Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր կանոն է ներկայացրել, ըստ որի հանրային ծառայողները և մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտավոր են աշխատատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կամ պատվաստման սերտիֆիկատ։
Նմանատիպ կանոններ ներկայացվել են նաև այլ երկրներում, սակայն Հայաստանում կառավարությունը առաջարկեց կանոնը կիրառել ընտրողաբար՝ բացառություն անելով բարձրաստիճան պաշտոնյաների համար։
Այս նոր կանոնը դժգոհությունների առիթ դարձավ։ Մի շարք քաղաքական գործիչներ հայտարարեցին, թե սա օրենքի խախտում է, և կառավարությունը չի կարող աշխատակիցներին «պարտադրել» պատվաստվել։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նույնիսկ ստեղծեց նախաձեռնող խումբ՝ «քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով»։ Իր առաջարկը հիմնավորելով՝ Զոհրաբյանը մի շարք մանիպուլյատիվ և սխալ պնդումներ արեց կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին։
Ո՞վ է Արա Զոհրաբյանը
Արա Զոհրաբյանը ոչ միայն փաստաբան է, այլև քաղաքական գործիչ։ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին նա գլխավորում էր «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախընտրական ցուցակը։ Ցուցակի երկրորդ համարն էր ծայրահեղ աջ ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը պայքարում էր, որպեսզի Հայաստանը չվավերացնի կանանց և երեխաների դեմ բռնությունը կանխարգելելուն միտված Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա)։
Media.am-ը մանրամասն անդրադարձել է Զոհրաբյանի և ազգային արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող այլ ակտիվիստների քաղաքական գործունեությանը։
Նախաձեռնող խումբը ստեղծվում էր մանիպուլյացիաների հիման վրա
Արա Զոհրաբյանը երկու ֆեյսբուքյան հրապարակում արեց (հղում 1, հղում 2) կորոնավիրուսի պատվաստումների, կառավարության ներկայացրած նոր կանոնի և նախաձեռնող խումբ ստեղծելու մասին։ Այս հրապարակումներում նա արեց մի շարք սխալ կամ մանիպուլյատիվ պնդումներ։
❌ «Կորոնավիրուսը արհեստական վիրուս է – սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել»։
✔️ Կորոնավիրուսային համավարակի սկզբնական փուլում գիտնականները նշում էին, որ կորոնավիրուսը բնական վիրուս է և չի ստեղծվել մարդու կողմից լաբորատորիայում։ Սակայն խոսակցությունները դրա արհեստածին լինելու մասին չէին դադարում։ 2021 թ․ օգոստոսին ԱՄՆ հետախուզությունը հրապարակեց հարցի իր ուսումնասիրության արդյունքները, որոնք ընդհանուր առմամբ հաստատում էին գիտնականների սկզբնական պնդումը։ ԱՄՆ հետախուզությունը հայտնեց, որ չկան բավարար ապացույցներ պնդելու, թե կորոնավիրուսը ստեղծվել է արհեստականորեն։ Հետախուզությունը նաև պնդեց, որ ըստ առկա տվյալների կորոնավիրուսը չի կարող համարվել կենսաբանական զենք։
❌ «Այս պատվաստանյութերը պատշաճ փորձարկում չեն անցել, որի համար ըստ տարբեր մասնագետների անհրաժեշտ է առնվազն 5 տարի»։
❌ «Այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է»։
✔️ Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերից ԱստրաԶենեկան, Սինովակը և Սինոֆարմը հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Սպուտնիկ V-ն՝ հաստատված է Հարավային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրների կողմից։** ԱՀԿ-ն ընդգծում է, որ պատվաստանյութի հաստատված լինելու համար «կլինիկական փորձարկումների ժամանակ կատարվում է անվտանգության հուսալի գնահատում և ներկայացվում վերահսկիչ մարմինների ուսումնասիրման համար»։ Հետևաբար՝ Զոհրաբյանի պնդումը, թե «պատվաստանյութերը պատշաճ փորձարկումներ չեն անցել» անհիմն է։
Ինչ վերաբերվում է Զոհրաբյանի այն պնդմանը, թե պատշաճ փորձարկումների համար «անհրաժեշտ է առնվազն 5 տարի», ապա այդ դեպքում նույնպես որևէ հիմնավորում նա չի ներկայացնում։ Ինչպես արդեն պարզեցինք՝ պատվաստանյութերը անցել են բավարար կլինիկական փորձարկումներ, որպեսզի ապացուցեն արդյունավետությունն ու անվտանգությունը և ստանան բնակչության շրջանում կիրառման թույլտվություն։
Իհարկե, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ռեկորդային արագությամբ են ստեղծվել։ Հեղինակավոր Nature գիտական ամսագիրը նշում է, որ այս արագությունը մի քանի հանգամանքի արդյունք է․1) օգտագործվեցին նախորդող տարիներին արդեն իսկ արված հետազոտությունները, 2) կառավարությունների և կազմակերպությունների կողմից տրամադրված ահռելի ֆինանսական ռեսուրսները թույլ տվեցին զուգահեռ միանգամից մի քանի փորձարկում անել՝ կրճատելով փորձարկումների ժամանակը, բայց ոչ որակը, 3) վերահսկող մարմինները շատ ավելի արագ էին աշխատում՝ թույլ տալով ավելի քիչ ժամանակ ծախսել բյուրոկրատական խնդիրների վրա։ Nature-ը նաև կանխատեսում է, որ այսպիսի հաջող փորձը կբերի նրան, որ ապագայում էլ պատվաստանյութերը կարող են մշակվել շատ ավելի արագ։
❌ «Պատվաստանյութերի արդյունավետությունը բարձր չէ և չի ապահովագրում մարդուն կորոնավիրուսից (օրինակ ըստ պաշտոնական տեղեկության Աստրա Զենեկայի արդյունավետությունը 63 տոկոս է)»։
✔️ Այս պնդումը նույնպես մոլորեցնող է։ Զոհրաբյանը մոռացել է նշել, որ Հայաստանում կիրառվող մեկ այլ պատվաստնայութի՝ Sputnik V-ի արդյունավետությունը չափազանց բարձր է՝ 90%, իսկ ծանր դեպքերի ու մահվան դեմ՝ մինչև 100%։ Սա չի նշանակում, որ պատվաստված մարդը չի կարող վարակվել։ Սակայն պատվաստանյութերի գլխավոր նպատակը ոչ թե վարակները բացառել է, այլ ծանր դեպքերն ու մահերը կանխարգելելը։
Պատվաստումների բարձր ցուցանիշ ունեցող տարբեր երկրների տվյալների համաձայն՝ չպատվաստված մարդիկ հիվանդանոցում են հայտնվում շեշտակի անգամ ավելի հաճախ, քան պատվաստվածները։ Այդպես՝ մայիս-հուլիս ամիսներին Նյու-Յորքում կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդանոցում է հայտնվել 7,308 չպատվաստված մարդ, մինչդեռ պատվաստվածների շրջանում այդ թիվը մի քանի անգամ ավելի փոքր էր՝ 1,271։ Ըստ առկա տվյալների՝ Նյու Յորքում այդ շրջանում կորոնավիրուսով վարակված և ամբողջությամբ պատվաստված մարդկանց 1.3%-ն էր վարակվում և միայն 0,17%-ն էր հայտվում հիվանդանոցում։
❌ «Բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ չունեն միասնական վերաբերմունք: Մի մասը դրանք համարում է վնասակար մարդու առողջությանը: Նշվում է, որ դրանք կարող են ազդել մարդու գենոմի վրա»:
✔️ Առողջապահության ոլորտի բոլոր հեղինակավոր կառույցները խորհուրդ են տալիս պատվաստվել։ Դրանց թվում են միջազգային կառույցներ (ԱՀԿ, Դեղերի եվրոպական գործակալություն) տեղային (Առողջապահության նախարարություններ, այդ թվում՝ ՀՀ Առողջապահության նախարարություն), հետազոտական (Հարվարդի համալսարան, Օքսֆորդի համարսարան, որտեղ մշակվել է ԱստրաԶենեկա պատվաստանյութը) և այլն։
Իհարկե, կան առողջապահության ոլորտի հետ առնչություն ունեցող մարդիկ, որոնք դեմ են պատվաստումներին։ Օրինակ՝ նյարդավիրաբույժ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը պնդում էր, թե պատվաստանյութերը փոխում են մարդու գենը՝ տղաներին դարձնելով նույնասեռական։ Սակայն Խաչատրյանը վարակաբան չէ*։ Նա հեռացել է բժշկությունից և ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ։ Իր քաղաքական գործունեության մեջ Խաչատրյանը հաճախ է օգտագործում սոցցանցերում ամենասկնադալային և ամենալավ տարածվող հնարքներից մեկը՝ հակապատվաստումային քարոզը։
Չնայած Արա Զոհրաբյանի հայտարարություններում պարունակվում էր միանգամից մի քանի մանիպույլատիվ և սխալ պնդում՝ տասնյակ լրատվամիջոցներ առանց ստուգելու տարածեցին նրա խոսքը։
Ովքե՞ր միացան Զոհրաբյանի նախաձեռնությանը
Նախաձեռնող խմբի անդամ դարձան մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում մարդիկ, որոնք կամ քաղաքական գործունեություն են ծավալում կամ ունեն արտահայտված հակապատվաստումային դիրքորոշում։
Օրինակ՝ նախաձեռնության անդամ դարձավ Մասիսի ԲԿ նախկին տնօրեն Նունե Ներսիսյանը, որը կոչ էր անում մարդկանց չկրել դիմակ (սխալ պնդելով, թե կառաջանա թթվածնային քաղց) և առանց ապացույցների հայտարարում էր, թե կորոնավիրուսից մահերի թիվը ուռճացված է։ ԱԺ արտահերթ ընտրություններին Ներսիսյանը հայտնվեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության ցուցակում։
Նախաձեռնող խմբի անդամ դարձավ նաև ֆիզիոթերապևտիկ ծառայություններ և մերսում առաջարկող «Առողջ ողնաշար» կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը (Զոհրաբյանը նրան ներկայացնում էր որպես բժիշկ՝ առանց մանրամասնելու նրա մասնագիտացումը)։
Անդամներից է նաև «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական շաժման մասնակից Դմիտրի Հարությունյանը։ Թեև Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, նրա բժշկական գործունեության մասին տեղեկություններ մեզ գտնել չհաջողվեց։ Հարությունյանի ֆեյսբուքյան էջը լի է հակապատվաստումային նյութերով։ Նա պնդում էր, թե պատվաստումներից բազմաթիվ մահեր են եղել և կոչ էր անում չդառնալ «փորձաճագար»։ Նա նույնիսկ ստորագրահավաք է սկսել Change.org կայքում, որում պնդում է, թե «COVID- ի դեմ պատվաստանյութը չի անցել ոչ մի լուրջ փորձաքննություն», չնայած որ Հայաստանում օգտագործվող բոլոր պատվաստանյութերը իրականում անցել են բազմափուլ փորձարկումներ և հաստատվել են հեղինակավոր առողջապահական կառույցների կողմից։
Այսպիսով` քաղաքացիների իրավուքների պաշտպանության անվան տակ կուսակցություններից մեկի ղեկավարը տարածեց պատվաստանյութերի մասին մանիպուլյատիվ և սխալ տեղեկություն։ Նա ստեղծեց նախաձեռնող խումբ, որի անդամ դարձան արտահայտված հակապատվաստումային դիրքորոշում ունեցող կամ քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ։
Կարինե Ղազարյան
* Հոդվածում կատարվել է փոփոխություն։ Հոդվածի նախորդ տարբերակում ասվում էր, որ Մարինա Խաչատրյանը գործող բժիշկ չէ։ Սա սխալ է․ նա շարունակում է աշխատել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում որպես նեյրովիրաբույժ։ Փոփոխությունը կատարվել է 17.09.2021-ին։
** Հոդվածում կատարվել է փոփոխություն 2021թ․ սեպտեմբերի 21-ին։ Հոդվածի առաջին տարբերակում սխալմամբ նշվում էր, որ Սպուտնիկ V-ն հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: