2021.03.24,

Տեսակետ

«Լրագրությունը Հայաստանում ընկալվում է իբրև տեխնիկական գործ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հասարակագետ Արփի Մանուսյանը ինֆորմացիոն աղմուկը համարում է միջոց, որը նպաստում է հասարակության բևեռացմանն ու անտարբերությանը։ 

Եվ հիմա մենք ապրում ենք մի քանի նման աղմկոտ ալիքների մեջ։ Կամ դրանց մեջ կխեղդվենք, կամ մեր հայացքը կուղղենք դեպի ներաշխարհ՝ տեսնելու համար, թե ինչպես կարելի է հեծնել այդ ալիքն ու անվնաս դուրս գալ։ 

Սոցիոլոգիական հետազոտությունները լավ գործիք են՝ ինքներս մեզ տեսնելու որպես ընդհանուրի մաս։ Օրինակ, շնորհիվ «Սոցիոսկոպի» այս հետազոտության տեղեկանալ, թե ինչպես են տարածվում մանիպուլյացիաները և ատելության խոսքը օնլայն մեդիայում՝ գենդերային հավասարության տեսանկյունից։ 

Արփի Մանուսյանը սոցիոլոգների խմբի հետ ուսումնասիրել է հակագենդերային արշավների գործունեությունը, հռետորաբանությունը, կանանց ու գենդերային հարցերով զբաղվող իրավապաշտպանների թիրախավորման դեպքերը և այն, թե ի վերջո, ինչ նպատակ ունեն սոցիալական մեդիայով տարածվող մանիպուլյատիվ դիսկուրսները։ 

Հիմա խմբագրման փուլում է մեկ այլ հետազոտություն, թե ինչպես այդ նույն խմբերը կորոնավիրուսի ընթացքում շարունակեցին և խորացրին ապատեղակատվությունը կամ կեղծ տեղեկատվությունը զգայուն թեմաների շուրջ՝ Լանսարոտեի կոնվենցիայի կամ հակաաբորտային նախագծի։

Արփի Մանուսյանը կարևորում է հասարակության մեջ հենակետերի դերը, այդ թվում՝ վստահելի մեդիայի։ Երբ կաղում ես՝ միշտ փնտրում ես ամուր հենման հետ։ Հիմա կաղում ենք ու հենակետներն են պակասել։

Սոցցանցերի գրառումները հաճախ են հայտնվում լրատվամիջոցներում որպես հոդված: Թեև պրոֆեսիոնալ մեդիան որոշակի ստուգման աշխատանք պետք է անի՝ մինչ հրապարակելը, բայց տեսնում ենք, որ ցանցից վերատպումները շատ տարածված են։ Ուսումնասիրելով օնլայն մեդիան, կարո՞ղ եք ասել, թե ինչպես է մեդիան հղում անում ցանցային բովանդակությանը։

Ըստ էության՝ վերատպումներ անող հարթակներին անգամ չի կարելի  մեդիա անվանել, դրանք ավելի շուտ հանրային վախերը սնող, հանրային գիտելիքն ու դիրքորոշումները ապակողմնորոշող, զգացմունքները շահարկելու համար ստեղծված հարթակներ են։ 

Դրանք ուղղակի վերցնում են ֆեյսբուքյան ստատուսներն ու արտատպում, քանի որ հաճախ նույն խմբերին ու նույն անհատներին են պատկանում։ Եվ ինչ էլ գրեն, դա դառնալու է այսպես կոչված՝ մեդիա նյութ և շրջանառվելու է։

Անգամ հասարակությունն է արդեն այդ ստատուսներին վերաբերվում որպես մեդիա նյութի։

Կարծում եմ՝ հիմա իրոք կա անհրաժեշտություն հասկանալու, թե ինչպես կարելի է անվանել այդ հարթակներին։ Դրանք չեն ստեղծում սեփական կոնտենտ, այլ հենվում են կոնկրետ տնտեսական, քաղաքական և մեդիա շահեր ունեցող անհատների վրա։ Եվ բացարձրակապես միտված չեն ներկայացնելու հանրային շահն ու հանրային գիտելիքը, այլ ընդհակառակը՝ շատ լավ խաղում են հատկապես զգայուն հարցերի շուրջ, որոնց մասին հանրությունը կարող է ունենալ որոշակի վախեր, սնահավատություն և այլն։

Այդ զգայուն հարցերից են գենդերային հավասարությունը, ընտանեկան բռնությունը, ԼԳԲՏ համայնքի խնդիրները, այսինքն, հոմոֆոբ դիսկուրսները։

Կարելի է ասել, որ հանրային լայն շերտերում կան հոմոֆոբ տրամաբադրություններ, և այս խմբերը դա շատ լավ հասկանալով՝ անպայման համեմում են իրենց նյութերը դավադրության տեսություններով։ Օրինակ՝ միջազգային կոնվենցիաները ներկայացնելով որպես նույնասեռականության քարոզչություն։

Սեռականության և գենդերային հավասարության շուրջ կեղծ տեղեկատվություն տարածելու քաղաքական նպատակն այն է, որ ստեղծվի աղմուկ ու ֆեյքային իմիտացիա։

Այդ աղմուկով կարծես նաև կառավարությանն են ասում, որ  հանրությունը չի ների, եթե հանկարծ կառավարությունը ցուցաբերի որևէ առաջընթաց գենդերային իրավահավասարության հարցում։ Եվ որքան տեսանք, փաստորեն, կառավարությունը երկու ոտքով ընկավ այս թակարդը:

Ստացվեց, որ արգելակմանը միտված խմբերը արգելափակեցին ոչ միայն հնարավոր բարեփոխումները, այլև այս թեմաների շուրջ լուրջ հանրային դիսկուրսների ձևավորումը:

Որ մարդիկ վախենան այս թեմաներով խոսել եթերում կամ այլ հանրային հարթակներում:

Ակամայից շատերն են դառնում զգուշավոր, քանի որ ատելության խոսքը սարսափելի աստիճանի է հասնում։

Կանանց, գենդերային հավասարությամբ զբաղվող ՀԿ-ները, ակտիվիստները, հետազոտողները, արվեստագետները, որոնք փորձում են այս թեմաները դարձնել հանրային քննարկման առարկա, շատ հստակորեն թիրախավորվում են՝ սպառնալիքներով, ատելության խոսքով:

Մեդիա աղմուկ ստեղծելով, այդ խմբերը ուղղակի մեզ դնում են փակուղային իրավիճակում, երբ ստիպված ենք անընդհատ իրենց պատասխանել՝ հերքելով իրենց առաջարկած օրակարգը կամ փորձելով արձագանքել այս կամ այն ապատեղեկատվությանը: 

Բայց ակնհայտ է, որ մեր ռեսուրսները համաչափ չեն, մենք չունենք այդքան հարթակներ, որ կարողանանք ազատորեն խոսել։

Իսկ խոսելու պարագայում էլ մարդիկ այնպես են թիրախավորվում, որ գերադասում են անցնել ընդհատակ: Եվ ստացվում է, որ իրենք նաև այս առումով են հաջողում: Մեզ վախեցնում են, մենք հետքայլ ենք անում և մեր տարածքը զիջում։

Կա սեռերի ընդունված դերաբաշխում: Դրան գումարվում է ավանդույթի (անհասկանալի է, թե որ շրջանի) ու Աստծո (վերին դատավորի) գործոնը: Ստացվում է շատ ամուր կարծրատիպերի շղթա, որը հետո ներկայացվում է որպես միակ ճշմարտություն: Ինչպե՞ս է այս կարծրատիպերի շղթան կառուցվում:

Այս ամենը մեզ ներկայացվում է հնապաշտության կամ նահապետականության որոշակի քողի տակ՝ ասելով, որ կան ավանդական դերեր (կինը խոնարհ է, տղամարդը իշխող, նույնասեռականություն չկա): Եվ դա հիմնականում ներկայացվում է ընտանիքի, օջախի մասին պատկերացումներով: 

Այսինքն, ավանդույթը մատուցվում է որպես կուռ, մեն-միայնակ կառույց, որը ենթակա չէ ձևափոխման ու քանի որ այն ժառանգել ենք, դրան պետք է հավատարիմ մնանք ու դրա հետ հաշտ ապրենք:

Ընտանիքի գաղափարի վրա անընդհատ խաղալով, փորձում են առաջ տանել այն գիծը, որ ավանդույթի փոփոխման մասին խոսողները Արևմուտքի նախագիծ են, «սորոսականներ» են, որոնք հակասում են ավանդույթներին:

«Սոցիոսկոպը» արել է նաև սոցիալ-պատմական ուսումնասիրություն սեռականության մասին՝ բավականին լայն ժամանակաշրջանում: Մենք շատ հետաքրքիր ու բազմազան շերտեր բացահայտեցինք՝ սկսած կին-տղամարդ հարաբերություններից, նույնասեռականների հանդեպ դիրքորոշումներից և այլն: Օրինակ, այն, որ մեր ավանդույթի ու մշակույթի մաս է եղել նաև իրավահավասարությունը: Որ կան տարբեր պատմական շերտեր, որոնք փոփոխվում են և փոփոխելի են: Սա է նաև մեր ժառանգությունը։ 

Եկեք չմոռանանք նաև, որ հնարավոր չէ խոսել միայն մեկ ավանդույթի մասին:

Ի վերջո, ավանդույթները հաճախ նաև լինում են հնարովի:

Ինձ թվում է, որ հետազոտողները, նաև առողջ մեդիաները պիտի կարողանան քանդել այս մանիպույլատիվ կծիկները, որոնցով փաթաթված ենք՝ մտածելով, որ եթե ժառանգել ենք մի բան, ուրեմն ոչինչ անել չենք կարող:

Ու չմտածենք, որ եթե այն մարդիկ, որոնք համարձակվում են հարցականի տակ դնել այս կամ այն ավանդույթի մասին խոսակցությունները, իրականացնում են մեկ այլ ուժի, հանրային շահից չբխող պրոեկտ:

Ինձ թվում է, որ սա կարևոր անելիք է:

Ի՞նչ դեր ունեն լրագրողները: Տեսնում ենք, որ հենց լրագրողներն են օգտագործում կարծրատիպային հարցաշարեր: Ասենք, անպայման կին բանախոսներին կամ հյուրերին հարցնելով, թե ինչպես են համադրում ընտանիքն ու աշխատանքը: Նույն հարցը երբեք չեն տալիս տղամարդկանց: Մանր դիտարկում է, բայց նորմը սկսվում է կրկնվող մանրուքից։

Կարծում եմ՝ շատ բան կախված է հենց կին մասնագետներից: Ի վերջո, նրանք կարող են նաև չպատասխանել՝ այդկերպ մարտահրավեր նետելով նման հարցեր տվող լրագրողին:

Ես կուզեի խոսել նաև ընդհանրապես լրագրության ու լրագրողի դերի մասին: Այս վերջին շրջանում, ուսումնասիրելով Հայաստանի անկախության առաջին տարիների լրագրությունը, եկա այն եզրակացության, որ այդ տարիներին Հայաստանի հանրային դիսկուրսի ու լրագրության որակը շատ ավելի բարձր էր, քան այսօր:

Թող ներեն ինձ շատ լրագրողներ, բայց այսօր լրագրությունը Հայաստանում ընկալվում է իբրև տեխնիկական գործ, ոչ թե հանրային շահին միտված կարևոր գործունեություն:

Միգուցե պատճառն այն է, որ լրագրողներն իրենց չեն տեսնում որպես հանրային խնդիրները տեսնող, լուրջ հարցեր բարձրաձայնող ու կեղծ կծիկներն ու մանիպուլյացիաները քանդելու, այլ ոչ թե դրանց նպաստելու առաքելություն ունեցող։

Կարծես, լրագրողներն իրոք իրենց դերը տեսնում են միայն տեխնիկական լուսաբանման գործ անելու մեջ: Միգուցե դրան նպաստում է նաև այն պահանջը, որ լրագությունը պիտի լինի օբյեկտիվ, իսկ լրագրողները չունենան դիրքորոշում: 

Լրագրության այս մոդելը հիմա հակառակ ձևով՝ գլխիվայր շրջված, թողել է իր վատ հետևանքները:

Լրագրողին ասում են, որ նրան իբրև թե պետք է միևնույն լինի, թե ինչ թեմա լուսաբանել, որ իբրև թե պետք չէ ցուցաբերել հոգատարություն ընտրած թեմաների հանդեպ:

Բայց դա շատ մեծ մանիպուլյացիա է, քանի որ այսօրվա մեդիա դաշտին նայելով, շատ հստակ տեսնում ենք, թե որ մեդիան ինչ շահեր ունի, և մատների վրա կարելի է հաշվել այն լրատվամիջոցները, որոնց լրագրողներն իրենց ընտրած թեմայի հանդեպ հոգատար են, և գլխավոր խմբագիրն էլ թույլ է տալիս, որ նրանք զբաղվեն իրականում կարևոր հանրային խնդիրներով:

Այս կտրվածությունը առաջանում է նաև կրթության պատճառով՝ թե ինչպես են ընդհանրապես կերտվում լրագրողները, ինչ գիտելիք են ստանում և ինչպիսի նպատակներ ունեն:

Գումարած դրան, գրեթե չենք տեսնում ներքին ռեֆլեքսիա: Եվ դա միայն մեդիա դաշտում չէ, այլ լայն իմաստով հումանիտար ոլորտներում:

Չկա ներքին պահանջ նստելու ու միասին փորձելու հասկանալ, թե ուր ենք հասել և ինչպես դուրս գանք այս փակուղուց:

Ռեֆլեքսիայի պակասից է նաև, որ չի փոխվում հաղորդակցության լեզուն: Ի վերջո, եղավ հեղափոխություն (որը միգուցե հեղափոխություն չէր արդյունքի տեսակետից, բայց հնարավորություն էր), իսկ շատ ոլորտներում լեզուն չփոխվեց: Եվ այդ իներտությունն է պատճառը, որ հիմա մենք գործում ենք իրավիճակին ոչ համարժեքորեն:

Այսօրվա լրագրությունը շատ վատ կերպով նպաստում է հանրային բևեռացմանն ու հանրային ապատիային:

Այն դարձել է պարզապես գործիք, որը հանրությանը հեռու է պահում քաղաքականոթյունից, ավելի ճիշտ՝ անում այնպես, որ մարդիկ զզվեն քաղաքականությունից:

Այն լրագրությունը, որը հիմա կա, այդպիսով վերարտադրում ու խորացնում է այն ապատիան ու ապաքաղաքականացվածությունը, որը կար մինչև 2018-ը: 

Ինչպե՞ս է ազդում լեզուն։

Լրագրությունը նսեմացնում է այն լեզուն, որով արվում են լուրջ հարցադրումները: 

Օրինակ, փոխանակ հարցադրի այն լեզուն, որով քաղաքական գործիչները խոսում են մարդկանց մասին ու հարթակ դառնա հանրության համար, լրագրությունը վերածվում է ընդամենը վերարտադրող միջոցի, որը հերթական անգամ տարածում է էժանագին քաղաքական խոսքը:

Ինձ թվում է, որ անդադար մեդիա աղմուկ ստեղծելն արդեն դարձել է քաղաքական օրակարգի մաս:

Նպատակ կա ստեղծելու այնպիսի աղմկոտ ինֆորմացիոն դաշտ, որ մարդիկ պարզապես ապակողմնորոշված վիճակում հայտնվեն՝ առանց որևէ հենարանների:

Իսկ հենարանները, վստահելի կետերը (օրինակ՝ վստահելի լրատվամիջոցները) շատ կարևոր են, առանց դրանց վատ տեղում ենք հայտնվում: 

2019-ի մեր ֆոկուս հետազոտությունը ցույց տվեց, որ հաճախ մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե ինչ մեդիա են կարդում։ Պարզապես կարդում են սոցցանցի լրահոսը, առանց տարբերակելու: Այսինքն, ֆեյսբուքապետությունը թեև լավ գործիք էր հեղափոխության ժամանակ լայն զանգվածներին միախմբելու ու մոբիլիզացնելու համար, բայց հիմա այն մեզ նետեց հակառակ կողմ՝ համատարած աղմուկի մեջ:

Հիմա մենք իրար այլևս չենք էլ լսում: Չեն լսում անգամ այն մարդիկ, որոնք նույն կերպ են մտածում ու բարիկադների նույն կողմում են:

Մեզ բոլորիս պակասում է այդ ներքին ռեֆլեքսիան, որը թույլ կտար մտորել, թե որտեղ ենք սխալվել և ինչ կարող ենք անել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *