2021.05.05,

Ստուգված է

Սենսացիոն վերնագրերի հետևում «թաքնված են» Փաշինյանի համակիրների ելույթները

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

117,000 բաժանորդ ունեցող յութուբյան ալիքը դիտորդներին մատուցում է «թաքնված» քաղաքական ելույթներ։ Օգտատերը սեղմում է սենսացիոն վերնագրերին, բայց դիտում բոլորովին այլ բովանդակություն։ Այս «թաքնված» բովանդակությունը հաճախ իշխանություններին գովաբանող ելույթներ են։ 

Սենսացիոն վերնագիր և քողարկված ելույթներ

«Սոլովյովը Ալիևին հոգեխանգարմունքի է հասցրել։ Հիստերիա Ադրբեջանում» անվանումով յութուբյան տեսահոլովակը գրեթե 50,000 դիտում ունի։ Սակայն դրա բովանդակությունը բոլորովին չի համապատասխանում անվանմանը։ 

Հոլովակի առաջին մեկ րոպեն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի խոսքն է, սակայն որևէ բան չի ասվում Ադրբեջանի արձագանքի մասին։ Հոլովակի մնացած 10 րոպեն աստղաբան Լյուսյա Հակոբյանի խոսքն էր։ Հակոբյանը պատմում էր այն մասին, թե ինչ վատ բան է բամբասելը, օրինակ՝ վարչապետի ընտանիքի մասին։ Հակոբյանը հիմնականում քննադատում է չարախոսելու սովորությունը, սակայն չի մոռանում նշել, որ թանկացումները, վատթարացող տնտեսական իրավիճակը վարչապետ Փաշինյանի մեղքը չէ՝ ամբողջ աշխարհում է այդպես։

8rd.am յութուբյան ալիքում նման տեսանյութերը քիչ չեն։ 

⭕ «Ամերիկան Հայաստանին անում է գերազանց առաջարկ։ Արցախում կտրուկ շրջադարձ» վերնագրով հոլովակի 5:18 րոպեից դիտողը նայում է ոչ թե ԱՄՆ և ՀՀ հարաբերությունների մասին, այլ սոցցանցերի մի օգտատիրոջ ուղիղ եթեր։ Օգտատերը քննադատում է Գագիկ Ծառուկյանին և նշում, որ վարչապետ Փաշինյանին այլընտրանք այժմ չկա։ 

⭕ «Ամերիկայից նոր, հզոր ճնշnւմ Ադրբեջանի վրա և հարգանքի արժանի քայլ Հայաստանի հանդեպ» վերնագրով ութ րոպեանոց տեսանյութի միայն շուրջ երկու րոպեն է պատմում ԱՄՆ օժանդակության մասին։ Մնացած վեց րոպեների ընթացքում Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները գովաբանում և իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Փաշինյանին։ 

⭕«Մահափորձ էրդողանի դեմ․ Թուրքերը պատասխան են տալիս իրենց արածների համար» տեսահոլովակի երկրորդ րոպեից խոսքն արդեն ոչ թե Թուրքիայի ղեկավարի, այլ Հայաստանի վարչապետի մասին է։ Տեսանյութը հրապարակվել է փետրվարի 24-ին, սակայն դրա մեծ մասը կազմում է նոյեմբերի սկզբին հրապարակված լայվը․  զինվորները առաջնագծից քննադատում էին նոյեմբերի 9-10-ին Ազգային ժողով ներխուժած մարդկանց և նշում, որ «Նիկոլը բոլորի մասին մտածելով էս ամենի վերջը դրեց»։ 

8rd.am-ի բովանդակությունը հաճախ է կամ դրական լույսի տակ ներկայացնում վարչապետ Փաշինյանի աշխատանքը, կամ աննախատեպ լավ լուրեր հայտնում Հայաստանի մասին։ Հաճախ աննախադեպ լուրերը վերաբերում են այս կամ այն պետության ղեկավարների կողմից Հայաստանին աջակցելուն՝ դիտողի մոտ ստեղծելով պատկեր այն մասին, թե գերտերությունները շուտով Ադրբեջանի հետ պայքարում Հայաստանի կողքը կկանգնեն։ Նման պատկերը հիմնված չէ միջազգային հարաբերությունների վերլուծության վրա։

Սակայն Փաշինյանին գովերգող տեսանյութերը միակ «թաքնված» քաղաքական ելույթները չեն։ Ալիքը երբեմն սենսացիոն թեմաների «ետևում» զետեղում է Քրիստոնեա – Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի, (1, 2), «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի և այլոց ելույթներ։ 

Սունկ ալիքը տանյակ հազարավոր դիտումներ է հավաքում

8rd.am ալիքը չի ստեղծում սեփական բովանդակություն։ Տեսանյութերում հիմնականում ընթերցվում են տարբեր լրատվամիջոցների կամ սոցցանցերի օգտատերերի հրապարակած տեքստերը (տես Ֆեյսբուքի օգտատիրոջ գրառումը սունկ կայքում և 8rd.am-ի տեսանյութում)։ Երբեմն էլ վերահրապարակվում են տարբեր հասարակական գործիչների և սոցցանցերի օգտատերերի ելույթները։

Այս բոլորը միշտ համեմված է սենսացիոն վերնագրերով։ Ահա նման վերնագրերից միայն մի քանիսը՝

8rd.am յութուբյան ալիքի տեսանյութերի վերնագրերը

8rd.am յություբյան ալիքը գործում է սունկ կայքերի տրամաբանությամբ։ Այն հրապարակում է այստեղից-այնտեղից վերցված բովանդակություն, օգտագործում խայծ վերնագրեր, ամեն ինչ՝ դիտումներ հավաքելու համար։ Այս ռազմավարությունը աշխատում է․ որոշ տեսանյութեր դիտվել են ավելի քան 400,000 անգամ։ Ընդհանուր առմամբ ալիքի տեսանյութերը դիտվել են ավելի քան 35 միլիոն անգամ։

Օգտագործվցած նյութերի սկզբնաղբյուրերը 8rd.am ալիքը չի նշում։

8rd.am յութուբյան ալիքը գրանցված է armfastinfo[at]gmail.com էլ․ փոստի հասցեով։ Այս էլ․ հասցեով է գրանցված նաև armReality յութուբյան ալիքը, որը ստեղծում է նույն ոճի տեսանյութեր: Երկու ալիքների համակարգողներին էլ Յութուբը տեղորոշում է Վրաստանում։  

ArmReality ալիքը ավելի քիչ են դիտել՝ ընդհանուր առմամբ շուրջ 260,000 անգամ: Այն արտահայտված քաղաքական դիրքորոշում ունի․ հրապարակվող նյութերը քննադատում են նախկին իշխանություններին և դրական լույսի տակ ներկայացնում ներկայիս կառավարությունը։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *