Հետազոտող և լրագրող Ալին Օզինյանը հիմնականում գրում է թուրք լսարանի համար: Նա ասում է, որ թեև Հայաստանի մասին լուրերը ավելի հետաքրքրեցին Թուրքիային հատկապես մեր թավշյա հեղափոխությունից հետո, բայց միևնույն է երկու երկրների միջև լուրջ պատնեշ կա:
Եվ չի էլ կարող չլինել՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, երբ պրոպագանդան ճնշում է լրագրությանը:
Լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին նաև ուղեկցվում է տեղակատվական գրոհներով: Դրանց գումարվում է Թուրքիան, նաև Ռուսաստանը, և ստեղծվում է կապերի ու շահերի բախումների բարդ կծիկ:
Այդ կծիկից գլուխ հանելու համար բավարար չէ միայն բարձր գոռալ հայրենասիրության մասին, այլ ցանկալի է կառուցել ավելի լայն պատկեր: Եվ առաջին հերթին հասկանալ իրավիճակն ու բծախնդրորեն ընտրել բառապաշարը:
Կարծես շատ չեն այն վերլուծաբանները, որոնց տարածաշրջանային խնդիրները կարող են սթափ գնահատել ու ներկայացնել մեդիայում՝ առանց մանիպուլյացիաների:
Եթե փորձենք պարզ մի բանաձևով բացատրել, թե ինչու լավ չի ստացվում ներկայանալ աշխարհում, կարծում եմ, կհանգենք այն մտքի, որ պետության և մասնագետների կապը ամուր չէ:
Մինչդեռ մենք իրոք Թուրքիայի և Ադրբեջանի լավ փորձագետներ ունենք թե՛ աշխարհում, թե՛ հենց Հայաստանում: Պարզապես պետք է աշխատել նրանց հետ, ցույց տալ ուղղություն: Նաև թույլ տալ, որ հենց մասնագետը ուղղություն ցույց տա տարբեր հարցերում:
Հիմա պետությունը կարծես սկսել է կարևորել կապը մասնագետների հետ: Ես օրինակ, տեսնում եմ, որ վերաբերմունքն է փոխվել, տարածաշրջանի փորձագետներն ավելի են արժևորվում, քան եղել է մինչ այդ:
Տպավորություն է, որ լրատվամիջոցներն ունեն իրենց փորձագետների շրջանակը, որը հիմնականում ասում է հենց լրատվամիջոցների սեփականատերերի համար ցանկալի բաներ:
Նրանք, ովքեր զբաղվում են Ադրբեջանով կամ Թուրքիայով, հիմնականում հետևում են այդ երկրների մեդիային, գումարած դրան մի քիչ էլ՝ ռուսական ու ամերիկյան անդրադարձներին: Հայկական մամուլն այդ առումով դատարկ է:
Այսինքն, եթե միայն հայերեն գիտեք ու չենք կարդում թուրքական կամ ադրբեջանական մամուլ, դժվար է հասկանալ իրավիճակը: Հայաստանում շատ քիչ լրատվամիջոց է կարողանում արտացոլել լայն պատկերը:
Իսկ դա կարծում եմ պետք է, քանի որ միշտ պետք է լինել տեղեկացված, իմանալ, օրինակ, թե ինչ են ասում թուրքերը կոնֆլիկտի նոր զարգացումների մասին: Գոնե պետք է տեղեկացված լինենք, որ կարողանանք մեր սեփական տեսակետը ներկայացնել:
Կարծում եմ, հիմա կա այդ տեղեկացվածության պակասը:
Եվ իհարկե, այստեղ շատ կարևոր է լրագրողի փորձը: Հայաստանի լրագրողը չպիտի դառնա թուրքական պրոպագանդայի ապարատի մասը, այլ կարողանա տարանջատել պրոպագանդան և ինֆորմացիան: Բայց որքան տեսնում եմ՝ շատ ժամանակ այդ կետում ենք սխալվում:
Երբեմն այնպիսի լուրեր եմ տեսնում մեր մեդիայում, որ զարմանում եմ, թե ինչու են դրանք թարգմանվել հայերեն: Դրանք ընդհանրապես պետքական լուրեր չեն և նախատեսված են միայն Թուրքիայի ներքին լսարանի համար:
Լրագրողի աչքը, ընտրությունը, ռեֆլեքսիաները թեև կախված են լրագրողի փորձից, բայց նաև ընդհանուր պատկերի ապացույց են:
Հայաստանում լրագրությունը արժևորվող, կայացած մասնագիտություն չէ: Անգամ երբ լսում են, որ լրագրող ես, հայտնվում է արհամարհական վերաբերմունք:
Միգուցե լրագրողները չեն համարվում ինքնուրույն մտածողներ, այլ ավելի շատ՝ իրենց լրատվամիջոցի քաղաքականությանը հարմարվողներ:
Դա էլ, իհարկե, ունի նշանակություն: Երբ խմբագիրդ քեզ ասում է, թե ոնց պիտի տեսնես նյութդ, դա բավականին վախենալի է, մանավանդ, որ քո մեդիան չունի հստակ ձևակերպված հայեցակարգ:
Բայց այսօր հարցականի տակ է, թե ո՞վ է իրականում խմբագրին ասում, թե ինչպես պետք է տեսնել իրավիճակը:
Եթե դա լիներ զուտ խմբագրական քաղաքականություն, խնդիր չէր լինի: Բայց Հայաստանում շատ քիչ են լրատվամիջոցները, որոնք խմբագրական քաղաքականություն ունեն և իրոք անկախ են:
Կարծում եմ, լավ լրագրողները Հայաստանում նրանք են, ովքեր նաև միջազգային փորձ ունեն: Շատերը նաև աշխատում են որպես արտասահմանյան մեդիայի թղթակիցներ:
Լրագրողները կարո՞ղ են կոտրել թշնամանքը մեդիայում:
Հասկանում եք, Թուրքիայի լրագրողներն այնքան կողմնակալ են, այնքան են «գազանացել» այս հարցում, որ եթե պետք է նրանց պատասխանել, ուզած-չուզած, դու էլ ես «գազանանում»: Չէ՞ որ, երբ մեկի հետ պայքարում ես, ակամայից նմանվում ես նրան:
Բայց իհարկե, խաղաղության կառուցումը կարևոր է: Մենք պետք է փորձենք հետևել մեր լեզվին: Օրինակ, չօգտագործել «թշնամի» բառը: Եվ ես շատ ուրախ եմ, որ վերջերս ԱԳՆ խոսնակը խոսեց դրա մասին՝ խորհուրդ տալով առավելագույնս օգտագործել «հակառակորդ» բառը՝ խուսափելով «թշնամի» ասելուց:
Եվ ադրբեջանական քարոզչության ֆոնին սա շատ կարևոր կետ էր, որին պետք է հետևենք բոլորս: Հատկապես լրագրողական հոդվածներում, որտեղ հարկավոր է լինել պատասխանատու յուրաքանչյուր բառի համար:
Ի վերջո, հաշվի առնենք, որ երբ մեր հոդվածները կարդան աշխարհում ու հենց առաջին նախադասության մեջ հանդիպեն կողմնակալ բառերի ու մտքերի, ուրեմն մեր նյութը արժեք չի ունենալու:
Աշխարհում ավելի շատ են ընթերցվում ու կարևորվում հանգիստ ոճով ու հավասարակշռությամբ գրված հոդվածները: Կարող ես շատ մեղմ ձևով գրել, բայց այնպես ներկայացնել քո պետության շահն ու բանակի դերը, որ աշխարհում ընդունվի քո տեսակետը:
Դրան չես հասնի, եթե լեզուն «չտաշես»՝ վերացնելով ագրեսիվ բառերի շերտը:
Այսինքն, չմտնենք թուրքական կամ ադրբեջանական խաղի մեջ ու չխաղանք նրանց օրենքներով: Ի վերջո, ցանկացած մարդ, որը կարդում է ադրբեջանական ու հայաստանյան մեդիայի անգլերեն տարբերակները, պետք է տեսնի, թե որքանով են դրանք տարբերվում իրենց ոճով:
Չմոռանանք, որ մենք՝ լրագրողներս, պրոպագանդիստներ չենք:
Ու մեր պետությունը մեզ չի թելադրում, չի բանտարկում ու մեր գրածները չի գրաքննում: Սա ասում եմ ոչ թե որպես մեր պետության PR, այլ իրականություն, որի մեջ ապրում ենք:
Իսկ ինչպիսի՞ն է թուրքական մեդիան:
Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ այս պահին Թուրքիայի մամուլը 100%-ով իշխանամետ է: Այսինքն, այնտեղ չկա այլընտրանքային մամուլ: Եթե անգամ հայտնվում են թուրքալեզու, բայց ոչ թուրքական մի քանի հարթակներ, ապա նրանց գրասենյակները կամ Բեռլինում են, կամ Նյու Յորքում, իսկ լրագրողները Թուրքիայից հեռացած միգրանտներ են:
Ու թեև դրանք անկախ հարթակներ են, բայց ունեն շատ քիչ ընթերցողներ և բացի այդ՝ անընդհատ պիտակավորվում են Թուրքիայի կառավարության կողմից, ներկայացվում որպես տեռորիստներ, հակաթուրքական կայքեր:
Այսինքն, այնպես են պիտակավորում, որ լրիվ նսեմացնում ու «փչացնում» են այդ հարթակների հեղինակությունը՝ զրկելով անգամ իրենց փոքր լսարանից:
Այսօր Թուրքիայում «Սաբահը», «Միլիեթը», «Հուրիեթը» և ընդհանրապես բոլորը գրում են այն, ինչ իրենց ուղարկվում է Անկարայից: Նրանց ասվում է, թե ինչ պետք է տպագրեն՝ նույն բառերով:
Ես կարող եմ օրինակներ բերել, թե ինչպես լույս տեսան 15 թերթ, որոնց առաջին էջի հոդվածները բառացիորեն կրկնություն էին՝ վերնագրից սկսած: Ոչ մի թերթ չէր համարձակվել անգամ մեկ բառ փոխել:
1980-ականներին այդպես անում էր Թուրքիայի բանակը, բայց հիմա արդեն անում են իշխանությունները: Այս պահին Էրդողանն ամեն ինչ է՝ թե՛ բանակը, թե՛ արտաքին քաղաքականություն որոշողը, թե՛ դատարանը, թե՛ դատախազը…
Սա պիտի հասկանանք, որ պարզ լինի, թե ինչ ահավոր վատ տրամադրվածություն կա Հայաստանի հանդեպ: Եվ հերիք չէ, որ վերաբերմունքը թշնամական է, նաև լի է սպառնալիքներով (մենք ցույց կտանք Հայաստանին, որն իր չափերը չի ճանաչում):
Սա անընդունելի լեզու է թե՛ պետության, թե՛ լրագրողի համար:
Բայց այդ լեզուն տեղ է գտել Թուրքիայի ներսում, որտեղ այնքան անկանոն իրավիճակ է, որ ամեն ինչն է խախտված, ոչ միայն հայկական հարցում: Կարծես Թուրքիայի այդ անչափավոր, սպառնացող կեցվածքը դարձել է նոր չափ:
Չափը չափ չունենալն է:
Շատերը այդ պահվածքը վերագրում են նաև Թրամփին:
Նույն իռացիոնալ, աշխարհից կտրված կեցվածքն է: Թրամփն, օրինակ, անգամ ասում էր, որ կարող է չեղարկել նախագահի ընտրությունները, որի իրավունքը բացարձակապես չունի: Իրավունք չունի, բայց ասում է:
Իսկ Էրդողանը կարողացել է ստեղծել տեղակատվական փուչիկ, թե բոլորը հիմա նախանձում են Թուրքիային՝ Եվրոպայից սկսած, Ռուսաստանով վերջացրած:
Եվ Թուրքիան կարող է ամեն ինչ անել անպատիժ: Օրինակ, Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթ դարձնել:
Շատ զարմանալի ուղերձներ եկան նաև Ռուսաստանից: Նախագահի խոսնակն ասաց, որ ռուս զբոսաշրջիկները միայն կշահեն, որ թանգարանը դառնում է մզկիթ, քանի որ ստիպված չեն լինի թանկ տոմսեր գնել:
Երևի այդպես ժողովրդին են հանգստացնում: Եկեղեցու հարցում ամենակոշտ պատասխանը տվեցին ԱՄՆ-ն ու Հունաստանը:
Իրականում, թուրքական դիվանագիտություն չկա, երևի չի էլ եղել: Դա ավելի շուտ միֆ է: Իսկական դիվանագետները ռուսներն են, որոնք կարողանում են երկակի ուղերձներ հղել ու մեծ իմաստով՝ խաղալ թուրքերի հետ՝ ցույց չտալով, որ խաղում են:
Եվ երբ հունական եկեղեցին մզկիթ վերածելը հանգիստ են ընդունում, դա դեռ չի նշանակում, որ այդպես կլինի հետագայում: Վստահ եմ, որ մի կոշտ պատասխան կտան:
Եթե Թուրքիայում մեդիայի 100% –ն է իշխանամետ, ապա մեզ մոտ 90%-ն է նախկին իշխանությունների վերահսկողության տակ: Եվ դա պայթյունավտանգ իրավիճակ է նույնպես:
Այո, դա էլ մյուս կողմից: Հիմա պետք է մտածես, թե որ լրատվամիջոցում կհայտնվի քո խոսքը և ինչպես այն կմեկնաբանվի: Ավելին՝ ես անգամ մի երկու տարի է, ինչ Ֆեյսբուքում ստատուսներ չեմ գրում:
Եվ գիտեմ, որ շատերը կարիք չեն զգում լինել մեդիայում, նյարդերը չեն դիմանում, որ մտնեն անհեթեթ վեճերի մեջ:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: