2020.04.09,

Նյուսրում

Բնապահպանական որոշ տեղեկություններ կարող են գաղտնի դառնալ․ ռիսկերն ըստ մասնագետների

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Շրջակա միջավայրի նախարարությունը ուզում է մերժել շրջակա միջավայրի վերաբերյալ այն տեղեկության տրամադրումը, որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ բուսական և կենդանական տեսակների բազմացման վայրերի վրա: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացում անելու նախագիծը չզեկուցվող, գաղտնի հարցի տեսքով ներկայացվել է Կառավարության նիստին և հավանության արժանացել:

Շուրջ 240 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել և կոչ արել չեղարկել նախագիծը: Սպասում են արձագանքի, քանի որ նման կարևոր նախագիծը առնվազն լայն շրջանակներում քննարկման կարիք ուներ։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) տնօրեն Շուշան Դոյդոյանն ասում է, որ այս պատմության մեջ ամենահետաքրքիրը կառավարությանը ներկայացված նախագծի և e-draft-ում ներկայացված տարբերակների անհամապատասխանությունն է:

«Առանցքային է, թե ինչպես է e-draft-ում ներկայացվում մի տարբերակ, կառավարության նիստին բոլորովին այլ նախագիծ, և դա ընդգրկվում չզեկուցվող հարցերի շարքում: Ստացվում է հանրային քննարկում է ունեցել նախագիծ, կառավարություն գնացել էականորեն տարբերվողը»,-ասում է Դոյդոյանը:

e-draft-ի տարբերակում խոսքը միայն հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին է, իսկ նիստում հաստատվածը շրջակա միջավայրի վերաբերյալ այն տեղեկության, որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա:

ԻԱԿ տնօրենն ասում է, որ ԱԺ 131 պատգամավորներին ուղարկվել են բոլոր փաստարկները, թե ինչու է այս նախագիծն ավելորդ և վտանգավոր:

Բացասական գնահատականով է հանդես եկել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ նախագիծը չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիայով նախատեսված կարգավորումներին:

«Ձևակերպումը խիստ ընդհանրական է և դժվարանում եմ ասել, թե ինչ են ուզում թաքցնել, պաշտպանել այս կարգավորմամբ: Սակայն պարզ է դառնում, որ շրջակա միջավայրի մասին ցանկացած տեղեկատվություն կարելի է հայեցողությամբ մտցնել այս սահմանափակման մեջ»,-ասում է Դոյդոյանը:

Իր հայտարարությունների մեջ, ըստ Դոյդոյանի, նախարարությունն ասում է, որ ուզում է պաշտպանել, օրինակ, Բեզոարյանի այծի բազմացման վայրերի մասին տեղեկատվության հրապարակումը․ «Բայց  ինտերնետում բաց և հանրամատչելի շատ աղբյուրներ կան»:

Նա բացատրում է, որ հանքարդյունաբերության թույլտվության ժամանակ ազդակիր համայնքներում քննարկումներ են կազմակերպվում, այս սահմանափակման պարագայում ինչպես են քաղաքացիները որոշում կայացնելու, եթե զրկված են լինելու տեղեկատվություն ստանալու գործիքից․ «Ինչպես են իմանալու տվյալ տարածքում հազվագյուտ բուսական և կենդանական տեսակների գոյության մասին, և ինչպես է նա իրազեկված որոշում կայացնելու»:

Դոյդոյանն ասում է, որ մարդու կարևորագույն իրավունքներից մեկի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումից առաջ նախարարություն չի դիմել և Մարդու իրավունքների պաշտանից որևէ եզրակացություն չի ստացել:

Էկոլուր լրատվական կայքի խմբագիր Վիկտորյա Բուռնազյանն ասում է, որ նախարարությունն օրինական հիմք կունենա հետագայում չտրամադրելու տեղեկատվություն, որը կարող է հատկապես ընդերքօգտագործման վիճահարույց դեպքերում քաղաքացիներին զրկել հանրային վերահսկողությունից։

Նրա խոսքով, հանքարդյունաբերության կամ այլ կարևոր բնապահպանական նախագծի դեպքում նախարարությունը կկարողանա կարևոր տեղեկություններ թաքցնել, ինչպես եղավ Ամուլսարի դեպքում: Հետագայում պարզվեց, որ այդ տարածքում կան հազվագյուտ բուսատեսակներ:

Օրենքն, ըստ խմբագրի, արգելում է նման բուսատեսակներ ունեցող տարածքներում ընդերքն օգտագործել․ «Այս սահմանափակումը չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիային, 4-րդ հոդվածից ամբողջությամբ կտրված հատված է: Սա քայլ է, որպեսզի շատ գործընթացների մասին տեղյակ չլինենք»։

Ըստ Բուռնազյանի, լրատվամիջոցներն այսօր նախարարությունից բացի PR տեքստերից ու նախարարի հարց ու պատասխանից, այլ ինֆորմացիա չեն ստանում: Մինչդեռ պետք է կայքում թարմացումներ լինեն՝ ինչ ծրագրեր են ընթանում օդի մաքրության, անտառատնկումների և այլ ուղղություններով:

«Եվ այնպես չէ, որ հազվագյուտ բուսատեսակների կամ կենդանատեսակների մասին ինֆորմացիային միայն նախարարությունն է տիրապետում։ Մենք Կարմիր գիրք ունենք, այլ աղբյուրներ, որտեղից կարող ենք ստանալ այդ տեղեկությունները»,-ասում է նա:

Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Նարինե Սոլոմոնյանը վստահեցնում է, որ օրինագծի մշակման հանրային քննարկումներ սկսվել են 2018թ-ին, մոտ երկու տասնյակ բնապահպանների, ոլորտի մասնագետների ու բնապահպանական ՀԿ-ների ուղարկվել է հրավեր՝ մասնակցելու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի քննարկմանը։ 

«Դրանցից հրավերն ընդունել ու քննարկմանը մասնակցել է ընդամենը 5-6-ը։ Հետագայում կարծիք հայտնելու առցանց հարցմանն ի պատասխան որևէ մեկը առաջարկություն չի ուղարկել»,-ասում է Սոլոմոնյանը։

Նրա խոսքով, նախագիծն ընդունվել է ըստ ընթացակարգի, սակայն համընկել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հայտարարված Արտակարգ դրության ժամանակահատվածի հետ․ «Որակումը, թե այն հապճեպ է ընդունվել՝ նույնպես սխալ է, քանի որ որևէ մեկը առկա իրավիճակը կանխատեսել չէր կարող»:

Օրինակ, ըստ նրա, հազվագյուտ կենդանիների ձվադրավայրերից գողություն է կատարվում:

«Իհարկե, տարբեր աղբյուրներում հազվագյուտ տեսակների վերաբերյալ առկա է ընդհանուր բնույթի տեղեկություն, բայց կոնկրետ տվյալ տեսակի բնադրավայրի-ձվադրավայրի վերաբերյալ կոնկրետ ու ճշգրիտ տեղեկություն կարող է տրամադրել կամ մերժել միայն շրջակա միջավայրի նախարարությունը։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *