2016.01.15,

Տեսակետ

Փախստականների ճգնաժամը փորձություն էր գերմանական մեդիայի համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Օլաֆ Յանը գերմանացի մրցանակակիր հետաքննող լրագրող է և Գերմանիայի մեդիայի ոլորտում կարևորագույն մասնավոր կրթական հաստատություններից մեկի՝Բեռլինի լրագրության դպրոցի գործադիր տնօրենը:

Դպրոցը զբաղվում է ոչ միայն տեղացի լրագրողների մասնագիտական կրթությամբ, այլև կազմակերպում է փոխանակման ծրագրեր տարբեր երկրների լրագրողների համար:

Գերմանիայի մեդիայի մասին խոսելիս Օլաֆը նշում է, որ լրատվամիջոցների գլխավոր մարտահրավերներից է փախստականների ճգնաժամի (Refugee Crisis) լուսաբանումը: Որոշակի ժամանակ մեդիան փորձում էր գտնել լուսաբանման ճիշտ ճանապարհը: Ողջ հասարակությունն էր փորձում գտնել:

Մարտահրավերներից մեկն էլ կարճ ժամանակում որակյալ լրագրողական արտադրանք ստեղծելն ու ընթերցողներ պահպանելն է:

Ո՞րն է Գերմանիայի բնակչության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը:

Նայած, թե բնակչության որ հատվածին նկատի ունենք: Օրինակ՝ երիտասարդները, ինտելեկտուալներն ու լիբերալները ինֆորմացիան սպառում են հիմնականում ինտերնետի միջոցով: Թերթեր, ամսագրեր կարդում են պահպանողական, միջին եկամուտ ունեցող մարդիկ, որոնք ձգտում են կայունության: Ընդհանուր առմամբ, Գերմանիայում նույն խնդիրն է, ինչ Եվրոպայի այլ երկրներում՝ տպագիր մեդիան արագորեն կորցնում է իր ընթերցողներին և չի կարողանում նոր, երիտասարդ ընթերցողներ ձեռք բերել, որովհետև այդ ընթերցողներն արդեն ինտերնետում են:

Ամեն ինչ փոխվում է այժմ, տեսնում ենք, որ ինտերնետն առաջ է անցնում մեդիայի մյուս բոլոր տեսակներից:

Առաջ է անցնում նույնիսկ հեռուստատեսությունի՞ց:

Հեռուստատեսության դիրքերը դեռ ամուր են, հեռուստատեսությունն ու ռադիոն ինտերնետից էլ հզոր են: Սակայն պետք է հաշվի առնենք, որ երբեմն ռադիո իրականում չենք լսում, այն պարզապես միացված է լինում: Թերթեր, ինտերնետային լուրեր կարդում ենք, իսկ ռադիոն իր համար միացված է, այնպես որ ինֆորմացիա հաղորդելու առումով դժվար է գնահատել ռադիոյի իրական կարևորությունը: Այն դեռ կարևոր է, բայց կարծում եմ՝ ինտերնետի ազդեցությունն առնվազն մոտ է ռադիոյի ազդեցությանը, բայց չի հասնում հեռուստատեսությանը:

Առհասարակ որքանո՞վ ազդեցիկ է մեդիան լսարանի կարծիք ձևավորելու առումով:

Թեև տպագիր մեդիան կորցնում է իր ընթերցողներին, այն դեռևս բավական մեծ ազդեցություն ունի ընթերցողների կարծիքների վրա: Ընդհանրապես Գերմանիայում մեդիան ազդեցիկ է: Կարող եմ ասել, որ լրատվամիջոցներն իսկապես լավ են անում իրենց գործը՝ շատ ինֆորմացիա են հաղորդում և օգնում են մարդկանց իրենց սեփական կարծիքը կազմել:

Կարող ես բարձրագույն կրթություն չունենալ, բայց ֆանտաստիկ լրագրող լինել, եթե հետաքրքրասեր ես ու հետաքրքրված:

Ինչպիսի՞ն է լրագրողի իմիջը Գերմանիայում:

Երկար տարիներ է՝ լրագրողը Գերմանիայում լավ իմիջ չունի: Այդպես էր նաև 80-ականներին, երբ նոր էի մուտք գործում լրագրության ոլորտ: Լրագրողները միշտ էլ խնդիրներ են ունեցել իրենց իմիջի հետ կապված: Պատճառներից մեկն այն է, գուցե, որ Գերմանիայում լրագրող լինելու համար երբեք պարտադիր չի եղել ֆորմալ կրթություն ունենալը (ինչը ամենևին էլ չափանիշ չէ, որովհետև կարող է բարձրագույն կրթություն չունենաս, բայց ֆանտաստիկ լրագրող լինես, եթե հետաքրքրասեր ես ու հետաքրքրված):

Մյուս պատճառն էլ, գուցե, այն է, որ մեդիան, բնականաբար, հաճախ է խոսում խնդիրների մասին, իսկ մարդիկ չեն սիրում խնդիրներ. երբ կարդում են խնդիրների մասին, տպավորություն են ստանում, թե լրագրողները միայն բացասականն են տեսնում:

Փախստականների ճգնաժամը շատ արդիական թեմա է Գերմանիայի համար: Ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ են գերմանական լրատվամիջոցներն անդրադառնում դրան:

Այս թեման մեդիայում հայտնվում է ամեն օր և մեծ քանակությամբ լուրերով: Փախստականների ճգնաժամի սկզբում մեդիան ճիշտ դիրքավորվելու խնդիր ուներ: Երբեմն լրագրողի էմոցիաները տեղի էին տալիս: Լուսաբանելով, թե ինչպես են միլիոնավոր աղքատ մարդիկ՝ հոգնատանջ, երբեմն՝ վիրավոր, ոտքով սահմաններ անցնում ու հասնում այստեղ, լրագրողը դժվարությամբ էր ինքն իրեն ասում՝ լավ, կփորձեմ օբյեկտիվ լինել առանց կարեկցանքս ցույց տալու:

Գերմանական մեդիայում նույնիսկ քննարկում էր ծավալվել՝ արդյոք պետք է և որքան է պետք լրագրողական նյութում ցույց տալ սեփական էմոցիաները, և մինչև հիմա կարծիքները տարբեր են: Սկզբում մարդիկ ուրախանում էին, որ փախստականները գալիս են մեր երկիր, հետո հանկարծ սկսեցին մտածել՝ բայց դա կարող է նաև գումար արժենալ:

Թերթերից մեկում մի վերնագիր կար՝ «Փախստականների ճգնաժամը Գերմանիայի համար 3.6 միլիարդ եվրո կարժենա»: Սա սարսափելի կարող է թվալ լուրը լսողի համար, բայց ի՞նչ արեց թերթը, ասաց՝ այո, նրանք հնարավոր է գումար արժենան, բայց արդյունքում մենք Գերմանիայում կունենանք տաղանդավոր մարդիկ, որոնք կօգնեն մեր հասարակությանը:

Յուրաքանչյուր լրատվամիջոց փորձում էր լուսաբանման ճիշտ ուղի գտնել:

Բնականաբար, մեդիան հաճախ է խոսում խնդիրների մասին, իսկ մարդիկ չեն սիրում խնդիրներ. երբ կարդում են խնդիրների մասին, տպավորություն են ստանում, թե լրագրողները միայն բացասականն են տեսնում:

Մեդիայում կար նաև դիտարկում, թե փախստականների հոսքով կմեծանա հանցագործությունների թիվը: Իրականում եթե նայենք ուսումնասիրություններին, դա ճիշտ չէ:

Միջին վիճակագրական փախստականն ավելի կամ պակաս հանցագործ չէ, քան գերմանաբնակը:

Բայց նման իրավիճակներում երբեմն թեմաները ծնվում են ու տարածվում՝ սկզբում թերթում, հետո ինտերնետում, և շատ բարդ է լինում դրանց դիմակայելը: Բայց կարծում եմ ընդհանուր առմամբ գերմանական մեդիան կարողացավ անել դա:

Ի՞նչ մարտահրավերներ ունեն այսօր գերմանացի լրագրողները:

Մեր երկրում իրական խնդիրը ոչ թե գրաքննությունն է կամ մեծ լրատվամիջոցների ու ընկերությունների ճնշումը, որոնք չեն ուզում որևէ բան տպագրվի, այլ ընդհանուր տնտեսական վիճակը:

Այսօր Գերմանիայում լրագրողների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք քիչ ժամանակ ունեն իրենց գործը լավ կատարելու համար: Լրատվամիջոցները կրճատել են իրենց աշխատակազմը: Աշխատանքը շատ է, ճնշումը՝ մեծ, իսկ հետաքննություն անելու ժամանակը՝ քիչ: Աշխատավարձերն էլ այնքան արագ չեն աճում, ինչպես նախկինում: Լրագրողը լրագրողական լավ աշխատանք կատարելու ժամանակ չունի:

Ֆրիլանսերներն այլ խնդիրներ ունեն. նրանք երբեմն հայտնվում են դատարանում, երբ վիճահարույց թեմաներ են լուսաբանում: Իսկ դատարանում հայտնվելը շատ թանկ արժե. նույնիսկ եթե լրագրողը ճիշտ է, վերջում, միևնույն է, մեծ գումար կարող է կորցնել: Սակայն ֆրիլանսերները հաճախ լրագրողական միությունների անդամ են, որոնք հոգում են դատական և փաստաբանական ծախսերը և շատ օգտակար են լինում նման դեպքերում:

Լրագրողական միություններն իսկապե՞ս օգտակար են:

Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ Գերմանիայում ֆիքսված պայմանագիր և բարձր պաշտոն ունեցող լրագրողները միությունների անդամ չեն: Միություններին անդամակցում են հիմնականում ֆրիլանսերները, որոնք, իհարկե, ավելի խոցելի դիրքերում են:

Միությունները մի շարք առավելություններ ունեն, օրինակ՝ կարող են փաստաբան տրամադրել, եթե լրագրողին դատի տան, կամ մասնագիտական դասընթացներ կազմակերպեն չնչին գումարի դիմաց: Ասենք՝ հոդված գրելու երկօրյա դասընթաց կազմակերպեն 80 եվրո արժողությամբ: Դա մեծ գումար չէ Գերմանիայում. նման դասընթացները սովորաբար 400-500 եվրո արժեն: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է:

Միությունները ֆրիլանսերների համար նաև լրագրողների խնդիրների մասին գրելու հարթակ և ընթերցողներ են ապահովում:

Գերմանական մեդիան փոխվու՞մ է սոցիալական մեդիայի ազդեցությամբ:

Թերթերի մեծ մասն արդեն իսկ ունի սոցիալական մեդիայի թիմ: Իրականում բնակչության 50%-ից էլ քիչն է սոցիալական մեդիա օգտագործում, բայց լրատվամիջոցները պարտավոր են արձագանքել նրանց և հաջողությամբ անում են դա: Լրատվամիջոցները փոքր թիմեր ունեն, որոնք Թվիթերով, Ֆեյսբուքով տարածում են հոդվածները և փորձում են հաղորդակցվել իրենց ընթերցողների հետ:

Կարծում եմ՝ նրանք սոցիալական մեդիան օգտագործում են նաև պարզելու, թե ինչն է հետաքրքրում ընթերցողներին, որոնք են թրենդային թեմաները: Եվ ըստ այդմ էլ որոշում են, թե որն է դառնալու թերթի գլխավոր թեման:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Հարցազրույցն արվել է Բեռլինի լրագրության դպրոցի կազմակերպած «Մեդիա գործընկերները հանուն ժողովրդավարության, թափանցիկության և փոխանակման» ծրագրի ընթացքում: Ծրագիրը ֆինանսավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *