Ռուսական պետական Russia Today գործակալությունը ֆիլմ է թողարկել Հայաստանում կատարված վերջին իրադարձությունների և Նիկոլ Փաշինյանի մասին։ «Փոփոխությունների գինը» կոչվող ֆիլմում հնչում են մի շարք մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ, ինչպես նաև դավադրության տեսություններ։
Շուրջ մեկ ժամ տևող ֆիլմի մի մասը նվիրված է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին․ հեղինակներն ու հերոսները քննադատում են Նիկոլ Փաշինյանին, համեմատում նրան ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ և հորդորում ռուսաստանցիներին չսատարել Կրեմլի հակառակորդին։
Media.am-ը առանձնացրել է ֆիլմում հնչած հիմնական քարոզչական թեզերն ու սխալ պնդումները։
Դավադրության տեսություն․ թավշյա հեղափոխությունը իրականացրել են արևմտյան ուժերը
«Russia Today»-ի ֆիլմի գլխավոր թեզերից էր Ռուսաստանում հաճախ հնչող մութ ու չար արևմտյան ՀԿ-ների մասին թեզը։
Ֆիլմի հեղինակներն ու հերոսները շարունակ պնդում էին, որ Արևմուտքը Հայաստանում հող էր նախապատրաստում հեղափոխության համար։
Ամենից շատ ֆիլմի հեղինակների ուշադրությանն արժանացավ «Բաց հասարակությունների հիմնադրամ – Հայաստան»-ն, որը ֆինանսավորվում է ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսի կողմից։ Այս նարատիվը հատկապես ակտիվորեն հնչեցնում էր ֆիլմի հերոսներից Նարեկ Մալյանը, որը ծայրահեղ աջ «Վետօ» խմբի հիմնադիրն է։
Ըստ նրա՝ Սորոսը փող է աշխատում Ադրբեջանում և ծախսում Հայաստանում, դրա համար էլ Ադրբեջանում նրա հիմնադրամը չի գործում։
❌ Այս պնդումը մանիպուլյատիվ է․ Ադրբեջանում Սորոսի գրասենյակը արգելված է, քանի որ նախագահ Իլհամ Ալիևը, օգտագործելով ճիշտ նույն դավադրության տեսությունն ու քարոզչական հնարքները, Սորոսին հայտարարել էր ադրբեջանցի ազգի թշնամի։
Քաղաքացիական հասարակության և ՀԿ-ների հանդեպ ճնշումները վերջին տարիներին Ռուսաստանի ներքին քաղաքականության առանձնահատկություններից են։ Ավելի ու ավելի շատ կազմակերպություններ ՌԴ-ում հայտարարվում են «էքստրեմիստ» կամ «օտար գործակալ», նրանց գործունեությունը արգելվում է։ Լրագրողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները նշում են, որ այդպես ՌԴ իշխանությունները պայքարում են ընդդիմացողների դեմ։
Ֆիլմի մեկ այլ հերոս՝ ակտիվիստ Մարինե Մանուչարյանը, պնդում էր, որ Արևմտյան կազմակերպությունները «ազատվել են դպրոցում հայոց եկեղեցու պատմությունից։ Դրա փոխարեն եկել է կրտսեր տարիքի երեխաների սեռական կրթությունը»։
❌ Այս պնդումը մանիպուլյատիվ է․ Հայաստանի հանրակրթական դպրոցներում չկա սեռական դաստիարակություն առարկա։ Չնայած այս փաստին, մամուլում թեման պարբերաբար շահարկվում է և հայտնվում են սեռական դաստիարակության կեղծ դասագրքեր։ Ավելին՝ ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան մնում է դպրոցական ծրագրում։
Ֆիլմի հայ փորձագետը կրկնում էր թեզը, թե սոցցանցերի միջոցով անչափահասներին բողոքի ցույցերի մեջ են ներգրավում
Քաղհասարակության հանդեպ վերաբերմունքը ֆիլմի պնդումների և Կրեմլի վարած քաղաքականության միակ համընկնումը չէր։
Բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ պատմելով Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում ցույցեր կազմակերպելու համար սոցցանցերի օգտագործման մասին, կրկնում էր Ռուսաստանում վերջին ամիսներին տարածվող քարոզչական թեզը, թե ռուսական քաղաքական ուժերը հավաքագրում են TikTok-ի հիմնական լսարանին՝ երեխաներին։
Ռուսաստանի իշխանությունները ոչ միայն մամուլում են շրջանառում այս թեզը, այլև այս մեղադրանքով տուգանքներ դուրս գրում և դատական գործեր հարուցում։ Օրինակ, իշխանությունները TikTok-ից պահանջել էր հեռացնել անչափահասներին «հակաօրինական մասսայական բողոքի միջոցառումներին» մասնակցելու կոչ անող հրապարակումները։
Անչափահասներին բողոքի ցույցերի մեջ ներգրավելու համար իշխանությունները մեղադրանքներ են առաջադրվել «Doxa» ուսանողական թերթի խմբագրերին, այդ թվում՝ հայազգի խմբագիր Արմեն Արամյանին։ Ընդդիմադիր գործիչներն ու հասարակական ակտիվիստները այս մեղադրանքների մեջ տեսնում էին քաղաքական ենթատեքստ։
Փաշինյանի մասին ֆիլմի զգալի մասը ռուս ընդդիմադիր Նավալնուն է նվիրված
«Փոփոխությունների գինը» մեկ ժամանոց ֆիլմի շուրջ 20%-ը ոչ թե Հայաստանի մասին է, այլ՝ Ռուսաստանի։ Ֆիլմի ընթացքում հայ բանախոսները մի քանի անգամ կրկնում էին, որ ռուս ժողովուրդը պետք է չհավատա և չսատարի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, քանի որ Նավալնին ռուսական Փաշինյանն է։
Հերոսների ամեն նման հորդորին հետևում էին 3-5 րոպե տևողությամբ հատվածներ, որտեղ հեղինակները քննադատում էին Նավալնիին, պատմում նրա չարագործությունների և կոռումպացված լինելու մասին։
Եթե պնդումը հերքված չէ, ապա այն ճի՞շտ է
Ֆիլմի հերոսներից քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը պնդում էր, որ Փաշինյանը ոչ թե պայքարում է կոռուպցիայի դեմ, այլ ինքն է կոռուպցիոներ․ «Համաձայն լուրերի, որոնք չեն հերքվել, նրանք [Փաշինյանի ընտանիքը] տուն են գնել Կանադայում, ԱՄՆ-ում»։
Փաստեր ստուգող լրագրողները դեռ ամիսներ առաջ ստուգել և հերքել էին Սամսոնյանի նշած լուրերը։
Կարևոր է հիշել, որ հերքված չլինելը բավարար չէ, որ լուրը իրական համարվի․ այն պետք է ամրապնդված լինի փաստերով և ապացույցներով։
Ֆիլմում չէր նշվում, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը
Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի մասին՝ ֆիլմի հեղինակները խուսափեցին նշել, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Նրանք օգտագործեցին չեզոք ձևակերպում․ «Հայաստանը և Ադրբեջանը սկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի համար»։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: