2022.02.01,

Ստուգված է

Կորոնամիֆեր. հունվարի 15-31

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի երկրորդ կեսին ուժի մեջ մտան հակահամաճարակային նոր սահմանափակումները։ Այսուհետ արգելվում է առանց պատվաստման սերտեֆիկատի կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի այցելել սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզասրահներ և այլ հանրային վայրեր։ 

Այս որոշումն իհարկե հանրային ընդվզում առաջացրեց` դժգոհ էին բիզնեսմենները, դժգոհ էին նաև հակավաքս ակտիվիստները։ Վերջին երկու շաբաթների ընթացքում իրազեկման միջոցառումների իրականացնելիս սխալվեցին և կեղծ լուրեր տարածեցին ինչպես հակավաքս ակտիվիստները, այդպես էլ Առողջապահության նախարարությունը։

Moderna-ն արգելվո՞ւմ է 18-ից ցածրերին

Լուսաբանելով «Ազատ կամք»-ի բողոքի ակցիան՝ Հայկական 2-րդ հեռուստաալիքի (h2) թղթակիցը նշեց, թե Առողջապահության նախարարը Մոդերնայով պատվաստվելու տարիքային շեմն ինքնակամ իջեցրել է մինչև 12 տարեկան, մինչդեռ արտադրողը թույլատրում է կիրառել միայն 18-ից բարձրերի համար։

Այս պնդմանը media.am-ն անդրադարձել է բազմիցս։ Չնայած Moderna-ի ուղեցույցում իսկապես նշվում է, որ կիրառման տարիքը սկսում է 18-ից, սակայն 2021-ի հոկտեմբերի 25-ին ընկերությունը նոր հետազոտության արդյունքները հրապարակեց, որում նշվում էր 6-11 տարեկանների շրջանում պատվաստանյութի արդյունավետության մասին։ Հետազոտությանը մասնակցել էր ավելի քան 4700 երեխա։ Գրեթե բոլոր երեխաների մոտ պատվաստանյութը իմունային արձագանք էր առաջացրել, բոլոր պատվաստավածների մոտ ձևավորվել էին հակամարմիններ։

Պատվաստվածներն ավելի հաճա՞խ են վարակվում

Հունվարի 19-ին «Ազատ կամք» շարժման անդամ Սամվել Գրիգորյանը, որը նախկինում ղեկավարում էր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ը, «Փաստինֆո»-ի եթերում ասաց, թե պատվաստանյութի խթանիչ դեղաչափ ստացածների մոտ վարակելիությունը ավելի բարձր է՝ «Հետազոտությունը ցույց ա տալիս, որ ամենաշատը աճել ա վիրուսի վարակելիությունը բուստեր ստացած մարդկանց մոտ։ Չպատվաստվածների մոտ վարակելիությունը նույնն է մնացել»։

Այս տեղեկությունը տարածվել էր Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) շաբաթական հաշվետվությունում տեղ գտած սխալի պատճառով, որը հետագայում ուղղվեց։ Օգտատերերն ու լրատվականները գրում էին, թե հաշվետվության համաձայն օմիկրոնով վարակվածների 96%-ը պատվաստվածներն են, իսկ 4%-ը՝ չպատվաստվածները (հղում 1, հղում 2, հղում 3)։ RKI-ի ներկայացուցիչը Reuters-ին պարզաբանել էր, որ իրենք նման վիճակագրություն չեն հրապարակել, իսկ հաշվետվությունում սխալ էին ներկայացրել չպատվաստվածների թիվը, որը շուտով ուղղել են։ Չնայած այս պարզաբանումը հնչել էր դեռևս հունվարի 4-ին, Սամվել Գրիգորյանը չզլացավ մոտ 3 շաբաթվա հնության սխալ տեղեկությունը կրկին հնչեցնել։

Կարևոր է նաև, որ Օմիկրոնը ունի տարածման շատ ավելի մեծ արագություն, այն վարակիչ է և՛ պատվաստվածների, և՛ չպատվաստվածների, և՛ վարակված-ապաքինվածների համար։ Պատվաստանյութերի արդյունավետությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրել, թե մահացությունը որ դեպքում է առավել բարձր։ Our world in data-ում առկա տվյալներով՝ աշխարհի մի շարք երկրներում (Շվեյցարիա, Լիխտենշտեյն, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չիլի և այլն) չպատվաստվածների մահացության տոկոսն անհամեմատ ավելի բարձր է, քան պատվաստվածներինը։ Ավելին՝ նույն տվյալներով բուստեր (խթանիչ դեղաչափ) ստացած մարդկանց մոտ մահացությունն ավելի ցածր է, քան երկու դեղաչափ ստացածներինը։

 

Սպուտնիկ Լայթը հակացուցվա՞ծ է հղիներին

Հունվարի 27-ին «Ազատ կամք» նախաձեռնությունը հրապարակեց Սամվել Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ, որում նա մեղադրում էր Առողջապահության նախարարությանը Սպուտնիկ Լայթի ուղեցույցը խախտելու համար։ Ըստ Գրիգորյանի՝ նախարարության նշած միակ հակացուցումը բաղադրիչի նկատմամբ գերզգայուն ռեակցիան է, մինչդեռ Սպուտնիկ Լայթով պատվաստման համար հղիությունը և կրծքով կերակրումը ևս հակացուցում է։

Նշենք, որ հրամանում գերզգայուն ռեակցիան իսկապես նշված է որպես Սպուտնիկ Լայթի միակ բացարձակ հակացուցում, սակայն նախարարի հրամանում տեսնում ենք նաև ժամանակավոր հակացուցումների ցանկը՝ սուր սոմատիկ և վարակիչ հիվանդություններ, քրոնիկ հիվանդությունների սրացում և այլն, որոնց մասին «Ազատ կամքը» չի նշում։ 

Ինչ վերաբերում է հղիությանն ու կրծքով կերակրմանը, ապա դրանք իսկապես պատվաստանյութի մշտական հակացուցումների ցանկում են։ Ֆորմալ պատճառն այն է, որ արտադրողը այն չի փորձարկել հղիների շրջանում։

Առողջապահության նախարարությունից media.am-ին ասացին, որ Սպուտնիկ Լայթն արտադրված է Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչի նույն տեխնոլոգիայով, իսկ Սպուտնիկ V-ն թույլատրվում է կիրառել հղիների շրջանում․

«Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի արտադրական ներդիրում նշված է, որ պատվաստանյութի անվտանգությունը չի ուսումնասիրվել հղիների շրջանում, սակայն այն արտադրված է Սպուտնիկ-V պատվաստանյութի 1-ին բաղադրիչի նույն տեխնոլոգիայով՝ հիմնված ադենովիրուսի 26-րդ շտամի վրա: Սպուտնիկ-V-ի դեպքում արդեն իսկ կա վերանայում հղիների համար, հետևաբար Սպուտնիկ Լայթի համար նույնպես կլինի տվյալների վերանայում՝ հաշվի առնելով պատվաստանյութի օգուտի առավելությունները հղիի և ռիսկերը պտղի վրա»,- նշեցին նախարարությունից։

Նախարարությունից դժվարացան պատասխանել, թե ինչու է Սպուտնիկ Լայթի ներդիրում հղիությունն ու կրծով կերակրումը մինչ օրս համարվում հակացուցում։

Սխալ տեղեկություն հրապարակեց Առողջապահության նախարարությունը

Հունվարի 16-ին «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանն
ահազանգեց, որ նախարարությունը պատվաստանյութի կեղծ գովազդ է իրականացնում։ Հրապարակված կարճ տեսանյութում նա մուտք է գործում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջ, որի բաժիններից մեկում նշված է՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը»:

Այս տեղեկությունն իսկապես չի համապատասխանում իրականությանը, պատվաստանյութերը չունեն 100%-անոց արդյունավետություն, այդ մասին շատ անգամներ հայտարարել է նաև նախարար Անահիտ Ավանեսյանը։ Դրա մասին են վկայում նաև դեպքերը, երբ մարդիկ պատվաստված են եղել, սակայն մահացել են մարդիկ։ Այդուհանդերձ, պետք է նշել, որ պատվաստված, սակայն մահացածների թիվն անհամեմատ ավելի փոքր է աշխարհում, քան չպատվաստված-մահացածներինը։

ՀՎԿԱԿ կայքէջից «100 տոկոս» բառակապակցությունն արդեն հեռացրել է, սակայն շարունակում է ակտիվ մնալ դժվարընթեռնելի պաստառը, որում գրված է նույն արտահայտությունը։

Հակավաքս բժիշկները հայաստանյան մեդիայում

Media.am-ը հունվարի 18-ին պատմեց լրատվամիջոցներում և սոցցանցերում հաճախ հայտնվող օտարերկրացի բժիշկների մասին, որոնք միջազգային մամուլում հայտնի են որպես COVID-19-ի մասին կեղծ լուրեր տարածողներ, սակայն մեր դաշտում շարունակաբար ներկայացվում են որպես ոլորտի մասնագետներ։ Հոդվածում ներկայացրել ենք, թե ովքեր են իրականում հայտնի բժիշկները և ինչպիսի կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ են տարածել կորոնավիրուսի և պատվաստումների վերաբերյալ։

Հակապատվաստումային շարժում` զինված քաղհասարակության գործիքակազմով

Հունվարի 31-ին media.am-ը հրապարակեց հակապատվաստումային շարժման մասին իր ուսումնասիրությունը։ Այստեղ նկարագրված է, թե ինչպես են հայաստանյան հակավաքս ակտիվիստները ստեղծել սեփական հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները), լրատվականներն ու «շարժումները»՝ իրենց գործունեությունն ավելի լեգիտիմ ներկայացնելու համար։ Հետաքրքիր է, որ պատվաստման դեմ պայքարը Հայաստանում ժամանակի ընթացքում վերածվել է քաղաքական ակտիվիզմի, ձևավորված մեծ խմբերում կան ներկա և նախկին պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և բժիշկներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են միմյանց հետ։

Media.am-ին նաև հաջողվել էր պարզել, որ այդ խմբերից մեկը՝ «Լույսի բանակը», օգտագործում է Whatsapp-ի փակ խմբեր՝ շարժման առաջնորդի համար «լայքեր» ապահովելու համար։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *