Հունվարի 31-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի փակ ակումբներից մեկը հայտարարություն է տարածել սեքս միջոցառում-խնջույքի մասին։ Լրատվակայքը հրապարակել էր էկրանապատկեր, որում երևում է հայտարարությունը տարածած տելեգրամ ալիքը։
Այս տեղեկությունը տարածել էին henaran.am, asekose.am, panorama.am և այլ լրատվակայքեր։ Թեմային անդրադարձել էր հումորային երգիծական հաղորդում Armcomedy-ն, որի` փետրվարի 5-ի հաղորդման մի հատվածը նվիրված էր ենթադրյալ սեքս խնջույքին։
Սեքս խնջույքի մասին հայտարարությունը հայտնվել էր նաև ՀՀ դատախազության ուշադրության ներքո․ panorama.am-ի հարցին ի պատասխան գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ասել էր, որ թեման ուսումնասիրվում է։
«Ստուգված է»-ի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ թեման մինչ օրս ուսումնասիրվում է և նորությունների դեպքում մեզ տեղյակ կպահեն։
Ո՞վ և ինչպե՞ս է տարածել հայտարարությունը
Հայտարարությունը տարածել էր Red Room EVN տելեգրամյան ալիքը։ Համանուն ֆեյսբուքյան էջը, որի առաջին հրապարակումը եղել է այս տարվա հունվարի 29-ին, կայանալիք միջոցառումը գովազդով օրեր շարունակ տարածում էր։ Այժմ, սակայն, գովազդը հասանելի չէ։
Տելեգրամյան ալիքն առաջին հրապարակումը արել է հունվարի 23-ին։ Հայտարարությունն այն մասին էր, որ իրենք «նորից վերադառնում են» և այս տարի կազմակերպելու են 4 միջոցառում։ Տոմսերի արժեք է սահմանված 80 և 150 հազար դրամ՝ կախված փաթեթից։
Իրակա՞ն է միջոցառումը
«Ստուգված է»-ն փորձեց հասկանալ՝ միջոցառումն իրակա՞ն է, թե՞ ոչ։ Նամակագրությամբ խոսեցինք Red Room EVN-ի մենեջեր ներկայացող տելեգրամ ալիքի հետ, որին անհրաժեշտ էր գրել միջոցառման տոմսերը գնելու համար։
Նշենք, որ գրել ենք 4 տարբեր տելեգրամյան ալիքներով և բոլոր դեպքերում առանց հատուկ նախապայմանների, առանց անձի ինքնությունը ստուգելու, հաստատել են մեր մասնակցությունը։ Սա արդեն իսկ բավականին տարօրինակ էր նմանաբնույթ փակ միջոցառման համար։
Տելեգրամյան ալիքը սեքս խնջույքի մասնակցության համար մեզ ուղարկեց կրիպտոհաշիվ, որին պետք էր փոխանցում անել բացառապես էլեկտրոնային արժույթով (կրիպտոարժույթով)։ Այլ արժույթով հաշվեհամար տրամադրել հրաժարվեցին։ Նշենք, որ կրիպտոաժույթը ստեղծվել է անհատների կողմից և մինչև օրս չի վերահսկվում և կարգավորվում պետության կողմից: Օնլայն խաբեությունները մեր օրերում շատ հաճախ կատարվում են կրիպտոարժեքով։ Վերջերս ՆԳՆ-ն հայտնաբերել էր նմանատիպ խաբեության օրինակ նաև Հայաստանում։
Երբ մենք լրացուցիչ երաշխքներ ուզեցինք տելեգրամյան ալիքից՝ գումար փոխանցելու համար, մենեջերը պատասխանեց, որ իրենց նախագիծը բավականին հայտնի է «նման շրջանակներում»։ Red club-ն ու Red room-ն իրենց նախագծերն են։
Մենք կապ հաստատեցինք ռուսական Red club-ի հետ, որը երկար ժամանակ կազմակերպում էր 18+ միջոցառումներ Ռուսաստանում։ Հենց այս նախագծի անունից էր ներկայանում Red Room EVN-ի մենեջերը։ Լուսանկարները, որոնք հրապարակված են նրանց տելեգրամ ալիքում, վերցված են հենց Red club-ի կայքից (որն այսօր արդեն չի գործում)։
Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Red club-ի կոնտակտային անձը՝ իրենք որևէ կապ չունեն Red Room EVN-ի-ի հետ։ Ավելին, իրենց կայքում նշված է, որ միջոցառումներ այլևս չեն անցկացվում։
Կարևոր է, որ չնայած Red Room EVN-ը հայտարարության մեջ նշում է, որ տեղերը սահմանափակ են և նամակների հոսքի պատճառով իրենք չեն հասցնում պատասխանել բոլորին, բայց իրենց օնլայն դրամապանակում գումարի որևէ շրջանառություն չի եղել։ Այսինքն որևէ գումար դեռևս չի փոխանցվել։ Այս պահին էլ այն ցույց է տալիս 0:
Այսպիսով, մեր հավաքած տեղեկությունների վրա հիմնվելով, կարող ենք ասել, որ ի դեմս Red Room EVN-ի կազմակերպած սեքս-խնջույքի, գործ ունենք խաբեության հետ, քանի որ տելեգրամյան ալիքը փորձում է նույնանալ ռուսական ավելի հեղինակավոր Red club-ի հետ, մինչդեռ այդ նախագծի հետ առնչություն չունի։ Մյուս կողմից բարձր է առցանց դրամաշորթության ռիսկը, քանի որ խնջույքի կազմակերպիչները գումարները փորձում են ստանալ բացառապես կրիպտոարժույթով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: