2021.10.05,

Ստուգված է

Ձեր գումարը վտանգի տա՞կ է․ Հայաստանի բնակիչները զանգեր են ստանում բանկերի կեղծ աշխատակիցներից

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հոկտեմբերի առաջին օրերին Հայաստանում տեղի են ունեցել հեռախոսային խարդախության դեպքեր, երբ հանցագործները՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից, փորձում են գումար կորզել մարդկանցից։

Media.am-ը պատմում է, թե ինչ սխեմայով են գործում հանցագործները և ինչպես պաշտպանվել նրանցից։ 

Ինչպե՞ս է աշխատում խարդախության սխեման

Հոկտեմբերի սկզբին մաթեմատիկայի ուսուցչուհի Լյուդմիլա Հայրապետյանը զանգ էր ստացել անծանոթ համարից, Արմեն անունով ներկայացող մի մարդուց․ «Ասում է՝ Լյուդմիլա, դո՞ւք եք։ Ասում եմ՝ այո (ռուսերենով), ու քարտի համար է հարցնում, մի տեսակ անակնկալի եկա, բանկի անուն էր տալիս», Media.am-ի հետ զրույցում պատմում է Լյուդմիլան։ Նա չէր պատասխանել հարցերին և անջատել էր զանգը։ «Վայրկյան չանցած Վայբերով զանգեցին», ասում է Լյուդմիլան, «Վայբերից արդեն ուրիշ համարով զանգ եկավ, +3…. ու լիքը թվեր»։ 

Մեկ ուրիշ դեպքում զանգողը, նորից ռուսերեն խոսելով, ներկայացել էր որպես VTB բանկի աշխատակից։ «Խոսողը աղջիկ էր, ռուսերեն էր խոսում, բայց հայերեն հասկանում էր», պատմում է բնակչուհի Ժենի Ղազարյանը։ Նա զանգ էր ստացել անծանոթ կոդով հեռախոսահամարից՝ +374 15….: «Ասաց ՎՏԲ բանկի աշխատող է, ու մոտ օրերս 1000 դրամից ավել փողով գործարք արե՞լ եմ։ Ասեցի՝ չէ, ես Արդշինբանկից եմ օգտվում։ Ասեց՝ լավ, իսկ Արդշինով արե՞լ եք»։ 

Ստանալով դրական պատասխան՝ Ժենիի զրուցակիցը պնդեց, թե բանկային հաշվի հետ խնդիրներ են առաջացել։ «Ասաց՝ ձեր քարտը ձեզ մո՞տ է։ Ասացի ոչ, ասաց իսկ մոբայլ հավելված ունե՞ք, ասացի՝ չի աշխատում։ Հարցրեց՝ իսկ ինչքա՞ն գումար ունեք քարտի վրա։ Ասացի՝ չեմ հիշում։ Լռեց մի պահ, ես հարցրի՝ ինչ եք ուզում ու ինչի եք զանգել, անջատեց»։

Այս երկու դեպքերը նմանություն ունեն․ զանգողները ներկայանում են որպես բանկի աշխատակից, խոսում են ռուսերեն և փորձում զրուցակցին համոզել նրանց հայտնել բանկային քարտի կամ հաշվի տվյալները։ 

Նմանատիպ՝ վիշինգ (vishing) կոչվող խարդախությունները տարածված են ամբողջ աշխարհում։ Վերջին շրջանում դրանք հաճախ են տեղի ունենում տարբեր հետխորհրդային երկրներում։ Օրինակ՝ Էստոնիայի բազմաթիվ բնակիչներ վերջին ամիսներին գրեթե ամեն օր զանգեր են ստանում ռուսերեն խոսող անձանցից, որոնք ներկայանում են որպես բանկի աշխատակից և պնդում, որ զրուցակիցը խնդիր ունի իր հաշիվների հետ ու պետք է տրամադրի բանկային տվյալները։ 

Էստոնիայի  ոստիկանությունը հայտնել է, որ 2021 թ․ առաջին կեսին հանցագործները բնակիչներից կարողացել են գողանալ մոտ 2 մլն եվրո։ Իսկ միայն հոկտեմբերի առաջին երեք օրերի ընթացքում բնակիչները կորցրել են շուրջ 50,000 եվրո։ Հանցագործները, ամենայն հավանականությամբ, արտերկրից էին զանգում, սակայն թե որ երկրից՝ ոստիկանությունը չի կարողացել պարզել։ 

Հուլիսին հետխորհրդային մեկ այլ երկրում՝ Ուկրաինայում, իրավապահները բացահայտել էին հանցավոր խումբ, որը զանգերի միջոցով գումար էր կորզում բնակիչներից։ Խմբի գործունեությունից տուժել էին ոչ միայն Ուկրաինայի, այլև Բելառուսի, Լեհաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի բնակիչները։ 

Ինչպե՞ս պաշտպանվել խարդախությունից

Հեռախոսային խարդախությամբ զբաղվողները հիմնականում օգտագործում են պարզ (բայց արդյունավետ) հնարքներ։ Կարևոր է հիշել․

? Հանցագործները փորձում են վախեցնել ձեզ։ Նրանք պնդում են, որ ձեր հաշվի հետ խնդիր կա, ֆինանսական միջոցները վտանգի տակ են, և փորձում են տեղեկություն կորզել՝ օգտվելով ձեր ընկճված կամ շփոթված վիճակից։

? Վիշինգային զանգերը կարող են լինել ամենատարբեր հեռախոսահամարներից՝ նույնիսկ իրական բանկի հեռախոսահամարից։ Այս համարները հնարավոր է կեղծել։ Այսինքն՝ այն համարը որ դուք տեսնում եք ձեր հեռախոսի էկրանին, կարող է բոլորովին կապ չունենալ զանգողի իրական հեռախոսահամարի հետ։ 

? Հանցագործները, ամենայն հավանականությամբ, չգիտեն, թե որ բանկից եք դուք օգտվում։ Նրանք ուղղակի ընտրում են ամենախոշոր բանկերը և ներկայանում որպես դրանց աշխատակից՝ հույս ունենալով, որ զրուցակիցը դրանց հաճախորդ կլինի։ 

? Խարդախությամբ զբաղվողները երբեմն կարող են շատ համոզիչ թվալ, երկար ժամանակ զրուցել ձեզ հետ՝ փորձելով շահել ձեր վստահությունը։ Սակայն հիշեք, որ բանկի իրական աշխատակիցները երբեք չեն պահանջում հեռախոսով տրամադրել նրանց ձեր հաշվեհամարները և PIN-կոդերը։ Եթե կասկածներ կամ անհանգստություն ունեք՝ ինքներդ զանգահարեք կամ այցելեք ձեր բանկ։ 

? Մի փոխանցեք որևէ անձանական տվյալ հեռախոսով անծանոթ զրուցակցին։ Եթե հանցագործները իմացան ձեր բանկային տվյալները, ապա արագ և հեշտությամբ կարող են տիրանալ ձեր ունեցած գումարին։ 

Ի՞նչ անել, եթե ձեր բանկային տվյալները փոխանցել եք հանցագործներին 

Ոստիկանության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը Media.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե վիշինգային հեռախոսազանգի ժամանակ բանկային տվյալները տրամադրել եք զանգողին, ապա հնարավորինս արագ պետք է կապ հաստատել ձեր բանկի հետ, որպեսզի բանկը արգելափակի քարտը։ Մկրտչյանը նաև հավելեց․ «Եթե քաղաքացին քարտի թվերը տրամադրել է, և նրանից գումար են տարել, ապա անպայման պետք է նաև իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում՝ մեզ դիմի, որովհետև տեղի ունեցածը արդեն հափշտակություն է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածով»։ 

Խարդախությունները՝ թե՛ հեռախոսով, թե՛ համացանցի միջոցով, հաճախ են տեղի ունենում։ 2020 թ․ Media.am-ը գրել էր սոցիալական ցանցերում գործող կեղծ էջերի մասին, որոնք Քիմ Քարդաշյանի անունից գրառումներ անելով կարողացել էին ստանալ բազմաթիվ հայ օգտատերերի բանկային տվյալները։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *