2021.11.04,

Ստուգված է

Հակապատվաստումային արշավը ներկայացվեց որպես ազատության համար պայքար

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Օգոստոսի 20-ին Առողջապահության նախարարը ստորագրեց հրաման, ըստ որի աշխատանքի գնալիս պետք է ներկայացնել կա՛մ կորոնավիրուսի դեմ թեստի բացասական պատասխան, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ 

Այս նոր սահմանափակումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման տեմպի աճով և պատվաստումների խիստ դանդաղ ընթացքով․ եթե հարևան պետություններում պատվաստված էր բնակչության 25-60%-ը, ապա Հայաստանում այդ ցուցանիշը չէր հասնում նույնիսկ 10%-ի։

Կառավարության նոր որոշումը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 1-ից և իսկապես նպաստեց պատվաստումների թվի աճին․ օգոստոսի ցուցանիշը երկու ամսվա մեջ  ավելի քան եռապատկվեց՝ հասնելով 562,000-ի։

Սակայն պատվաստումների թվի աճի հետ մեկտեղ ակտիվացավ հակապատվաստումային քարոզը․ քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հակապատվասումային արշավ սկսեցին՝ նոր որոշումը ներկայացնելով որպես պարտադրանք, որի դեմ պետք էր պայքարել՝ հանուն ազատ կամքի։ 

Լրատվամիջոցները այս արշավի տեղեկատվական հոսքը հանրությանը փոխանցեցին առանց փաստերը ստուգելու՝ ուղղակի կրկնելով այն, ինչ ասում էին քաղաքական գործինչները։ 

Համավարակը՝ քաղաքական հարց

Հայաստանում կորոնավիրուսային համավարակը քաղաքական հարց է։ Այն ընկալվում է ոչ միայն որպես առողջապահության ոլորտի խնդիր, այլև որպես քաղաքական գործիք։ Իշխանության համար այն սեփական աշխատանքը գովազդելու առիթ դարձավ, ընդդիմության համար՝ իշխանության դիրքերը թուլացնելու գործիք։ 

Հայաստանում համավարակը քաղաքականացվեց առաջին օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը անձամբ հայտարարեց երկրում առաջին դրական թեստի մասին և սկսեց ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք, որոնց ժամանակ քաղաքացիներին հայտնում էր դրական դեպքերի թիվը և ձեռնարկվող միջոցառումները։ Լոքդաունի ժամանակ Փաշինյանը մշտապես պահում էր ֆեյսբուքյան ուղիղ կապը հանրության հետ։ Նա հորդորում էր մարդկանց ուղարկել կանոնների խախտման դեպքերի տեսագրություններ և տեղադրում էր դրանք իր ֆեյսբուքյան էջում։




Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը մարտի 2-ին։ Վարչապետը հանգստացրեց հանրությանը, ասելով, որ իրականացված թեստերի պատասխանները բացասական են եղել։

Այսպիսով՝ համավարակի սկզբից Նիկոլ Փաշինյանը ներկայացավ որպես հանրության հետ այս թեմայով գլխավոր հաղորդակցվող՝ ստվերում թողնելով առողջապահության ոլորտի ապաքաղաքական մասնագետներին։ Վարչապետի օրինակին հետևեցին նաև այլ քաղաքական գործիչները՝ համավարակը, իսկ այնուհետև նաև պատվաստումները դարձնելով քաղաքական հարց։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ սեպտեմբերին թափ հավաքած հակապատվաստումային արշավը գլխավորում էին կամ սատարում էին քաղաքական գործիչները։ 

«Ազատ կամք»

Սեպտեմբերի սկզբին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց «Ազատ կամք» նախաձեռնության ստեղծման մասին՝ «քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով»։ Որպես նախաձեռնություն ստեղծելու հիմնավորում Զոհրաբյանը շեշտեց՝ «չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել» և «պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը»։ 

Սակայն այս հայտարարության մեջ Զոհրաբյանը միանգամից մի քանի սխալ կամ մանիպուլյատիվ պնդումներ էր անում կորոնավիրուսի և պատվաստանյութերի մասին։ Օրինակ՝ նա պնդում էր, թե կորոնավիրուսը արհեստական վիրուս է՝ « ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել»։ Սակայն այս պնդումը անհիմն է։ Դեռ համավարակի սկզբում գիտնականները ասում էին, որ սա բնական վիրուս է և չի ստեղծվել մարդու կողմից լաբորատորիայում։ ԱՄՆ հետախուզությունը նույնպես ուսումնասիրել էր հարցը և չէր գտել բավարարաչափ տեղեկություն պնդելու համար, որ վիրուսը ստեղծվել է մարդու կողմից լաբորատորիայում։ Զոհրաբյանի հայտարարության մանիպուլյատիվ պնդումներին Media.am մանրամասն անդրադարձել էր։

Զոհրաբյանի գլխավորած շարժումը դատարան դիմեց՝ վիճարկելու նոր սահմանափակումների վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանը։ 

Շարժումը նաև հանրահավաք կազմակերպեց, որը լուսաբանեցին Հայաստանի առաջատար լրատվամիջոցները։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան մի քանի ակտիվիստներ, որոնք բժշկի կրթություն ունեին կամ աշխատում էին ոլորտում։ Հատկանշական է, որ դրանք բոլորը քաղաքականացված բժիշկներ էին։ Նրանցից երկուսը՝ ԶԻԱՀ կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանն ու նախկին համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 2020 թ․ կոնֆլիկտ են ունեցել Առողջապահության նախարարության հետ, որի պատճառով հեռացել, իսկ Գրիգորյանի դեպքում՝ ազատվել են աշխատանքից։ Վերջին շրջանում նրանք երկուսն էլ սխալ կամ մանիպուլյատիվ պնդումներ են տարածում պատվաստանյութերի և համավարակի մասին։  

Օրինակ՝ Ազգային ժողովում Առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ Սամվել Գրիգորյանը պնդեց, թե պատվաստումից հետո Մեծ Բրիտանիայում գրանցվել է «35,000 դեպք վերարտադրողական առողջության ֆունկցիայի խանգարման, այդ թվում՝ վիժումներ»։ Media.am-ին չհաջողվեց գտնել նման տվյալ․ ամենայն հավանականությամբ Գրիգորյանը շփոթել էր թվերը․ սեպտեմբերին Բրիտանիան հայտարարել էր, որ 48.5 միլիոն պատվատված կանանց շրջանում գրանցվել է ավելի քան 30,000 դաշտանային ցիկլի կարճատև փոփոխություն։ Վիժումների որևէ դեպքի մասին տեղեկություն չկար։ 

Հակապատվաստումային դիրքերից հանդես եկող բժիշկների հայտարարությունների վերնագրերը լրատվամիջոցներում

Սամվել Գրիգորյանը և «Ազատ կամք» շարժման մասնակից մի շարք այլ գործիչներ պատվաստումներին դեմ են արտահայտվում անուղղակիորեն՝ բելերով տարբեր փաստարկներ պատվատումների անարդյունավետության կամ վտանգավորության մասին։ Սակայն շարժման մեկ մասնակից՝ բժշկի դիպլոմ ունեցող, բայց ոլորտից հեռացած Դմիտրի Հարությունյանը ուղիղ կոչ է անում մարդկանց չպատվաստվել։ «Ազատ կամքի» հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց․ «հանկարծ ոչ ոք չպատվաստվի […] ձեզ տանում են սպանդի»։ Նա վստահեցնում էր, որ պատվաստումները վտանգավոր են, դրանցից Հայաստանում մարդիկ են մահացել (նման տվյալներ չկան)։ Հարությունյանը այլ կեղծ տեղեկություն էլ էր տարածում․ ասում էր, իբր դիմակները առաջացնում են թթվածնային քաղց (սխալ է), իսկ իսպանական գրիպը վարակիչ չէր (սխալ է)։ 

Չնայած Դմիտրի Հարությունյանի պնդումների կեղծ լինելուն՝ Հայաստանի հայտնի լրատվականներից մեկը՝ «Առավոտ» թերթը, դրանք տարածեց նույնությամբ՝ առանց ստուգելու։ 

«Ազատ կամք» շարժման հանրահավաքի լուսամաբումը լրատվամիջոցներում

Ծայրահեղ աջերից մինչև ամենամեծ ընդդիմադիր ուժ

Աշխարհի շատ երկրներում խիստ պահպանողական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերին բնորոշ է հակապատվաստումային արշավ վարելը։ Հայաստանում նույնպես այդպիսի մի քանի ուժ կա։ Դրանցից մեկը «Զարթոնք» կուսակցությունն է, որի ղեկավարը հիմնել էր վերը նշված «Ազատ կամք» շարժումը։ Մյուսը Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն է, ով 2021 թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում էր որպես «Հայոց հայրենիք» կուսակցության թեկնածու։ 

Ես մեկ օրինակ է «Լույսի բանակ» շարժումը, որի մասնակիցները բողոքի ակցիաներ և երթեր էին իրականացնում «պարտադիր պատվաստումների» դեմ։ 

Այս բոլոր քաղաքական ուժերը համեմատաբար փոքր են և ներկայացված չեն խորհրդարանում։ Սակայն հակապատվաստումային արշավին մասնակցեց նաև Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Սեպտեմբերի 10-ին դաշինքը հայտարարեց, թե «պատվաստման պարտադրանքն անընդունելի է»։ Հայտարարությունը նաև շեշտում էր՝ «Պատվաստումը յուրաքանչյուրի գիտակցված որոշման, այլ ոչ թե պարտադրանքի հետևանք պետք է լինի»: Համաճարակային ծանր իրավիճակի և պատվաստումների խիստ ցածր ցուցանիշի մասին հայտարարության մեջ խոսք չկար։ 

Պայքարել՝ հանուն ազատ կամքի

Հատկանշական է, որ պատվաստումներին այս կամ այն կերպ դեմ արտահայտվող քաղաքական գործիչներից շատերը իրենց դիրքորոշումը ներկայացնում էին որպես պայքար հանուն անհատների ազատ կամարտահայտման, այլ ոչ թե պատվաստումների դեմ։ Այսպիսով հնարավոր է դառնում հակապատվաստումային արշավը ֆրեյմավորել որպես ազատության համար պայքար և տեղափոխել այն առողջապահականից իրավաբանական դիսկուրս։ Իրավական տերմիններն ու դատական հայցերը շեշտադրում են անհատի ազատությունը՝ երկրորդ պլան մղելով հանրային առողջության ճգնաժամը։ 

Այդպես՝ փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ իրենք դեմ են պարտադրանքին և ոչ թե պատվաստումներին։ 

Made with Flourish

Պատվաստումների թվի աճը Հայաստանում օգոստոս-նոյեմբեր ամիսներին։ Հոկտեմբերի 3-ին պատվաստումների թվի մասին տվյալները բացակայում են:

«Հայաստան» դաշինքը նույնպես խուսափում էր ուղղակիորեն դեմ արտահայտվել պատաստանյութերին՝ քննադատելով միայն դրանց պարտադրանքը։ Խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքը կողմ է պատվաստանյութերին․ «Այո, պատվաստումը այսօրվա դրությամբ միակ, կարելի է ասել, միջոցն է կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի», բայց հավելեց, որ պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակացված որոշումը և ոչ թե հարկադրանք։ 

«Հայաստան» դաշինքի անդամները, ինչպես և վերը նշված արտախորհրդարանական շարժումները մանիպուլացնում էին պատվաստանյութերի մասին տվյալները։ Օրինակ՝ Արամ Վարդևանյանը հայտարարում էր, որ ի տարբերություն Հայաստանի՝ եվրոպական երկրներում պատվաստումները հարկադիր չեն։ Բայց երբ փաստեր ստուգող լրագրողները բերեցին եվրոպական երկրների օրինակներ, որտեղ սահմանափակումները համեմատելի էին Հայաստանում գործող կանոնների հետ, Վարդևանյանը փոխեց պնդումը՝ ասելով, թե Եվրոպայում թույլատրված է թեստի բացասական պատասխան ներկայացնել պատվաստման սերտիֆիկատի փոխարեն։ Վարդևանյանը բաց էր թողնում այն փաստը, որ ճիշտ նույն բանը թույլատրված է նաև Հայաստանում։ Ավելին՝ եվրոպական մի շարք երկրներ նոր սակամափակումների հետ մեկտեղ վճարովի էին դարձնում ՊՇՌ թեստերը։ 

Ոչ պաշտոնական խոսքում «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ՝ Գեղամ Նազարյանը, ողջունում էր հակահամաճարակային կանոնների խախտումը։ 

«Հայաստան» դաշինքը նաև դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Առողջապահության նախարարի որոշումը։

Այսպիսով՝ աշնան սկզբին, երբ կառավարությունը որոշեց աշխատավայրում պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի բացասական պատասխան պահանջել, տարբեր քաղաքական ուժեր սկսեցին պատվաստումների դեմ տեղեկատվական արշավ՝ այն ֆրայմավորելով արպես պայքար պարտադիր պատվաստումների դեմ և հանուն մարդկանց ազատ կամքի։ Սակայն այս քաղաքական գործիչները մանիպուլացնում էին պատվաստանյութերի կամ հակահամաճարակային սահմանափակումների մասին տեղեկությունը, իսկ երբեմն՝ կեղծ լուրեր տարածում պատվաստանյութերի մասին։ 

Հայաստանյան լրատվամիջոցները չկարողացան այս տեղեկատվական հոսքում զտել ճիշտը ստից՝ դառնալով պարզապես քաղաքական գործիչների խոսափողը։ 

Հոդվածի ստեղծման համար օգտագործված աղբյուրներն ու մեթոդները

  • Այս հոդվածի պատրաստման համար օգտագործվել է պատվաստումների մասին տարածված ապատեղեկատվության դեպքերի մասին մեր կայքի արխիվը։ Հոդվածում ներառված օրինակները օգնում են ընթերցողին ավելի լավ հասկանալ պատվաստումների մասին ապատեղեկատվության տարածման ձևերը։
  • Լրատվամիջոցների՝ հակապատվաստումային արշավի լուսաբանումը ցույց տալու համար Media.am-ի թիմի դիզայները ստեղծել է նկարազարդումներ՝ օգտագործելով լրատվամիջոցներում տեղ գտած վերնագրերը։ 
  • Պատվաստվածների թվի աճը ընթերցողին ցույց տալու համար օգտագործվել է Flourish Studio ծրագիրը։ Սա անվճար գործիք է, որը թույլ է տալիս վիզուալացնել տվյալները։ 
  • Հոդվածի նախապատրաստական աշխատանքների ժամանակ օգտագործվել են պատվաստումների մասին տեղեկության տարբեր աղբյուրներ։ Հնարավորության դեպքում նախապատվությունը տրվել է պաշտոնական առողջապահական մարմիններին (ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ և այլն)։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *