Երևանի ավագանու իշխող խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել։ Այս նախագիծը կքննարկվի ավագանու արտահերթ նիստում՝ դեկտեմբերի 22-ին։ Media.am-ը գրել էր այս գործընթացին նախորդած տեղեկատվական արշավի մասին, որ իշխանության հետ փոխկապակցված լրատվականները վարում էին Մարությանի դեմ։
Այսօր, դեկտեմբերի 18-ին, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը, որը սատարել է Մարությանին, ֆեյսբուքյում գրեց, որ այս տարվա փետրվար ամսին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները փորձել են սաբոտաժ անել 211 ավտոբուսների գնման գործընթացը՝ նախագծի հաստատման նիստին չմասնակցելով։
«Խոսքը 211 նոր ավտոբուսների մասին է, որի գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին։ Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի և նոր ավտոբուսների գնումը տապալվի»,- գրել է Գևորգյանը։ Նա հավելել է, որ սաբոտաժի փորձը արվել է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձել են հանել մարդկանց։
Մի քանի ժամ անց նույն տեղեկությունը հրապարակեց նաև «Իմ քայլի» ավանագնու արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։
Ի պատասխան այս գրառման՝ «Իմ քայլը» խմբակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն հրապարակեց, նշելով, որ «Առանց «Իմ քայլի» քվեների, կառավարության աջակցության ու Հրաչյա Սարգսյանի ամենօրյա աշխատանքի ավտոբուսների ձեռքբերումը ուղղակի չէր կարող տեղի ունենալ»։
Media.am-ը որոշեց պարզել՝ ավագանու ո՞ր անդամներ են մասնակցել նիստին, ինչպիսի՞ն է եղել քվեարկությունը և արդյոք «Իմ քայլը» խմբակցությո՞ւնն է ապահովել ձայների նվազագույն քանակը։
2021 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 11.00-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը, որին ի սկզբանե գրանցվել էին 35 անդամներ։ Օրակարգում առաջինը Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցն էր։ Նախատեսվում էր 11 միլիարդ 988 միլիոն 460 հազար դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին, որի շրջանակում Երևանի բյուջեով պետք էր գնել 161 միավոր ավտոբուս։
Չնայած նիստի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ գրանցվել է ավագանում 35 անդամ (34:35), այնուամենայնիվ նիստի արձանագրության մեջ տեսնում ենք, որ քվեարկությանը մասնակցել են 34-ը։
Քվեարկությանը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության 30 անդամ։
Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Գործող ավագանին 65 անդամ ունի, ինչը նշանակում է, որ ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայների քանակը 33-ն է, ինչն «Իմ քայլը» ապահովել չի կարողացել, քանի որ ինչպես նշեցինք, ներկա էին 30-ը։
Նիստն ու քվեարկությունը կայացել են շնորհիվ ավագանու՝ ևս 4 անդամների, որոնք են Մարկոս Հարությունյանը, Արմեն Ներսիսյանը (ԲՀԿ), Էռնեստ Ավանեսովը և Իզաբելլա Աբգարյանը (անկախ են)։ Հետևաբար պնդումը, թե «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները, չի համապատասխանում իրականությանը։
Քվեարկության արդյունքները
«Իմ քայլը» խմբակցության երկու անդամ՝ Արփենիկ Մարությանը և Սերգեյ Գյոզալյանը, ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ։
Քվեարկությանը չմասնակցած ավագանու անդամներն են՝ Անի Խաչատրյանը, Աշոտ Մնացականյանը, Աշոտ Սարգսյանը, Ասքանազ Աբրահամյանը, Ավետիս Գասպարյանը, Արթուր Մայիլյանը, Արման Հարությունյանը, Արմեն Կոտոլյանը, Արմեն Ղալեչյանը, Գայանե Եղիազարյանը, Գևորգ Աճեմյանը, Դավիթ Զախարյանը, Դավիթ Խաժակյանը, Էդգար Բարսեղյանը, Թեհմինա Վարդանյանը, Լևոն Հովհաննիսյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Լուսինե Մխոյանը, Կարինե Բաղդասարյանը, Հակոբ Մելիքյանը, Հայկ Միրզոյանը, Հռիփսիմե Առաքելյանը, Հռիփսիմե Հունանյանը, Միքայել Մանրիկյանը, Նուարդ Վարդանյանը, Ռուբեն Սիմոնյանը, Ռուբեն Հայրապետյանը, Վազգեն Դարբինյանը, Վահե Օհանջանյանը, Տիգրան Գալստյանը։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: