Ընթերցող գրավող վերնագրեր. news.am

Լրատվամիջոցի համար կարևոր է վերնագրի ընտրությունը՝ առավել ևս համացանցում։ Վերնագիրը կարող է աննկատ կորցնել նյութը արագ փոխվող լրահոսում, կամ էլ հակառակը՝ շատ դիտումներ և գովազդ ապահովել։ Լրատվամիջոցը ընթերցողին կայքում պահելու համար տարբեր հնարքների է դիմում։ 

Այդ հնարքների մի մասը շփոթեցնող են, մոլորեցնում են ընթերցողին, խոստանում ավելի շատ բան պատմել, քան կա իրականում, օդում կախում են հարցեր, որոնց պատասխանները նյութում չկան։ Դրանք արագ գրավում են լսարանի ուշադրությունը, բայց կարող են վնասել լրատվամիջոցի հեղինակությանը։   

Մենք փոքրիկ ուսումնասիրություն ենք արել և փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի վերնագրեր են հայտնվում հայաստանյան մեդիայում և ինչ հնարքներ են ավելի հաճախ կիրառվում ընթերցողին գրավելու համար։ 

Similarweb.com -ի տվյալներով՝ Հայաստանում դիտելիության ամենաբարձր վարկանիշն ունի news.am լրատվական կայքը։ Մեր ուսումնասիրությունը հենց այս կայքից ենք սկսել․ ծանոթացել ենք News.am-ի երեք օրվա (հունիսի 30-ից հուլիսի 2-ը) բոլոր հրապարակումներին և առանձնացրել «խայծ» պարունակող, թիրախավորող և մանիպուլացնող վերնագրերով նյութերը։

Բարձր դիտողականության վարկանիշ ունեցող ևս երկու կայքի՝ shamshyan.com-ին և 1in.am-ին կանդրադառնանք առանձին հոդվածներով։

News.am-ի աղբյուրները

Մինչև վերնագրերին անցնելը կարևոր է կողմնորոշվել News.am-ի օգտագործած աղբյուրներում, քանի որ կայքում միջազգային և հայաստանյան մամուլից շատ վերահրապարակումներ կան։ News.am-ի խմբագիրներից Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ իրենք շատ են թարգմանություններ անում, խմբագրությունը մեծ միջազգային բաժին ունի: Այլ աղբյուրներից վերցրած նյութերի վերնագրերը փոփոխում են միայն այն դեպքում, երբ այն չի արտահայտում նյութի հիմնական ասելիքը․

«Հիմնականում թողնում ենք նույնը։ Կարող է ծավալի հետ կապված խնդիր առաջանալ, որովհետև մեզ մոտ վերնագիրը սահմանափակ նիշերի հնարավորություն է տալիս։ Դրա համար հաճախ կարող է ստիպված լինեմ ուղղակի կրճատել վերնագիրը՝ փորձելով չաղճատել միտքը կամ տեքստից ուրիշ վերնագիր ընտրել և դնել, որն ավելի կարճ է ու հնարավոր է տեղավորել»։

Մեր դիտարկումներով՝ երեք օրվա ընթացքում news.am-ում հրապարակված նյութերից 551-ը սեփական արտադրության էին, 246-ը` միջազգային, իսկ 67-ը՝ վերցված տեղական լրատվամիջոցներից։ Սեփական նյութերի թվում ներառել ենք նաև 168 պաշտոնական հաղորդագրությունները և սոցցանցերից վերցված 81 գրառումները։

news աղբյուրներ

news-ի աղբյուրները

Վերնագիրը՝ «խայծ», մեդիագրագիտությունը՝ ելք

«Խայծ» վերնագիր կամ Clickbait․ այս վերնագրերը սովորաբար չեն փոխանցում ամբողջական տեղեկություն, կիսատ մտքեր են արտահայտում, պարունակում են այնպիսի բառային հնարքներ, որոնք բորբոքում են մարդու հետաքրքրությունը և դրդում անցնել նյութի հղումով։ Երբեմն այսպիսի վերնագրերը նաև չափազանցված մեսիջ են ունենում՝ կարծես շատ կարևոր ու հիմնարար բան է տեղի ունեցել, իսկ ընթերցողը չգիտի։ 

«Այդ կարգի վերնագրերը սովորաբար տագնապ են առաջացնում լսարանի մոտ, հատկապես, որ այսօրվա լսարանը իր տեղեկատվական սնունդը ստանում է սոցցանցերի միջոցով, այն էլ՝ արագ պտտելով լուրերի լավաշը և շատ կարճ ժամանակ տրամադրելով յուրաքնաչյուր հանդիպած նյութին»,- ասում է լրագրող, խմբագիր Սուրեն Դեհերյանը։

Սոցցանցերը տարբեր ընկերությունների համար ընթերցող որսալու հարթակ են դարձել։ Լրատվամիջոցներն էլ խայծ վերնագրերի միջոցով են որսի դուրս գալիս։ 

News.am-ի երեք օրվա հրապարակումներից «խայծ» վերնագրերի որոշ օրինակներ ենք առանձնացրել։

խայծ վերնագիր news

Հակասական պնդումներով բառախաղ

Հաճախ փորձ է արվում ընթերցողի մոտ էմոցիոնալ ապրումներ առաջացնել։ Երբեմն երկու մասից կազմված վերնագրեր են ընտրվում, որոնց երկրորդ մասն առաջացնում է զգացական հետաքրքրություն, կամ անհնարին թվացող հակասություն։

«Երգչուհի Սիան տատիկ է դարձել. նա առաջին անգամ մայր է դարձել նախորդ տարի»․ այս վերնագրի առաջին և երկրորդ մասերում արտահայտված մտքերն առաջին հայացքից անհամատեղելի են, և տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունեցել անսովոր մի բան։ 

Փորձեցինք որպես աղբյուր նշված popcornnews.ru կայքից ճշտել՝ վերնագիրը թարգմանությո՞ւն է, թե ՝ news․am-ինը։ Աղբյուր կայքում նյութը հետևյալ վերնագիրն ունի․ “Певица Sia стала бабушкой, едва успев стать матерью приемных сыновей” (Երգչուհի Սիան, որ վերջերս է երկու որդեգրած զավակների մայր դարձել, արդեն տատիկ է։): Թարգմանության մեջ news․am-ը վերնագրից հանել էր որդեգրած որդիների մասին հիշատակումը։ 

«Անգլիական եկեղեցում սեւամորթ Քրիստոս է հայտնվել»․ այս վերնագիրը ևս խոսում է մի բանի մասին, որը անհավանական է և առեղծվածային։ Կայքի նշած աղբյուրում՝ Daily Telegraph-ում, նյութը գտնել չհաջողվեց։ Այն գտանք The Telegraph-ում՝ այս ձևակերպմամբ՝ «St Albans Cathedral altar to display painting depicting a black Jesus» (Սբ Ալբանի տաճարի խորանը ցուցադրում է սևամորթ Հիսուսի պատկերով նկար):

Որպես երկրորդ աղբյուր նշված BBC-ում վերնագիրն այսպիսին էր՝ «St Albans Cathedral’s black Jesus is a ‘bold statement’» (Սբ Ալբանի տաճարի սևամորթ Հիսուսը «համարձակ քայլ» է։

Այս վերնագիրը ներկայացրինք news.am-ի խմբագիր Նարինե Հովհաննիսյանին և խնդրեցինք մեկնաբանել այն։ Նա նշեց, որ խմբագրության թարգմանիչները աշխատում են շատ արագ ու ծանրաբեռնված և հնարավոր է՝ լինեն որոշ բացթողումներ։ 

«Ենթադրում եմ, որ գուցե ինչ-որ նկարի մասին է։ Ինձ մոտ այլ տպավորություն չստեղծվեց, բայց ծանոթ չէի այս նյութին։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի մտքով անցել է, որ ընթերցողը կհավատա, որ իսկապես հայտնվել է Քրիստոս․․․ Դա նույնիսկ ծիծաղելի Է։ Ի վերջո կարդացեք ռուսական, անգլալեզու մամուլն ու այնտեղի վերնագրերը»։

Ուրիշի խոսքը վերնագրի փոխարեն

Հաճախ ուրիշի ուղղակի խոսքը օգտագործվում է որպես վերնագիր, իհարկե նշվում է, թե ում կարծիքն է, բայց վերնագրի ազդեցությունը դրանից չի փոխվում։

«Չեք հավատա՝ ԿԳՄՍ նախարարի փոխված հրամանը նույնպես ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան» վերնագրի առաջին բառը՝ «չեք հավատա», առաջացնում է ընթերցողի բուռն հետաքրքրություն, թե ինչ և ինչպես կարող է եղած լինել, որին իրենք չեն հավատա։ Շարունակության մեջ տեսնում ենք՝ ինչի մասին է խոսքը, բայց թե ինչպես է այն տեղի ունեցել, մնում է անհավատալիի տրամաբանության մեջ։ Հենց սա էլ գրավում է ընթերցողին։ 

Բացի այդ վերնագրում շեշտվում է «ապօրինի» բառը, որն արտահայտում է վերաբերմունք, գնահատողական կարծիք։ Չնայած վերնագրում բերված խոսքը լրատվամիջոցի հեղինակային միտքը չէ, սակայն որպես վերնագիր այն հենց լրատվամիջոցն է ընտրել։

«Երեւանի քաղաքապետը պարապության է մատնված. Դավիթ Խաժակյան» վերնագրում օգտագործված ուրիշի ուղիղ խոսքը արդեն իսկ պարունակում է գնահատողական վերաբերմունք, պիտակավորում։Կարդալիս տպավորություն է գործում քաղաքապետի պարապության մատնված լինելը։Մյուս պահին է ընկալվում, որ դա ասել է Դավիթ Խաժակյանը։

Կիսատ մտքեր վերնագրերում 

Կիսատ թողնված մտքերը խայծ վերնագրերի ամենատարածված օրինակներից են մեդիայում։ «Անասելի դժվար զգացողություն, երբ․․․»․ Քրիստինա Եղոյանի նոր գրառումը» վերնագիրը կարդալիս՝ թվում է, թե երգչուհու անձին վերաբերող որևէ իրադարձության մասին է խոսքը։ Քանի որ միտքն անավարտ է, ընթերցողը անցնում է հղումով և պարզում, որ երգչուհու ֆեսյբուքյան մտորումներն ամենևին էլ իր անձի մասին չեն․ «Անասելի դժվար զգացողություն, երբ չգիտես ու՞ր է գնում ժամանակը, ու՞ր է գնում մոլորակը, որտեղ և երբ պետք է կանգ առնի»: 

Հարց-վերնագրեր

Հարց-վերնագրերը հայաստանյան մեդիայում ամենաշատն են հանդիպում։ Եթե հարցը վերնագրում է, իսկ պատասխանը՝ բովանդակության մեջ, դեռ ոչինչ, բայց հաճախ վերնագրի հարցն անպատասխան է մնում նյութում կամ պարզապես մոռացվում։   

Սուրեն Դեհերյանը ասում է, որ հարցականով վերնագրերը ավելի շատ բնորոշ են բացատրական նյութերին, որոնք օգնում են լսարանին մատչելի եղանակով ստանալ կոնկրետ հարցերի պատասխանը․ «Բայց ներկայիս մեդիայում առավել տարածված են հարցականներով վերնագրեր, որոնք իրենց մեջ կասկած են պարունակում և ինտրիգ մտցնում ընթերցողի մոտ տվյալ հարցի վերաբերյալ։

Ըստ Նարինե Հովհաննիսյանի՝ խմբագրությունը խուսափում է հարցականով վերնագրեր օգտագործելուց․ «Հիմնականում աշխատում ենք չդնել, բայց երբեմն ստիպված ենք լինում։ Օրինակ՝ երբ հստակ ինֆոն գիտենք, բայց աղբյուրը հստակ չէ»։ 

Մեր դիտարկած օրերին News.am-ում հրապարակված հարց-վերնագրերով նյութերում աղբյուրների հետ կապված խնդիրներ չկային։

Որքանո՞վ են ճշգրիտ Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերը 
Ինչու՞ է Մարգո Ռոբին ապտակել Լեոնարդո դի Կապրիոյին

ՇՏԱՊ, ՀՐԱՏԱՊ, ԱՐՏԱԿԱՐԳ․․

Շատ հաճախ վերնագիրն ավելի ցայտուն են դարձնում տագնապ առաջացնող ու մեծատառերով գրվող բառերը, եթե օգտագործվում են անհիմն կամ չարաշահվում են, ինչպես օրինակ՝ «Շտապ», «Հրատապ», «Արտակարգ»։

News.am կայքում կարող ենք հանդիպել այսպիսի օրինակների․

  1. «Արտակարգ դեպք Երեւանում. «Մեգամոլ»-ի «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո»
  2. «Ուշացումով. «Իմ քայլը» մտադիր է շտկել «ՍԴ մասին» օրենքը»։ Այս օրինակը նաև էմոցիոնալ առումով է գրավում ընթերցողին, այն տալիս է ուշացման զգացում, սակայն չի բացատրում, թե ինչի մասին է խոսքը, ակնարկում է օրենքի շտկում։

Դերանուններ անվան փոխարեն

Վերնագրերը ավելի գրավիչ դարձնելու հնարքներից է նաև դերանունների օգտագործումը՝ «այս», «նա», «ինքը» և այլն։ Այս միջոցը ընթերցողի մոտ ուղիղ կոնտակտի զգացողություն է առաջացնում, կարծես հստակ մատնանշում է «գործող անձին» կամ կոնկրետ դեպք, բայց ընթերցողը վերնագրից այդպես էլ չի հասկանում՝ ում կամ ինչի մասին է խոսքը.

  1. Փաստորեն այս պարզ ճշմարտությունը Նիկոլի իրավաբանները հասկանում են, բայց այն կիրառում են միայն Նիկոլի վրա. Բագրատ Եսայան
  2. Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք. Արփինե Հովհաննիսյան

Գունեղ ածականներ

Clickbait վերնագրերին բնորոշ են նաև վառ բնորոշումները․ Որքան «գունեղ» լինի վերնագիրը, այնքան շատ դիտումներ։

  1. ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին․«Հրապարակ»
  2. «Լիդիան» ընկերությունը Ամուլսարի շահագործման նախապատրաստությունը սկսել է շան երեք անմեղ ձագերի սպանությամբ (ֆոտո) վերնագիրը միանգամից փոխանցում է զգացողություն, որ կատարվել է անարդար գործողություն՝ ինչն արտահայտված է «անմեղ» խոսուն բառով։ Այս նյութը առավել գրավիչ է դարձնում լուսանկարի առկայությունը։ 

Թիրախավորում․ լրատվամիջոցը հասարակական կարծիք է ստեղծում

Լսարանի ուշադրությունը գրավող հնարքներից մյուսը թիրախավորումն է։ Այս միջոցը, հատկապես, երբ վերնագրում է օգտագործվում, շեղում է ընթերցողի ուշադրությունը կոնկրետ ուղղությամբ։ Այն կարող է միաժամանակ և՛խայծ պարունակել, և՛ թիրախավորել։ 

News.am կայքի բովանդակության եռօրյա դիտարկումների արդյունքում, ակնհայտ թիրախավորում նկատեցինք «Իմ քայլը» դաշինքի իշխանական թևի և Առողջապահության նախարարության, հատկապես՝ նախարար Արսեն Թորոսյանի ուղղությամբ։ 

News.am-ից Նարինե Հովհաննիսյանը համաձայն չէր այս ձևակերպման հետ․

«Ի՞նչ է նշանակում թիրախավորում։ Ցանկացած նյութ, որը պարունակում է քննադատություն, ձեր ասած տրամաբանությամբ՝ կարելի է դիտարկել որպես թիրախավորում, բայց դա թիրախավորում չէ։ Եթե մարդու ասածի հիմնական իմաստը, բովանդակությունը դա է, դու վերնագրում դնում ես մաքսիմալ այն վերնագիրը, որը կարտահայտի ամբողջ գրվածի գլխավոր մեսիջը»։

Քննադատությունն ու խնդիրների մասին խոսելը կարևոր է, հատկապես, երբ քննադատությունը հիմնավորվում է փաստերով։ Սակայն, երբեմն անդրադարձը առավել քան քննադատական է, որոշ նյութեր պարունակում են նաև պիտակավորում, վիրավորանք ու ներկայացնում են մեկ անձի կարծիք։ 

Առանձին ներկայացնենք նյութերի վերնագրեր, որոնք թիրախավորում են Առողջապահության նախարարին և նախարարությանը․

  1. Նրա անհեթեթ պնդումները ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ դրսում․Վահան Արծրունին՝ Արսեն Թորոսյանի մասին
  2. Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
  3. «Իրավունք». Արսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը 

News.am-ում հանդիպում են իշխանաության ներկայացուցիչների պիտակավորող գրառումների վերահրապարակումներն ու կարծիքները․

  1. Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը` Նաիրա Զոհրաբյանին
  2. Ահա նաեւ շատ կարեւոր տեղեկություն Երեւանի կենտրոնում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան

Մեկ ավել կամ պակաս բառն անգամ կարող է մանիպուլացնել 

Նյութի վերնագիրն ընթերցողին կարող է ուղղորդել։

Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը։ Այս դեպքում, ըստ վերնագրի, ակնկալվում է մեկ բան, ստացվում՝ այլ բան։

Նարինե Հովհաննիսյանից հարցրինք՝ արդյոք այս վերնագիրը չի կարող տպավորություն ստեղծել, որ Առողջապահության նախարարը փոխվել է․

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Իմ մոտ տպավորություն է, որ ինչ-որ մի հանձնաժողովում կամ մի ուրիշ այդպիսի մարմնում, որը ասենք ղեկավարում էր Արսեն Թորոսյանը, հիմա իր փոխարեն նշանակվել Է փոխնախարարը։ Ես խիստ կասկածում եմ, որ որևէ լրատվամիջոց, երբ որ պաշտոնանկ արվեր փոխնախարարը, կորոշեր էդպիսի վերնագիր դնել։ Ես չեմ տեսնում որևէ պրոբլեմ այդտեղ»։

Չնայած ներկայացված օրինակներին՝ մեր դիտարկումներով news.am կայքում խայծ, թիրախավորում կամ մանիպուլյացիա պարունակող վերնագրերը շատ չեն։ Երեք օրում հրապարակված 864 նյութից միայն 75-ում ենք նկատել վերոնշյալ հնարքները։ 

Կայքը լրատվականին բնորոշ մոտեցում ունի վերնագրերի հարցում․ փորձում է վերնագրում հակիրճ ձևակերպել նյութի հիմնական ասելիքը։ 

Մետաքսյա Մաթևոսյան
Հարցազրույցները՝ Գայանե Պողոսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *