2020.03.19,

Ստուգված է

Քիմի նման հարուստ․ ի՞նչ անել, եթե անձնական տվյալները փոխանցել եք կասկածելի էջի

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վերջին օրերին Ֆեյսբուքի հայալեզու հատվածում հայտնվեցին Քիմ Քարդաշյանի նկարով մի շարք էջեր, որոնք հայտնում էին, թե Քարդաշյանը հենց հիմա մեծ շահումներ է խաղարկում։ Խարդախությունը բավական ակնհայտ էր, բայց տասնյակ հազարավոր մարդիկ դիտեցին և արձագանքեցին՝ հանցագործներին տրամադրելով ոչ միայն իրենց գաղտնաբառերը, այլև բանկային տվյալները։ Media.am-ը որոշեց հետևել այս գրառումներին և զրուցեց տուժողներից մեկի հետ։

Տասնյակ հազարավոր մարդիկ արձագանքեցին առցանց խարդախությանը

Քարդաշյանի նկարով տարբեր էջեր գործում են խաբեության դասական սխեմայով։ Սկզբում կոչ են անում օգտատերերին նշել, թե ինչ են ուզում շահել և կիսվել գրառումով։ Մեկնաբանող օգտատերերը անձնական նամակ են ստանում, որտեղ պահանջվում է հետևել հղմանը՝ «շահումը» ստանալու համար։ Բացվող կայքում էլ անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալներ՝ էլ․ փոստ, գաղտնաբառ, բանկային հաշիվ։

Կեղծ էջերը տարօրինակ անվանումներ ունեն՝ Kim Advan, anggaVCSB33, Cuplikan boruto, Wawancahyadi և այլն։ Չնայած դրան, հազարավոր մարդիկ մեկնաբանում էին գրառումը, ավելին՝ ոմանք բանկային տվյալները գրում էին միանգամից մեկնաբանություններում։ Ընդամենը երկու օրվա ընթացքում Քարդաշյանի վիդեոյով հրապարակումներից մեկը հավաքել է 376,000 դիտում, 23,000 մեկնաբանություն և 14,000 կիսում։ Մեկ այլ գրառում ունի շուրջ 50,000 մեկնաբանություն։

Սքրինշոթ Քիմ Քարդաշյանին անունն օգտագործող ֆեյսբուքյան կեղծ էջերից

Օգտատերերից մեկը մեկնաբանություններում դիմում էր Քիմ Քարդաշյանին՝ խնդրելով գումարը իրեն փոխանցել, քանի որ նա Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրում և ուզում է հրապարակել։ Մյուս օգտատերերի հարցին, թե ինչպե՞ս է հավատում ակնհայտ խաբեությանը, նա պատասխանել էր․ «Չգիտեմ, ուզում եմ հավատալ հրաշքների»։

Շատերը միմյանց հետ կիսվում էին մտահոգություններով․ ոմանք արդեն տվել էին բանկային տվյալները և փորձում էին մյուսներից իմանալ՝ արդյո՞ք իսկապես շահող եղել է։

Այս հոդվածը գրելու պահին կեղծ էջերից որոշները դեռ ակտիվ էին։

Շահող չկար, բայց կային տուժողներ

Իսպանիայում բնակվող հայազգի օգտատերերից մեկը Media.am-ի հետ զրույցում պատմեց, որ նրա բանկային հաշվից մանր վճարումներով շուրջ 40 եվրո են գողացել, օրինակ՝ գնում անելով Adidas խանութից։

Օգտատերը պատմում է, որ կարանտինի պատճառով բանկերը փակ են․ «Երբ բացվեց բանկերը կգնամ բողոք կգրեմ», ասում է նա։

Մեկ այլ օգտատեր էլ Ֆեյսբուքում գրառում է արել, նշելով, որ իր բանկային հաշիվը «զրոյացրել են»։ «Չգիտեմ, ծիծաղեմ, թե լաց լինեմ», գրում է օգտատերը։ Media.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արգելափակել է բանկային հաշիվը կորուստը հայտնաբերելուց հետո։

Սքրինշոթ Քիմ Քարդաշյանին անունն օգտագործող ֆեյսբուքյան կեղծ էջերից

Ի՞նչ անել, եթե բանկային տվյալները փոխանցել եք կասկածելի էջի

Այս դեպքը ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց հաջողությամբ մոլորեցնելու համար բավական է ճանաչված և ծանոթ հանրային դեմքի անունից ներկայանալ։ Այդ իսկ պատճառով Media.am-ը հիշեցնում է խարդախություններից պաշտպանվելու պարզ միջոցները։

✅ Անհավանական շահումներ խոստացող գրառումներ տեսնելիս պետք է ստուգել դրանց իսկությունը։ Առաջին հերթին, համոզվեք, որ գրառումը կեղծ էջից չի տարածվում։ Այս դեպքում, օրինակ, հարկավոր էր ուշադրություն դարձնել էջերի տարօրինակ անվանումներին և փնտրել Ֆեյսբուքի «Ստուգված է»՝ «Verified» նշանով Քիմ Քարդաշյանի իրական էջը։

✅ Եթե շահում խոստացող կամ դրամական փոխանցում խնդրող գրառումը արված է ոչ գրագետ հայերենով և լեզվաբանական սխալներով, մի շտապեք հավատալ դրան։ Օրինակ, Քարդաշյանի կեղծ էջերից խոստանում էին «դրամ €300,000 եվրո» և հորդորում «ԿԻՍՎԵԼ Այս գրառումը 12 խմբում այժմ»:

✅ Բանկային տվյալները և գաղտնաբառերը կարելի է փոխանցել միայն վստահելի, ստուգված էջերին։ Անծանոթ Ֆեյսբուքյան հաշիվներին ձեր բանկային տվյալների և գաղտնաբառերի փոխանցումը վտանգավոր է։

✅Եթե ձեր սոցցանցերի կամ էլ․փոստի գաղտնաբառը փոխանցել եք կասկածելի էջերին կամ կայքերին, անմիջապես փոխեք այն և օգտվեք «Դուրս գալ բոլոր սարքերում» (Log out on all devices/Выйти на всех устройствах) ծառայությունից:

✅ Եթե կասկածելի էջերին փոխանցել եք բանկային տվյալները, անմիջապես կապվեք ձեր բանկի հետ՝ այցելելով բանկ, առցանց կամ հեռախոսով։ Եթե բանկը փակ է, մի սպասեք մինչև այն բացվի․ ճշտեք, արդյո՞ք ձեր բանկը ունի հերթապահ աշխատող։ Որոշ դեպքերում եթե օգտվում եք առցանց բանքինգից կարող եք նաև ինքնուրույն կասեցնել քարտը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *