2020.05.18,

Տեսակետ

«Ստացվում է հեշտ մարսելի թուրմ, որտեղ իրար են խառնված սուտն ու ճիշտը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հավատն ու վստահությունը երբեմն կարող են բնավ էլ իրար հետ չհամընկնել: Զարմանալի հեշտությամբ ենք հավատում տարբեր դավադրապաշտական վարկածներին կամ պարզունակ սարսափներ պարունակող լուրերին: Հավատը կարծես առաջինն է արձագանքում, իսկ վստահության ազդակն այդպես էլ չի արթանանում: 

Հոգեբան Անուշ Ալեքսանյանը դյուրահավատությունը բացատրող պարզ բանաձև ունի՝ ուզում ենք լսել այն, ինչն արդեն կա մեր մեջ, կուտակվել է փորձով ու սերտած գիտելիքով, մինչդեռ թարմն ու նորը անհասկանալի են, հետևաբար՝ մերժելի:

Կարծես հոգեբանորեն ուզում ենք, որ մեր պատկերացումները աշխարհի մասին գտնեն ապացույցներ: Ոչ թե վերանայվեն:

Ինչու՞ ենք հեշտությամբ հավատում տարբեր տեսակի կեղծ կամ մանիպուլյատիվ լուրերին: Դա հատու՞կ է մարդուն, թե՞ տագնապն ու մեկուսացումը կեղծ լուրերն ավելի ազդեցիկ են դարձրել:

Այս պահին անմիջապես մակերեսին երևացող պատճառներից է քննադատական մտածողության բացը, որը շատ պարզ երևում է: Եվ այդ բացը սկսվում է դեռ դպրոցից: Ես խորքից գիտեմ մեր կրթական համակարգը, տասը տարուց ավելի աշխատել եմ կրթության ոլորտում:

Մենք քննադատական մտածողությունը զարգացնող կրթություն չենք իրականացնում: Հաճախ այդ մասին խոսում ենք ու առաջ անցնում, բայց հիմա տեսնում ենք դրա արդյունքը: Մարդիկ տեքստը ընկալում են անմիջապես, ուղղակի:

Նրանց մեծ մասը ինֆորմացիայի պասիվ սպառողներ են:

Հաջորդ պատճառը, այդ ինֆորմացիայի ճանաչելիությունն է, այսինքն ինֆորմացիան, որը տվյալ մարդկանց փորձի, գիտելիքի և իրենց պատկերացումների մեջ արձագանք է գտնում, շատ ավելի հեշտությամբ է համարվում ճիշտ: Սա սուբյեկտիվ, ներանձնային պրոցես է:

Այն աշխատում է այսպես. մարդը լսում է տարբեր տեղեկություններ և դրանցից միայն մի քանիսն է ինչ-որ չափով հասկանում, քանի որ տեղեկության մեջ տեսնում է իրեն ծանոթ բաներ:

Ասենք, այդ մասին լսել է մանուկ հասակում՝ խաղալիս, հետո դպրոցի միջանցքում՝ ընկերներից, հետո էլ բակում՝ զրույցների ու բամբասանքների ժամանակ…

Այսինքն, իր ականջին սովոր, դյուրամարս բաներ է լսում, այդ պատճառով էլ հավատում է: Եվ երբ դրան զուգահեռ ստանում է ինֆորմացիա, որը պարունակում է, ասենք, իր համար անծանոթ, բայց կուռ տրամաբանություն կամ գիտական տեղեկություններ, չի ուզում դրան հավատալ:

Ծանոթ նյութը միանգամից առաջացնում է էմոցիոնալ դրական արձագանք:

Ծանոթ լուրը հասկանալու կարիք չկա, այստեղ մարդը գործ չունի անելու, բացի անմիջապես ընդունելուց, որ ճիշտը դա է:

Մանիպուլյացիաները, որոնք արվում են միտումնավոր, հաճախ ծայրահեղ դյուրամարս են, պարզունակ, բայց գրեթե նույն բանալի բառերով են: Թշնամիներ, դավադրություններ, միջազգային կործանիչ ուժեր, նույնասեռականներ և այլն:

Կարծում եմ՝ նման բանալի բառերը ավելի քիչ են հանդիպում գիտական տրամաբանությամբ կառուցված տեքստերում և ավելի հաճախ մնացած բոլոր տեքստերում:

Այստեղ կա մի հետաքրքիր ֆենոմեն: Մենք ներկայում տեսնում ենք, որ ոչ պրոֆեսիոնալ նյութերին արձագանքում ու հավանության են արժանացնում ոչ միայն ցածր կրթական մակարդակ ունեցող մարդիկ, այլ երբեմն բավականին կրթված մասնագետներ, նույնիսկ գիտնականներ:

Երբեմն իրոք զարմանում ես, թե ինչպես կարելի է հավատալ նման տեղեկությանը:

Ինձ թվում է, որ այստեղ կա մի խորամանկություն: Գիտական, ճշտված տեղեկություններ պարունակող նյութի մեջ, տողերի արանքում, որոշ նախադասություններում հայտնվում են այդ բանալի բառերը, թեև բացարձակապես գիտական հիմք չունեն, լրիվ կարծրատիպեր ու թյուր պատկերացումներ են:

Եվ ստացվում է մի թուրմ, որտեղ իրար են խառնվում սուտն ու ճիշտը՝ դարձնելով այդ նյութը ավելի հեշտ մարսելի:

Այդ տեսակի նյութերը հասցեագրվում են գրագետ, բայց ոչ շատ դիտողունակ մարդկանց, որոնք տվյալ թեմայից կամ ոլորտից հեռու են և չեն կարող նկատել որոշ կարևոր բացթողումներ:

Այսինքն, մենք ունենում ենք լսարան, որը չի ձգտում լինել տեղյակ, միայն ինֆորմացիայի պասիվ սպառող է, ինչպես նաև ունենք միջին շերտ, որը ուղղակի բավարար ուշադիր ու տեղեկացված չէ, որպեսզի նկատի սխալների հատիկները՝ տեքստերում:

Դավադրության տեսությունները նաև ուղիղ ձևով կպնում են հայկական ինքընկալման շատ խորքային բաղադրիչներին:

Կան դպրոցական դասագրքեր և տարբեր գրական ստեղծագործություններ, հատկապես պարտադիր ուսուցման դասական շարքեր, որոնք երեխաների մեջ սերմանում են, թե մեզ հալածել են, կոտորել, ցանկացել ոչնչացնել և այլն: Այդ կաղապարները կարծես մանկուց ամրապնդվում են մեր մասին պատկերացումներում:

Եվ այսօր ստացվող ինֆորմացիան շատ լավ սոսնձվում է մեր մեջ եղած, նստած ու լավ ծանոթ ինֆորմացիային, որի հետ որոշ առումով հաշտ ենք, արդեն ընդունել ենք: Եվ երբ լսում ենք մեզ ծանոթ մի բան, այն միանգամից արձագանք է գտնում մեր ներսում: Միանգամից ընդունում ենք, որ սա ճիշտ է:

Այդ պատճառով էլ, երբ լսում ենք, որ հայերը որևէ երկրում խուլիգանական արարք են գործել կամ ինչ-որ մեկին բռնաբարել են և այլն, անկախ այն բանից դա տեղի է ունեցել, թե ոչ, հանրության մեծ մասը այդ լուրերը մերժում է՝ վստահ պնդելով, որ նման բան չի կարող լինել: Հայերն ինչպե՞ս կարող են նման բան անել…

Որովհետև մեր ինքնընկալման մեջ նման պատկերացումներ չկան: Դրան գումարվում է նաև այն, որ թույլ է զարգացած քննադատական մտածողությունը, որը առնվազն կհուշեր, որ յուրաքանչյուր ժողովրդի մեջ կարող են լինել տարբեր անհատներ:

Իրականում, ինֆորմացիայի հանդեպ հավատը շատ պարզ բացատրություն ունի: Այն ինֆորմացիան, որն արդեն տեղ է գտել մեր ներսում (ընդ որում կապ չունի, թե որտեղից ենք այն ստացել՝ փողոցում, տանը, թե գրքերից) փնտրում է իր նմանակին: Եվ ցանկացած տեղեկություն, որը հաստատելու է մեր մեջ եղածը, միանգամից արժանանալու է հավանության:

Եվ դրան հակասող կամ լրիվ թարմ տեսակետները, բնականաբար, չեն ընդունվելու:

Լրատվական աղմուկի մեջ ապրելը իհարկե, տրավմատիկ է: Մանավանդ, որ զգում ենք, թե ինչպես է աղմուկի մեջ տարալուծվում ու կորչում օգտակար խոսքը:

Տագնապային խանգարումները, առհասարակ տագնապայնությունը շատ բնորոշ են մեր ներկա վիճակին: Կարելի է ասել, որ Հայաստանում ամեն երկրորդը, եթե ոչ՝ ամեն մեկը, ունի տագնապային խանգարումներ, տագնապայնություն (խուճապային գրոհներ, գեներալիզացված տագնապային խանգարումներ, ֆոբիաներ և այլն):

Եվ դավադրությունների տեսություններին հավատը հիմնվում է նաև սրա վրա:

Այսինքն, մարդկանց անընդհատ թվում է, որ իրենց շրջապատող աշխարհը շատ վտանգավոր է, որ ինչ-որ մեկն ուզում է իրենց վնաս տալ, վատություն անել, ծուղակը գցել, կործանել և այլն:

Եվ սրանք միայն ինտելեկտուալ խնդիրներ չեն, այլև հուզական: Հույզերը ևս մեծ դեր են խաղում: Մարդիկ իսկապես անընդհատ վախենում են: Վախենում են անհայտ, անհասկանալի վտանգներից:

Իսկ ինչպե՞ս կարելի է բազմազան աշխարհի հաճույքը ներմուծել դպրոց: Մի գլխից մյուսը տեղափովող ինֆորմացիան չլինի զուտ մեխանիկական գործ:

Տարբեր կրթական համակարգերում, որոնք հիմնված են կոմպետենցիաների՝ կարողությունների, ձևավորման վրա, կիրառվում են հնարքներ:

Օրինակ, երբ երեխաները կարդում են տեքստը, առաջին հերթին պիտի հասկանան իմաստը: Ոչ թե կարդան ու վերարտադրեն, կարդան ու պատասխանեն կամ անգիր անեն, այլ հենց հասկանան:

Չհամաձայնելը, վիճելը, կարծիք արտահայտելը երկրորդ քայլն է, ավելի խորը կոմպետենցիա: Բայց հենց առաջին կամ երկրորդ դասարանից սկսած երեխան պետք է կարողանա հասկանալ, թե ինչ է կարդում:

Նախ հասկանա, հետո դրա հետ վիճի:

Սա շատ կարևոր բաց է մեր կրթական համակարգում: Միգուցե շատերիս խնդիրը հենց դա է. վիճում ենք մի բանի հետ, որը չենք հասկացել:

Կարծում եմ՝ դպրոցում չեն սովորեցնում հիմնավորել սեփական տեսակետը, ամեն ինչի հետ կարելի է չհամաձայնվել, դա անգամ պարտադիր վարժանք է, պարզապես պետք է կարողանալ փաստարկներ բերել սեփական կարծիքը ներկայացնելու համար: Ոչ թե կրկնել դասագրքում գրածը կամ ուսուցչի ասածը:

Հիմնավորումն ավելի խորը ունակություն է: Ցանկացած կարծիքի համար պիտի ունենանք գիտելիքի հարուստ բազա: Չենք կարող ամեն ինչի մասին կարծիք հայտնել:

Ես, օրինակ, հոգեբան եմ ու չեմ գնա կարծիք հայտնելու ստամոքսի վիրահատությունների վերաբերյալ:

Լրատվական դաշտում հիմա հենց նման իրավիճակ է: Փորձագիտական կարծիքը լղոզվում է, երբ բոլորը խոսում են ամեն ինչի մասին: Ու մեդիան դա տարածում է:

Հասարակական, սոցիալական հարցեր կան, որոնց մասին կարծիք ենք հայտնում՝ մտածելով, որ դա մեզ է վերաբերվում: Բայց երբ խոսքը մասնագիտական կարծիքի մասին է, ստեղծվում է լուրջ խառնաշփոթ:

Օրինակ, հիմա երբ բոլորը խոսում են սեռական դաստիարակության մասին, ուզում ես, որ լսելի լինեն մանկավարժները, որոշ դեպքերում բժիշկները, որոնք առնչվում են կոնկրետ հետևանքների հետ, նաև ծնողները:

Բայց բժիշկը պետք է խոսի իր ոլորտից, այն դեպքերից, որոնց իրոք առնչվել է, տվյալներ մեջբերի, այլ ոչ թե ասի, թե ինչպես պետք է դասավանդեն և ինչպես չպիտի դասավանդեն: Դա նույնն է, եթե, օրինակ, լրագրողները ասեն, թե ինչպես պետք է բուժեն բժիշկները:

Ամեն մեկը պիտի փորձի իր դաշտում արտահայտել կարծիք, հակառակ դեպքում դա դառնում է բամբասանքի կամ ինքնարտահայտման ծայրահեղ ձև:

Եվ հենց դպրոցից է պետք սովորեցնել ինֆորմացիան հասկանալ, վերլուծել և միայն դրանից հետո՝ կարծիք արտահայտել:

Կրթության ոլորտի մյուս կարևոր խնդիրը ինֆորմացիայի միավորներին քննադատաբար մոտենալն է:

Ի վերջո, պետք է հասկանանք, որ երբ մեկը մեզ ասում է՝ բա իմացա՞ր, Վարդանը սիրում է Վարդուշին, միանգամից չընդունենք, որ Վարդանը սիրում է Վարդուշին ու արագորեն տարածենք այդ լուրը:

Հարց տանք, թե որտեղից իմացանք դրա մասին, ինչու է դա պետք տարածել, ինչու դրա մասին հենց ինձ պատմեցին և այլն: Այսինքն, փորձենք հասկանալ տեղեկություն հաղորդողի պարզ դրդապատճառները:

Երբեմն ընդամենը պետք է գիտակցել, որ մեր կարդացած ցանկացած տեղեկատվական տեքստ վկայում է միայն այն բանի մասին, որ տվյալ մարդը ուզում է, որ մենք սրա մասին իմանանք: Ուրիշ ոչ մի բանի մասին չի վկայում:

Չենք կարող անմիջապես հասկանալ՝ դա ճշմարտություն է, թե սուտ, ստուգված փաստ է, թե կեղծիք:

Միակ ապացուցված փաստն այն է, որ ինչ-որ մեկը ուզում է, որ ես այդ մասին իմանամ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *