Աշխատելով Գերմանիայում, այդ թվում՝ Բունդեսթագում, առիթներ եմ ունեցել գրել ճառեր տարբեր պաշտոնյաների համար: Հիմա էլ շարունակում եմ գրել՝ ամեն անգամ հաշվի առնելով նոր առանձնահատկությունները:
Այսօր, երբ հակում կա ամեն ինչ կարճացնելու, արագացնելու, հեշտ չէ երկար ճառերի միջոցով ասելիքդ ասել: Ճառերը 20 րոպեից ավելի չպիտի լինեն, անիմաստ է: Իմ ճառերը հիմնականում 15-րոպեանոց են, եթե իհարկե, ճառախոսը ավելի երկար ճառ չի ուզում:
Հավանաբար նախկինում մարդիկ ավելի շատ համբերությունը ունեին լսելու, իսկ այսօր երկար ճառը ձանձրալի է. ամեն ինչ պետք է լինի ամփոփ: Սակայն կարճ լինելուց բացի ճառերը պետք է նաև համապատասխանեն նոր իրավիճակին:
Ճառը գրելուց առաջ անհրաժեշտ է բարձրաձայն խոսել թեմայի մասին, հասկանալ, թե ինչը պետք է շեշտադրել, թիրախավորել և այլն: Նախընտրելի է, որ ճառագիրը ճանաչի ճառախոսին, խոսի հետը՝ իմանա, թե ինչն է նրա համար առաջնահերթ, երկրորդական, ինչ բառապաշար ունի և այլն: Լեզվին, բառապաշարին պետք է ուշադրություն դարձնել, հղկել, մտածված գործածել:
Բնական է արտաքին տեսքը նույնքան կարևոր է, ինչպես բեմը, բեմադրությունը:
Գերմանիայում Դոյչե բանկը իր տարեկան մամլո ասուլիսի ժամանակ բեմահարդարներին է խնդրել, որ սրահի բեմը հարդարեն, լույսի հարցը լուծեն, որոշեն բեմի հեռավորությունը աթոռներից, ծաղիկների և գույների հարցը:
Ճառագիրը միայն ճառ չի գրում այլ նաև մասամբ մամուլի խոսնակի հետ միասին պետք է բեմահարդարմամբ զբաղվի: Դա նաև հռետորության և հանրային կապի մաս է:
Գերմանիայից ոչ ակտիվորեն, բայց առիթ եմ ունեցել հետևել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն ու հետհեղափոխական զարգացումներին:
Հեղափոխությունն արդեն իրականություն է, սակայն հեղափոխությունից հետո երկրի կառավարումը ենթադրում է ավելի զուսպ քաղաքական գործընթաց ու քաղաքական մշակույթի ձևավորում:
Հեղափոխության ժամանակ և հետո, հատկապես վերջերս կայացած ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ լսեցինք այնպիսի ճառեր, որոնց բիրտ լեզուն չի կարող դրականորեն ազդել քաղաքական մշակույթի զարգացմանը: Պատասխանատու անձինք պետք է ավելի զուսպ լինեն իրենց ելույթներում: Իհարկե, քննադատություն պետք է լինի, բայց ոչ այդքան կոպիտ լեզվով: Դա էլ է մշակույթ, ինչպես թատրոնը, երգն ու պարը:
Մարդկանց գլուխները պատով տալը, կախաղան հանելը, ասֆալտին փռելը ու թաղելը… սրանք քննադատություններ չեն, սա կրքերի պոռթկում է, որը ոչ միայն վնասում է քաղաքական մշակույթին, այլև անտեղի է:
Նման լեզվով խոսելու կարիք չկա: Այդպես ստեղծվում է ախտավոր բոլորակ՝ հաջորդն էլ նախորդի մասին նույն լեզվով կխոսի ու այդպես շարունակ: Այդ բոլորակը պետք է ընդհատել, որպեսզի քաղաքական մշակույթը որոշ հասունություն, հեռատեսություն, չափ ու կշիռ ունենա:
Երբ ընտրապայքարը թեժ է, կրքերը բորբոքվում են, բայց քաղաքական գործիչները պետք է իրենց զսպեն և ծայրահեղությունների մեջ չընկնեն, նույնիսկ եթե քննադատում են:
Ճառերը մեծ դեր խաղացին թավշյա հեղափոխության ժամանակ: Նիկոլ Փաշինյանն իր ճառերով, կեցվածքով, ջերմությամբ, որ զգացվում է նաև հեռուստացույցով, կարողացավ քաղաքացիներին համախմբել և հասնել նպատակին:
Սակայն վարչապետ ընտրվելուց հետո, ավագանու ընտրությունների ժամանակ բեմից հնչող նրա խոսքը՝ հաճախ բիրտ լեզվով, ձայնը, գոռալով խոսելը լավ տպավորություն չէին թողնում:
Դա հակասում է նաև իր հանդարտ, ջերմ կերպարին, որն իրեն շատ համակրելի է դարձնում: Վարչապետն արդեն այլ ոճ պետք է որդեգրի: Կիրքը դրական ազդեցություն չի կարող ունենալ այս դեպքում, չնայած պետք է նաև հաշվի առնել, թե ինչ է ուզում լսարանը կամ ինչպես է ընդունում նման լեզուն:
Իմ ականջին այդ բիրտ լեզուն թավշյա հեղափոխությունը դարձնում է երկաթյա: Եթե մի ոճով թավշյա հեղափոխություն է արվել, պետք է լուրջ մտածել՝ կարելի՞ է այդ նույն ոճով շարունակել երկրի ղեկավարումը:
Քանի մարդն ընդդիմադիր է, կարող է որոշ բաներ իրեն թույլ տալ, երբ արդեն պատասխանատվություն է ստանձնում որպես նախարար, քաղաքապետ և այլն, դերը փոխվում է: Այլևս բեմի վրա չեք կարող ընդդիմադիրի դեր կատարել, չեք կարող ձեր կառավարության մեջ ընդդիմադիր լինել, այդպես չի լինում: Եթե ընդդիմադիր չեք՝ ոճն էլ պիտի փոխվի, կեցվածքն էլ, հակառակ դեպքում մարդկանց մոտ կարող է հարցեր ծագեն՝ հիմա ընդդիմադի՞ր եք, ղեկավա՞ր, պատասխանատո՞ւ, թե՞ հակառակորդ: Ո՞րն է ի վերջո դերը: Դերը պետք է հստակեցվի:
Նաև լրատվամիջոցների դերը. լրագրողները իրականությունը արտացոլո՞ղ են, թե՞ ժողովրդավարությունը պաշտպանող: Լրագրողը պետք է իր պարտականությունը որոշի, պետք է լուրը հաղորդի, բայց զուգահեռ հարթակ ստեղծի քննարկելու: Այդ հակակշիռը պետք է ստեղծել, ոչ թե դրականը հաղորդել, բացասականը՝ ոչ:
Ճառագրության մեջ ամենահիմնական սկզբունքներից մեկը հենց պատշաճությունն է: Ճառը պետք է պատշաճ լինի խոսողին, ունկնդրին, ժամանակին, վայրին, առիթին:
Տարբերություն կա՝ ճառախոսը իբրև անհատ է խոսում, թե իբրև մի հաստատության ներկայացուցիչ, ընդդիմադիր, թե պաշտոնյա և այլն:
Մյուս սկզբունքը՝ համապատասխանությունն է՝ խոսքի, ձայնի և շարժուձևի: Այստեղ հակասություններ չպիտի լինեն: Օրինակ, մարդը չի կարող ասել ուրախ եմ, որ այստեղ եք, բայց շարժուձևով փակվի իր մեջ:
Այս բոլոր սկզբունքները ունենալու պարագայում թերևս կարևոր հարց է՝ տվյալ ճառը հաջո՞ղ էր, ազդեցի՞կ, թե՞ հակառակը: Շատ դժվար է դա որոշել, դեռևս չկան ճառի ազդեցության չափման միջոցներ: Երբեք չգիտես հանդիսատեսը, որ երկար ծափահարում էր ճառից հետո, նո՞ւյն համոզմանն է: Մեկ այլ հարց է՝ ճա՞ռն է ավելի ազդեցիկ, թե՞ ասենք դաստակի մի շարժումը:
Ես ճառի ազդեցության իմ «չափիչն» ունեմ. այն ազդեցիկ է, եթե մամուլն արձագանքում է, մեջբերումներ է անում կամ լսարանի կողմից արձագանք կա՝ նամակ, զանգ և այլն: Բայց դրանք էլ միանշանակ չափորոշիչներ չեն:
Վազրիկ Բազիլ
Գերմանահայ քաղաքական տեխնոլոգ
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: