Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ամփոփում է տարին։ Առանձնացրել ենք 5 պատմություն 2024 թվականին հրապարակված մեր փաստերի ստուգման նյութերից և հետաքննություններից։
ՄԱԿ-ում Հայաստանի քարտեզների պատմությունը
2024-ի ապրիլին հայաստանյան քաղաքական և մեդիա դաշտն ակտիվորեն քննարկում էին, թե ինչու են նախկին իշխանությունները ՄԱԿ-ին քարտեզներ ուղարկել, որոնցում ներառված չէ Լեռնային Ղարաբաղը, իսկ Տիգրանաշենը նշված է որպես ադրբեջանական անկլավ: Թեմային Ազգային ժողովում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշել, որ այդ հարցով ծառայողական քննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է դա տեղի ունեցել։
Մենք պարզել էինք, որ ՄԱԿ-ի կայքում հրապարակված այդ քարտեզների հեղինակը Հայաստանը չէ։
Կայքում նշված է, որ քարտեզները ստեղծվել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպության և ընդհանուր օգտագործման համար։ Ըստ ՄԱԿ-ի՝ նմանատիպ քարտեզներ կազմակերպությունը պատրաստում է 1946 թվականից՝ կազմակերպության ստեղծման տարվանից։ էջում կարելի է գտնել նաև ՄԱԿ-ի կայքում Հայաստանի վերջին քարտեզը՝ հրապարակված 2013 թվականին։ Որպես քարտեզի «հեղինակ»՝ այստեղ ևս նշված է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Նյութի հրապարակումից ամիսներ անց՝ օգոստոսի 1-ին, Արտաքին գործերի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշել էին, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տվյալ պահին հրապարակման ենթակա տեղեկատվություն չունեն։
Ջրհեղեղից տուժած համայնքներում զանգվածաբար խախտվել են շինարարական նորմերը
Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից հետո, որը խլեց չորս մարդու կյանք, մասամբ կամ ամբողջությամբ փլուզեց ավելի քան 20 կամուրջ և հասցրեց նյութական բազմաթիվ այլ վնասներ, մեր թիմը բացահայտեց, որ աղետի գոտի ճանաչված համայնքներում գետերի շուրջ կառուցապատումը իրականացվել է շինարարական նորմերի զանգվածային խախտումներով։
Գետերի անօտարելի գոտու լայնությունը ջրի ամենաբարձր հորիզոնի եզրագծից կազմում է 35 մետր։ Սա նշանակում է, որ 35 մետրն այն պարտադիր հեռավորությունն է, որը պետք է պահել ջրի ամենաբարձր հորիզոնի եզրագծից՝ գետերի շուրջ կառուցապատում անելիս։ Google Earth-ի օգնությամբ մենք չափեցինք շինությունների հեռավորությունը գետից և հասկացանք, որ բազմաթիվ դեպքերում ոչ միայն չի պահպանվել սահմանված նվազագույն հեռավորությունը, այլև շինությունները կառուցվել են գետաբերանին կամ հենց գետի վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Ադրբեջանի Սահմանդրությունն ու տարածքային պոտենցիալ պահանջները
Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունն այս կարիքը բացատրում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։ Ադրբեջանական իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել էին՝ Հայաստանի Սահմանադրությունում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։
«Ստուգված է»-ն ուսումնասիրեց Ադրբեջանի սահմանադրությունը՝ հասկանալու, թե ինչ պահանջներ և պոտենցիալ այլ խնդիրներ կան այդնտեղ հարևան երկրների և Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։ Նպատակն էր պարզել, թե արդյոք նման պահանջներ ներկայացնող Ադրբեջանն ինքը հետևում է իր կողմից առաջ քաշվող պահանջներին։
1918թ․ անկախության հռչակագիրն այն փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այնտեղ ասվում է, որ «Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը, կազմված Արևելյան և Հարավային Անդրկովկասից, լիարժեք, անկախ պետություն»։
Արևելյան Անդրկովկասը ներառել է Հայաստանի Սյունիքի ներկայիս մարզը, ինչպես նաև տարածքներ Գեղարքունիքում և Վայոց ձորում։ Բացի դրանից՝ 1919-ի Փարիզի կոնֆերանսում ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է իր պատերացումները հանրապետության սահմանների վերաբերյալ։ Ադրբեջանցիների տարածքային պահանջների մեջ էին մտնում ինչպես ներկայիս Սյունիքի մարզը, այնպես էլ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի հատվածները։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Հայ-ադրբեջանական «զենքերի մրցավազքը»
Բրյուսելում գործող EU reporter կայքը մարտի 14-ին հոդված էր հրապարակել, որտեղ անդրադառնում էր Հայաստանի ռազմական ծախսերին և մեղադրում Ֆրանսիային և Հնդկաստանին հնարավոր նոր էսկալացիա հրահրելու համար։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրել է Հայաստանին «ռազմականացվելու» համար։ Դեռևս 2023-ի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից հարյուր միլիոնավոր դոլարի զենքի գնումը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար։
«Ստուգված է»-ն համեմատել էր Հայաստանի և Ադրբեջանի բյուջեներն ու ռազմական ծախսերը՝ ցույց տալու, որ երկու երկրները, ճիշտ է, վերջին մի քանի տարիներին պաշտպանության բյուջեի համար նախատեսում են ՀՆԱ-ի գրեթե նույն չափաբաժինը՝ 3-5%-ը, սակայն բացարձակ արժեքով երկու երկրների ռազմական ծախսերն անհամեմատելի են, քանի որ Ադրբեջանի բյուջեն շուրջ հինգ անգամ ավելին է, քան Հայաստանինը։ Երկու երկրների ծախսերի և ձեռք բերած զենքերի համեմատությունը ցույց էր տվել, որ EU reporter-ի հոդվածն իրականում մանիպուլացնում է Հայաստանի՝ «զենքերի առքուվաճառքի մրցավազք հրահրելու» թեման։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Ոչնչացող պատմամշակութային ժառանգությունը՝ Թիֆլիսում
Հունվարի 30-ին հրապարակված մեր հոդվածում անդրադարձել էինք Թիֆլիսում գտնվող և արդեն խոնարհված եկեղեցիներին, որոնք տասնամյակներ շարունակ կռվախնձոր են Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև, ինչի պատճառով այժմ ոչնչացման եզրին են։
Մի կողմ թողնելով ծագումնաբանության հարցը՝ մենք պատմել էինք, թե որոնք են այդ եկեղեցիները և թե ինչ վիճակում են հայտնվել՝ երկու երկրների անհամաձայնությունների պատճառով։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: