենք զգում, քանի որ գրում ենք հայերեն սահմանափակ թվով անձանց համար: Թերեւս ստիպված ենք երբեմն լուսանկարները հարմարեցնել Իրանի կրոնական ստանդարտներին»,-ասում է hyeli.net-ի խմբագիրը:

Հիմնական խոչընդոտը, որ ունի կայքը, Սեւան Պետրոսյան խոսքով, լեզվի խնդիրն է.

«Ինձ համար անձամբ լուծում պահանջող առաջին ու անսպասելի հարցերից մեկը հայերենի այն «տեսակը» գտնելն էր, որը ընթերցելի ու հարազատ կլինի առօրեայում գրական հայերենի հետ չշփվող իրանահայ երիտասարդին, «ժամանակակից» ու ճկուն կլինի հայերենի նկատմամբ ավանդական վերաբերմունք ունեցող համայնքում, բայց և շատ չի շեղվի հայալեզու լրատվամիջոցների լեզվից»,- ասում է Սեւան Պետրոսյանը:

Ինչպես համայնքի մյուս օնլայն պարբերականները, hyeli.net-ը եւս գործում է անձնական եւ նվիրատվությունների միջոցով:

Նվարդ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?