2022.09.29,

Տեսակետ

«Մարդիկ կարծես սովորել են ապրել ի հեճուկս մեդիա աղմուկի ու ճպճպացող պրոպագանդայի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ճշմարտությունը մի բան է, որը ձգտում ենք իմանալ, քանի որ թվում է, որ դա մեզնից ակամա ձևավորված ու մի տեղ կուտակված ազատության բանալի է։ 

Հոգեբան, հասարակագետ Սոնա Մանուսյանն ասում է, որ այսօրվա ինֆորմացիոն ոչ բարենպաստ էկոլոգիական միջավայրում, որտեղ գրվում, փոփոխվում ու խմբագրվում են իրադարձությունների սցենարները, կարևոր ձգտում է դառնում (անգամ առաջնային) ինքնուրույն, «առաջ ընկած» ստեղծել ճշմարտությունը։ Անգամ նշանակել ու ձևակերպել, թե դա ինչ է։ Գոնե որպես պետություն։ 

Սոնա Մանուսյանը դրան ասում է «ճշմարտությունն անել»։ Ոչ թե իմանալ, այլ անել։ 

Հակասական, իրարամերժ տեղեկատվական դաշտում ենք ապրում։ Մեկը գրում է մի բան, հետո ասում, որ նկատի ուներ բոլորովին այլ բան։ Մի բան է կատարվում, հետո հերքվում է, նորից հաստատվում, ընդ որում՝ երբեմն նույն մարդու կողմից։ Այսինքն, ճշմարտությունը միայն իրավիճակայի՞ն է։ 

Ճշմարտության ու մեդիայի հարաբերությունները միշտ բարդ են, այնպես չէ, որ նախկինում մեդիան ուղիղ կերպով թույլ էր տալիս այդ ճշմարտությունն իմանալ։ Բայց ինքնին ճշմարտությունն իմանալու ձգտումն այսօր դարձել է մեդիա մանիպուլյացիայի գործիք։  

Ինձ թվում է, որ ճշմարիտն իմանալու մարդկային այդ ձգտումը շատ ուժեղ և բազային է, այն ներքին պահանջմունք է մարդու սուբյեկտիվ դաշտում։ Ի վերջո, նույնիսկ ամենաստահոդ մարդը միշտ խոսում է ճշմարտության անունից։ 

Ուղղակի այսօրվա տեղեկատվական գերարտադրության պայմաններում ամեն ինչ արված է այնպես, որ ճշմարտությունը չես էլ կարող իմանալ։ Կամ ցույց տալ, ասելով՝ տեսեք, սա է։ 

Բայց շարունակում ենք այն փնտրել ու հենց այդ պահին մեզ մանիպուլացնում են։ Մեկն ասում է՝ ես քեզ կասեմ ճիշտը, մյուսն ասում՝ ոչ, միայն ես կասեմ քեզ ճշմարտությունը։ Նույն կերպ, ինչպես ասում են՝ էստի համեցեք։ 

Եվ դա արվում է այնպես արագ, ինքնավստահ, այնպես համոզիչ-հուզական, որ չենք էլ հասցում հասկանալ, որ խոսքը բնավ էլ ճշմարտության մասին չէ, այլ կարթից պահելու։  

Ի՞նչ անել։ Դառնա՞լ ճշմարտություն չփնտրող։ 

Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմի օրերին կամ դրանից ոչ շատ անց աչքովս ընկավ մի հոդված, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը զգուշացնում էր, որ շուտով լինելու է կիբեր քաոս։ Նա բնականաբար դրանում անուղղակի մեղադրում էր արևմտյան ուժերին ու կոչ անում, որ երկրները միանան, ծրագիր մշակեն ու համատեղ պայքարեն դրա դեմ։  

Հետաքրքիր է, որ այդ մասին խոսում էր այդ կիբեր քաոսի միջոցով ազդեցություն ծավալող առնվազն հիմնական դերակատարներից մեկը, ընդ որում՝ ամենաինտենսիվը (մեդիա նետումներ, ռուսաստանյան մեդիայում «հաստիքային», կոնկրետ մարդկանց ներգրավում ատելություն արտադրելու համար, իմաստների շրջում 180 աստիճանով և այլն)։ 

Այնպես որ, ամեն ինչ այնքան խառնված է, որ ստորը խոսում է ստից, ճշմարտությունը ճնշողը հանդես գալիս դրա պաշտպանության անունից և այլն։ 

Ես էլ 2020-ից հետո անընդհատ մտածում եմ, թե այս պայմաններում ինչպիսին է մեր դերը։ Երևի հիմա՝ հաշվի առնելով գլխավոր դերակատարների՝ մեզ մինչև վերջ ոչ հայտնի նպատակները, մենք չենք էլ կարող գտնել ճշմարտությունը։ Ոչ այնքան այն պատճառով, որ այն կա ու խնամքով թաքցվում է, այլ որ այն հընթացս է որոշվում, փոփոխվում, ադապտացվում։  

Եվ ուրեմն կարող ենք գուցե մի քայլ առաջ գնալ ու ոչ թե պարզել, այլ որոշել, թե որը պիտի լինի ճշմարտությունը, իրականությունը։

Գոնե մասնակցել այդ «որոշումներին»։  

Նշանակե՞լ ճշմարտություն։ 

Եվ այդ ճշմարտությունը կարող է լինել այս հեղհեղուկ, կոնստրուկտիվիստական, հազար ու մի տեսակի պնդումներից դուրս։ Թեկուզ լինի քո ունեցած հին ու հիմնավոր ճշմարտությունների վերահաստատումը։ 

Բայց կարևոր է, որ դու ինքդ դա որոշես, քանի որ եթե բոլոր ուժերդ օգտագործում ես, որ փորձես գտնել ուրիշների մատուցած կամ թաքցրած ճշմարտությունը, դառնում ես նրանց գործիքը։ Եվ նրանք էլ շատ լավ օգտագործում են քո ցանկությունը՝ իմանալու։ 

Գործիք ես նաև, երբ արդեն զուտ որպես հակազդում ինչ-որ ակնհայտ բան ես հերքում կամ ապացուցում։ Օրինակ, որ Ջերմուկ քաղաքը գտնվում է Հայաստանում։ 

Խոշոր դերակատարները հիմնականում ցանկանում են ցույց տալ, որ ազդեցիկ են ու կառավարում են քաոսը, բայց ինձ թվում է՝ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի է դա հանգեցնելու։ Եվ արդյունքում ոմանք, ինչպես, օրինակ, Պուտինը, սկսում են իրենք իրենց և իրենց դեռ հավատացողներին խաբել՝ ասելով, որ իրադարձությունները դեռևս ընթանում են իրենց ուզած պլանով։ 

Չէի ուզենա, որ մենք էլ դառնանք մի դերակատար, որն այդ քաոսին ավելացնում է իր չափաբաժինը։ Բայց գոնե լինենք դերակատար, որն իր քայլերն անելիս հաշվի է առնում, որ սա քաոս է։   

Իհարկե, մեր ժամանակների այս որոշակի պղտորումներից հետո ճշմարտությունը, միևնույն է, վերահաստատվելու է (նաև գիտական ու փիլիսոփայական իմաստով): Ես հավատում եմ, որ նորից կգանք ավելի հստակ ճշմարտությունների՝ ավելի ազնիվ ու մարդկային։ 

Բայց այս փուլում ճշմարտություն որոնելն ինձ թվում է բավականին անիմաստ գործ։  

Անորոշություններին դիմանալը նաև նշանակում է՝ միառժամանակ հետաձգել այդ որոնումը։ Հատկապես պատճառահետևանքային կապեր գտնելու թակարդը հաճախ ենք ընկնում։ Դեռ չհասկացած, թե ինչ կատարվեց, միանգամից հարցնում ենք՝ ինչու՞։  

Միևնույն է հիմա մինչև վերջ չենք կարողանա իմանալ, թե ինչ պատճառներով եղավ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ավարտը։ Բայց նրանից, ինչ գիտենք, կարող ենք առնվազն որոշել, թե ինչ պիտի լինի ու չլինի՝ հեռանկարում։ Եվ անելուն զուգահեռ մեր խոսույթն էլ այդպես վարել։  

Օրինակ, Ալիևը փորձում է իր ագրեսիվ նպատակներն առաջ տանել հենց այդպես։ Ստեղծում է մեդիա իրադարձություն, որ իր երկրի վրա կրակել են, և իրենք պատասխան կրակ են բացել։ Նա դա անում է պարբերաբար ու հստակ, այսինքն՝ ինքը որոշում է, որ այղպես է եղել և այդպես է լինելու, կամ առնվազն փորձում է դա անել։ 

Այսինքն, բեմադրե՞լ ճշմարտությունը։  

Այո, Ալիևը բեմադրում է, և հեչ կարևոր չէ, թե քանի մարդ է հավատում նրան հենց իր երկրում կամ միջազգային կառույցներում, կարևորը, որ մեզ հետ փոխհարաբերություններում նա փորձում է դիրքավորվել մի քայլ առաջ է։ 

Իսկ մենք հիմնականում միայն արձագանքում ենք։ Օրինակ, անընդհատ կարդում ենք՝ ՊՆ-ն հերքում է, ՊՆ-ն հերքում է… ՊՆ-ն պետք է դադարի հերքել ու ասի այնպիսի բան, որը կապ ունի մեր սցենարի հետ։ Բայց մենք շարունակում ենք անընդհատ մնալ արձագանքողի դերում։ Առնվազն մինչև վերջերս։  

Հիմա կարծես իրավիճակը մի քիչ փոխվում է, ու հենց շնորհիվ այն բանի, որ ավելի հաճախ ենք սկսել ասել, թե ինչ կարող է լինել վաղը և ոչ թե ինչ է եղել երեկ։ 

Ալիևը իրականում թքած ունի իր հասարակությանը համոզելու նպատակի վրա, ավելի շատ փորձում է պահպանել մի քայլ առաջ գտնվողի սցենարը, իմիջը։ 

Իսկ մենք ընդհանրապես ունե՞նք սցենար։ 

Չգիտեմ։ Ոչ ոք չգիտի, և ինձ համար դա է ամենաանհանգստացնող ու սթրեսային բանը հիմա։  

Հնարավոր է, որ այս պահին կոնկրետ սցենար չունենալն անգամ վատ չի, եթե գոնե դա լինի ոչ թե մոլորվածություն, այլ սցենար չունենալու սեփական, գիտակցված խաղի կանոնը։  

Ինքս էլ դեռ լավ չեմ հասկանում դա։ Ամեն դեպքում խոսքային մակարդակում կարծես դեռ չունենք սուբյեկտություն, պրոակտիվություն, թեև երբեմն ինչ-որ նշաններ պլստում են։ 

Նկատում եմ, որ ավելի խոշոր դերակատարներն են (արևմուտքի) սկսել մեզ խրախուսել ցույց տալ, որ իրոք սուբյեկտ ենք։  

Ես միշտ ուշադրություն եմ դարձրել ամերիկյան մշակույթում հաղորդակցության ոճին և նկատել, որ իրենք շփումը սկսում են ցույց տալով, որ քեզ հարգում են, քանի դեռ դու հակառակը չես ապացուցել։  

Օրինակ, Նենսի Փելոսիի խոսքում էլ իմ աչքին ամենից շատ դա զարնեց։ Նա ասաց՝ մենք բերել ենք մեր սերը հայ ժողովրդի հանդեպ և հարգանքը Հայաստանի կառավարության հանդեպ։ Մոտավորապես այսպես։  

Նա լսելի դարձրեց հենց այդ ուղերձը, ասելով՝ ես քեզ հարգում եմ, դու սուբյեկտ ես՝ դրանով նաև ակնարկելով ռուսական մոտեցման լրիվ հակադիր պատկերը պաշտոնական հաղորդակցության մակարդակում, որտեղ դու սուբյեկտ չես, և կարող ես նսեմացվել սպառնալիքների հիշեցմամբ (եթե նկատել եք, սեպտեմբերի 21-ի՝ Պուտինի շնորհավորական ուղերձում «անկախություն» բառը չկար)։  

Եվ դա այս ամբողջ «հակահարգանքային» ու անգամ անարգանքային հռետորաբանության մեջ հենց ուղերձ էր մեզ։ Որ հարգանքի արժանի պահենք մեզ, որ կարող ենք լինել ավելի ուժեղ ու ինքնուրույն, դուրս գալ կռացած դիրքից։ Համենայնդեպս, ես դա նկատեցի, և կարծում եմ՝ դա ավելի կարևոր էր, քան տարբեր քաղաքական խաղեր, որոնց մասին մենք չգիտենք։  

Դժվար է ասել, թե որքանով Հայաստանում կօգտագործեն այդ շանսը, մեր քաղաքական դաշտին դեռ ժամանակ է պետք դառնալու սուբյեկտ։ 

Մեր զրույցից մի քանի օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում խոսեց իրական պատկերին ամբողջապես չտիրապետելու մասին։ Կարո՞ղ ենք ասել, թե որտեղից է ծագում այն խզումը, երբ չգիտես, բայց պետք է ընտրես։  

Լևոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանության մեջ չափազանց մեծ է շեշտը իրատեսության վրա, մանավանդ ազգային հարցերի շուրջ։ Նա միշտ հորդորում է լինել իրատեսական ու անել միայն այն, ինչ կա տրվածի սահմաններում։  

Բայց բանն այն է, որ երբ հնարավոր չէ իրականությունը տեսնել, իմանալ, իրատեսության կոնցեպտն ինքն է դառնում ամենաանիրատեսական բանը։  

Եվ հակառակը՝ ճգնաժամի ու այս ծայրահեղ այլանդակ իրավիճակում ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է նոր բան անել, այլ ոչ թե եղածից ելնել։ Դա է ճգնաժամի տրամաբանությունը, առաջադրանքը։ 

Հետաքրքիրն այն է, որ այս անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ընդունեց, որ ինքն էլ չգիտի, թե ինչ է կատարվում։ Բայց ասելով, որ պետք է ընտրել վատի ու վատագույնի միջև, նա նորից ելնում էր այն դրույթից, որ կա արդեն ձևավորած, անփոփոխելի իրողություն, ինֆորմացիա, պարզապես հենց միայն մենք այն չգիտենք։ 

Ճիշտ է, նա նորից խոսեց ժողովրդի, Հայաստանի մասին, այլ ոչ թե ժողովրդի հետ, այսինքն՝ չսուբյեկտայնացրեց հային։ Բայց առնվազն ընդունեց իր չիմացությունը և քայլեր անելու բարդությունը։  

Իսկ ո՞րն է մեր մեդիա դաշտի հիմնական խնդիրը։  

Այսպես կձևակերպեի. մեր մեդիայի խնդիրը հիմա ավելի շատ էկոլոգիական է։ Այդ մասշտաբի է։ Նույնիսկ եթե գիտես, որ օդը վատն է, միևնույն է գիտակցում ես, որ պետք է շնչես, քանի որ ապրում ես այդ միջավայրում։  

Երբեմն տպավորություն է, որ մարդիկ ոչ թե հավատում են մեդիային, այլ սովորել են ապրել ի հեճուկս մեդիա խոսակցությունների ու ճպճպացող պրոպագանդայի։ Այնպես, ինչպես փորձում ես շնչել թթվածնով աղքատ, կեղտոտ միջավայրում։ 

Պարզապես կա մի հատված, որ կոնկրետ դառնում է այդ էկոլոգիական աղետի, աղտոտվածության ստեղծող։ Իսկ ավելի լայն առումով բոլորս, անկախ մտադրությունից, արդեն այս կամ այն չափով մասնակցում ենք այդ էկոլոգիայի վատանալուն, ճիշտ այնպես, ինչպես պլաստիկ տոպրակ կամ ավտոմեքենա օգտագործելիս։ Ինձ համար մեդիան ավելի շուտ այդ պատկերի հետ է համեմատելի։ 

Մեդիան այլևս դարձել է ոչ այնքան ուղիղ ազդեցության գործիք ու կարծիք ձևավորող, այլ համընդհանուր էկոլոգիական կենսամիջավայր, որտեղ աղմուկն այնքան շատ է, որ նույնիսկ չի կարող որևէ կոնկրետ ուղղությամբ ազդել։ 

Այստեղ կարևորը գիտակցելն է, որ քո էկոլոգիան լավը չէ։ 

Պրոֆեսիոնալ լրատվամիջոցը, որն ունի խմբագրական քաղաքականություն, սկզբունքներ և սրտացավ է, ի՞նչ անի, որ լինի մրցունակ, այլ ոչ թե մնա անորոշության մասին մտքեր մեջբերող։ Որ իրոք պետք լինի։ 

Նման հարց զուգահեռաբար ինձ եմ տալիս՝ փորձելով հասկանալ, թե որպես հետազոտող ու հասարակագետ մենք ինչ պետք է քննարկենք, հետազոտենք, որ իմաստ ունենա, որ հնարավոր լինի օգտագործել։ Այսինքն, ինչպես անել, որ աղմուկին չավելացնել աղմուկ։ Եվ ընդհանրապես աղմուկ արտադրողից բացի ինչ-որ բան դառնալու շանս ունե՞նք, թե՞ ոչ։  

Կարծում եմ՝ ճշմարտությունն արանքից հանելու այս ամբողջ ջանքը կամ հայտարարելու, որ հետճշմարտության ժամանակն է, մինչև վերջ չի հաջողվի, քանի որ մարդիկ միևնույն է որոշակիության պահանջ ունենալու են։ Այնպես որ, հնարավորինս համակողմանի տեղեկություն տալը շարունակում է մնալ հոգատար մեդիայի գործը։  

Բայց այս փուլում միգուցե նույնքան կարևոր է, որ լրատվամիջոցները լուրերի արտադրության արանքում անհատին, հանրությանը զորեղացնեն։ Իսկ դրա համար պետք է, որ խոսեն նրա հետ, ոչ թե նրա մասին։  

Օրինակ, ինձ համար շատ վախենալի է, որ սկսած կորոնավիրուսի մահերի թվերից, վերջացրած զինվորների մարմինների թվերով, մենք լուրերը արդեն սովորականի պես ստանում ենք անընդհատ թարմացվող տվյալների հոսքի ոճով։ Ասենք, կարդում ենք, որ դուրս է բերվել 18 մահացածի դի, հետո մի քանի ժամից նորից ևս մի դի է ավելացնել, հետո ևս մի քանիսը։  

Կարծես կարդում ենք զուտ թվաբանական ու սառը հաշվետվության ոճի տեքստեր ։ 

Չգիտեմ, թե ինչ պետք է անեն լրատվամիջոցները, բայց նման լուրերը, որտեղ մարդը ընդամենը թիվ է ու քանակ, թողնում են վատ ազդեցություն։ Ոչ որովհետև վախեցնում են, այլ հակառակը՝ ընտելացնում։  

Այսպիսի լուրերում կրկնակի օբյեկտ ես․ ոչ միայն լուրը հաղորդելու ձևն է ապանձնային, այլև լուրն է այն մասին, որ դու օբյեկտ ես։ Միգուցե անգամ այսպիսի մեդիա նյութն ավելի վատ է, քան մանիպուլյատիվ ու մեծ լսարան ունեցող, ագրեսիվ խոսքով լայվ անողներին ու ինֆլյուենսերներին լսելը։ 

Փաստական տվյալների մեջբերումով չեզոքության կամ թափանցիկության պահանջը չես լրացնի, դրան պետք է ինչ-որ այլ բան գումարես։ 

Իհարկե, կա նաև հակառակ պատկերը՝ թվեր տալու ոճին զուգահեռ մեդիան կարող է կառուցել շատ հուզառատ պատմություն, որտեղ բոլոր զինվորները հերոս են։ Դա էլ է հնչում մի քիչ կեղծ, ինչ-որ տեղ անազնիվ, քանի որ «հերոս» բառով կարծես փակվում են բոլոր հարցերը, պարտքերը, ու մահվան մասին տեղեկությունը դարձնում մարսելի։ 

Քանի որ շատ են իրար հաջորդող աղետները, մահերը, տեղի է ունենում ընտելացում, և մարդիկ իրենց հոգեկան, անգամ ֆիզիկական ռեսուրսներով չեն հասցնում արձագանքել։  

Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ կարծես արագ մոռանում են հերթական աղետը (օրինակ, Սուրմալուն)․ դեպքը օպերատիվ հիշողությունից դուրս է գալիս, բայց դեռ երկար մլմլացնելու է։  

Աղետի ու մահվան հետ առերեսման փորձը մնում է ենթագիտակցականում, բարդվում նախորդներին, ու չենք կարող ասել, թե ինչ հետևանք կթողնի։ Բայց որ անընդհատ չի կարող լինել գիտակցական դաշտում, դա հասկանալի և անգամ անհրաժեշտ է։ 

Իրականում, հասարակության համար գուցե լավ է, երբ որոշակի հատված երբեմն ապատիկ է, քանի որ այդ մարդիկ կոպիտ ասած՝ իրենց հաստ մաշկով, անզգայունությամբ են կարողանում դիմադրել։  

Պատերազմի ժամանակ էլ քննադատում էին նրանց, ովքեր գնում էին խանութներ, ռեստորաններ և այլն, բայց այդպիսի սեգմենտ էլ է պետք, եթե նայենք ոչ թե բարոյական, այլ զուտ հասարակության ֆունկցիոնալության և տեսակային գոյապայքարի տեսակետից։   

Ագրեսիան, որը կուտակված է հատկապես սոցցանցային զրույցներում, բավականին աճել է։ Դա ևս ունի՞ ֆունկցիոնալ նշանակություն։ 

Մեդիայում ագրեսիայով մտահոգվելիս մենք եղած պատկերը համեմատում ենք ավելի լավ իրավիճակի հետ, երբ ագրեսիան դեռ այսքան շատ չէր։ Եվ մտածում ենք, թե ինչ սարսափելի է հիմա, օրինակ, Դոգ-իզմը, կեղտոտբերանությունը, իրար ինչ ասես ասելը՝ վերջին խոսքերով։  

Բայց մեր ունեցածը կարելի է նաև համեմատել մեկ այլ հնարավոր սցենարի հետ․ եթե մենք իրար հայհոյելու վիրտուալ տեղ չունենայինք, հնարավոր է ավելի վատ լիներ։  

Եթե կարողանում ես մի տեղ մեջդ կուտակված ցավը, կեղտը թափել, թեկուզ վիրտուալ (իհարկե, ցանցերում ևս իրական մարդիկ են ու կարող ես նաև վիրավորել ու հայհոյել իրական մարդուն, բայց դա տեղի է ունենում այլ կոմունիկատիվ միջավայրում), ապա դրանով ինչ-որ չափով մեղմում ես հնարավոր ֆիզիկական ագրեսիան մյուսի հանդեպ, որի նշաններն, ի դեպ, ևս կան։  

Մենք տրավմաներով անցած ու անցնող հասարակություն ենք, որտեղ քիչ է մնում՝ մարդիկ թաքուն իրար գզեն։ Եվ մեդիա թափվող ագրեսիվությունը գուցե կատարում է անվտանգային բարձիկի դեր։

Համենայնդեպս, կարելի է հաշվի առնել նաև այս տեսակետը։ 

Այսօրվա մեր կեղտոտ մեդիան իրոք բարձիկ է, որ ավելի վատ չլինի։ 

Նաև տեսնում ենք մեդիա դաշտում կան օրենքով կարգավորելու փորձեր՝ խստացումներով, տուգանքներով, որոնք եթե խորը նայենք, միշտ անպտուղ են։ 

Եթե մեդիա ազդեցությունը քննարկենք, օրինակ, սոցիալական ուսուցման տեսության և հոգեվերլուծության տեսանկյուններից, կտեսնենք տարբերությունները։ 

Իհարկե, ագրեսիան մեծ չափով սովորովի է (կոպիտ ասած՝ ինչ տեսնում, այն էլ սովորում են), հետևաբար վատը պետք է սահմանափակել էկրանների վրա, հատկապես երեխաների դեպքում։  

Իսկ հոգեվերլուծությունն ասում է, որ մարդն իր մեջ ունի այդ ագրեսիան, և այն պետք է մի տեղ պարպի։ Ավելի լավ է դա անի որևէ սիմվոլիկ դաշտում (ասենք, մեդիայում), քան թափի դիմացինի վրա։ Եվ այս տեսակետն էլ իրավունք ունի գոյություն ունենալ։ 

Թեև իհարկե, այսօր մեդիան շատ է մխտռված՝ ինչ հիմարություն ու կեղտ ասես կա, բայց օրենքներով այն չի կարգավորվի։

Հարկավոր է հասկանալ և փոփոխել հանրային հարաբերությունների ձևերը, այն, թե ինչ ներքին պայմանավորվածություններ, կանոններ ու նպատակներ կան։ Իսկ քանի դեռ այսօրվա մեր քաղաքական դաշտին պետք է այս մեդիա ագրեսիան, ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմությունը իրավունք չունեն այն քննադատելու, կարգավորելու ։  

Նրանք էլ են այս աղտոտված մեդիա էկոլոգիայում ձուկ որսում։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *