2020.09.11,

Ստուգված է

Ընթերցող գրավող վերնագրեր. 1in.am

Սոցիալական հարթակներից, հատկապես՝ Ֆեյսբուքից, ընթերցողին կայք տեղափոխողը նյութի վերնագիրն է։ 1in.am-ի լսարանի 35 տոկոսը սոցիալական ցանցերից է կայք գալիս, որից 98 տոկոսը` Ֆեյսբուքից (աղբյուր՝ similarweb)։ 

Ի՞նչ վերնագրերով է լրատվամիջոցը գրավում ընթերցողի ուշադրությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք 1in.am-ի վերնագրերը։ Similarweb.com-ի տվյալներով՝ այն ամենաշատ այցելվող հայաստանյան լրատվական կայքերի հնգյակում է։ 

1in.am կայքի աղբյուրները

Մեր դիտարկած երեք օրերին (օգոստոսի 5,6,7) 1in.am-ում հրապարակվել են 355 սեփական արտադրության, 145 միջազգային և 19-ը տեղական լրատվամիջոցներից վերցրած նյութեր։ Սեփական արտադրության մեջ շատ են տեսանյութերն ու ուղիղ եթերները, դրանցում ներառված են նաև 170 պաշտոնական հաղորդագրությունները և 21 սոցցանցային գրառումները։

առաջին աղբյուրներ

առաջին կայքի աղբյուր

Այլ լրատվամիջոցներից վերցրած նյութերում 1in.am-ը հիմնականում նշում է աղբյուրը, սակայն առանց ակտիվ հղման։ Կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյանը պարզաբանում է, որ ակտիվ հղում չտալը խմբագրության որոշումն է․ «Նյութեր կան երկու աղբյուրից ենք թարգմանում, դրա համար որոշել ենք չնշել սկզբնաղբյուրը՝ տարընթերցումների առիթ չտալու համար»։ 

Երբ փորձում ես չափից շատ ասել, բայց արդյունքը երբեմն շփոթեցնող է

1in.am-ում շատ ենք հանդիպում ծավալուն վերնագրերի։ Դրանք, հիմնականում, բաղկացած են երկու մասից։ Մի մասում կարող է լինել հատված բանախոսի խոսքից, մյուս մասում՝ նկարագրություն, կամ տարբեր բանախոսների կարծիքներ՝ երկու մասում։ 

Ըստ կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Սափեյանի՝ երկու բանախոսի կարծիք ունենալու դեպքում իրենք փորձում են երկուսի խոսքն էլ ամփոփել վերնագրում։ Սակայն սա հաճախ դժվարացնում է վերնագրի ընկալումը․ պարզ չի դառնում, թե ինչի մասին է նյութը։ Արդյունքում, լրատվամիջոցը ցանկանում է հնարավորինս շատ բան ասել վերնագրում, բայց երբեմն ավելի է խճճում ընթերցողին։

Մեր կոկորդին ցեպ էր գցված, երբ ուզում՝ թուլացնում էին, երբ ուզում՝ ձգում․ Աշոտ Զաքարյանի մարտական ընկերը հպարտ է նրա նշանակումով նյութում Աշոտ Զաքարյանի՝ ՀՀ Ռազմական ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ՝ լրատվամիջոցը զրույցել է նրա ընկերոջ՝ Գրիգոր Ղազարյանի հետ։ Զրույցի ընթացքում խոսվել է նաև նախկին իշխանությունների հետապնդումներից։ Վերնագրի առաջին մասում այդ հետապնդումներին վերաբերող՝ Գ․Ղազարյանի խոսքից հատված է, երկրորդ մասում՝ ինֆորմացիոն առիթը։ Տարբեր ժամանակագրական համատեքստ ունեցող երկու մտքերը մեկ վերնագրում, նյութի բովանդակությունը պարզաբանելու փոխարեն, ավելի են խճճում ընթերցողին։ 

Ստանդարտ աղմկոտ ձերբակալություն. ինչ անել հետո բարդույթի ծուղակում չմնալու համար վերնագրի առաջին մասում խոսվում է ձերբակալության մասին, բայց երկրորդ մասը մնում է անհասկանալի։ Վերնագրից այդպես էլ չի հասկացվում՝ ինչ ձերբակալության ու ինչ բարդույթի մասին է խոսքը, ստացվում է, որ երկրորդ մասը ավելի է խճճում։ Խառնաշփոթը հասկանալու համար ընթերցողը գնում է հղմամբ։ Սա կարող է բացատրվել նրանով, որ վերնագիրը վերլուծական նյութի համար է գրված, բայց նյութում ևս ձևակերպումները բարդ են ու դժվարամարս։ Բացի դա, նշված չէ վերլուծականի հեղինակի անունը, որը 1in.am-ին հատուկ չէ։

Վերնագիրը՝ խայծ, մեդիագրագիտությունը՝ ելք

Խայծ վերնագրերը ընթերցողի հետաքրքրությունը բորբոքելու տարբեր հնարքներ են օգտագործում, ինչն ընդունելի է, եթե դրանք չեն խաղում ընթերցողի էմոցիաների հետ, օդում չեն կախում ավելորդ հարցեր, և չեն խոստանում տեղեկություն, որը չկա նյութի մեջ։

«Ռոմային» «խժռեցին». Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա՞ Լոնդոն։ Այս վերնագիրը կարդալիս՝ ակնկալում ենք ստանալ հարցի պատասխանը նյութից։ Հեղինակը ընթերցողին հանգամանալից տեղեկություն է հաղորդում, բայց երբ հասնում ենք այն հատվածին, որ պետք է ստանանք վերնագրում նշված հարցի պատասխանը, կարդում ենք հետևյալը․ «Կվերադառնա՞ արդյոք Մխիթարյանը Լոնդոն։ Այս հարցի պատասխանը կստանանք մոտ ապագայում։ Ամեն դեպքում հավանականությունը մեծ է, որ «Ռոման» ևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին՝ 2020 թվականին նրա ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու պայմանով։»

Ավելորդ հետաքրքրություն առաջացնող վերնագրեր

Պոլ Մաքքարթնին հայտնել է The Beatles-ի ցրվելու պատճառը։ Վերնագիրը հուշում է, որ նյութը բացահայտելու է The Beatles խմբի ցրվելու պատճառը։ Նյութում իհարկե խոսվում է, որ դա վեճի հետևանքով է եղել, բայց թե ինչ վեճ է եղել, այդ մասին ոչինչ չկա․ «Երաժիշտի խոսքով՝ The Beatles-ը մի «ընտանիք էր»: «Իսկ ընտանիքում լինում են վեճեր, լինում են տարաձայնությունններ: Ոմանք ցանկանում են մի բան, ոմանք՝ այլ: Այնպես որ, ես կարծում եմ, որ խմբի ցրվելը տեղի է ունեցել այդպիսի մի վեճից հետո»»։ Ստացվում է, որ վերնագրում «խոստացածը» ընթերցողը ստանում է մասամբ։

Բիլ Գեյթսը կորոնավիրուսից ավելի վատ աղետ է կանխատեսել: Բիլ Գեյթսը խոսում է էկոլոգիական աղետի մասին և նյութում ընդամենը մեկ նախադասությամբ համեմատում է այն կորոնավիրուսի հետ, հենց այս նախադասության ասելիքն էլ դրվում է վերնագրում։ Արդյունքում, նյութի հիմնական ասելիքը վերնագրում մղվում է երկրորդ պլան, իսկ հանրության համար զգայուն թեմայով համեմատությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում։ 

Որակում, վիրավորանք պարունակող վերնագրերը․ էմոցիոնալ ֆոն

Քոչարյանը շարքային դավաճան է․ ռուսների սիրուհին է․ Սուրեն Սարգսյան։ Վիրավորանք և որակավորում պարունակող վերնագրերը հիմնականում վերցված են ուրիշի ուղղակի խոսքից։ Սա լրատվամիջոցին ազատում է պատասխանատվությունից, քանի որ վիրավորական խոսքերի հեղինակը ինքը չէ, սակայն չի ազատում ընթերցողին հարգելու և վիրավորանք չտարածելու (այն էլ՝ վերնագրում) պարտականությունից։

Բացթողումներ վերնագրում

Վերնագրերի բացթողումներն ավելի շուտ են նկատվում։ Հատկապես մասնագիտական տերմինների սխալ օգտագործումը կարող է լրիվ փոխել ասվածի իմաստը։ 

Լիբանանի իշխանությունները կարգադրել են ձերբակալել Բեյրութի նավահանգստի ամբողջ վարչակազմին վերնագրում օգտագործվում է ձերբակալել իրավական տերմինը, սակայն նյութում միտքը ձևակերպված է այսպես «Լիբանանի կառավարությունը կարգադրել է տնային կալանքի տակ վերցնել Բեյրութի նավահանգստի ամբողջ վարչակազմը»։ Ձերբակալել և կալանքի տակ վերցնել տերմինները իրավական առումով տարբեր գործընթացներ են։

ԱՄՆ սենատը պետական ծառայողներին արգելել է օգտվել TikTok հավելվածից, այս վերնագիրը կարդալիս տպավորություն է, որ պետական ծառայողներն իրավունք չունեն օգտվել նշված հավելվածից, բայց նյութը կարդալիս պարզ է դառնում, որ դաշնային պետական ծառայողներին արգելվում է գերատեսչական սարքավորումների վրա տեղադրել չինական TikTok հավելվածը։

Մեդալի երկու կողմը 

Մեկ թեմայի շուրջ մեկը մյուսին հաջորդող միայն դրական կամ միայն բացասական կարծիքները կարող են խանգարել անաչառ դատել իրողությունը։ Այստեղ կարող է օգնել  երկրորդ կողմի կարծիք ներկայացնելը։

Բերված օրինակներում տեսնում ենք այդ օրերի գլխավոր թեմայի՝ Ամուլսարի մասին։ Կայքում մեկ օրվա ընթացքում հաճախ հանդիպում ենք այսպիսի նյութեր, որոնց վերնագրերը Ամլուսարի շահագործմանը դեմ արտահայտվողների սուր, մեղադրական, խոսքերն են։ Այսինքն՝ կարծիք վերնագրեր են, որոնք հիմնականում մեկ ուղղությամբ են։ Բալանսը պահված չէ՝ գրեթե չենք տեսնում մյուս կողմի արձագանքը։

Այս թեմայի շուրջ և ոչ միայն, լրատվամիջոցում շատ են վերնագրերը, որոնք անհատի կարծիքներ են։ Նկատում ենք նաև, որ վերնագրում հաճախ նշված չէ հեղինակի անունը․

Փորձ է արվում նսեմացնել 2000-ամյա Հայոց եկեղեցու դերակատարությունը։ Այս վերնագրում օրինակ, չի հասկացվում՝ ում խոսքն է, և ընթերոցողը այն կարող է վերագրել լրատվամիջոցին։

Շարքի ամփոփում

Այս հոդվածը «Ընթերցող գրավող վերնագրեր» շարքում երրորդն է։ Նախորդ  հոդվածներում ուսումնասիրել էինք news.am-ն ու shamshyan.com-ը։ 

Երեք կայքերն էլ ընթերցողին գրավելու համար վերնագրերում տարբեր հնարքների են դիմում։ Երեք կայքերի ուսումնասիրությունների ընդհանուր եզրակացությունները ներկայացնում ենք անիմացիոն տեսանյութով։




Մետաքսյա Մաթևոսյան
Հարցազրույցը՝ Գայանե Պողոսյանի
Շարքի ձևավորումը` Մերի Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *