2021.02.19,

Ստուգված է

Փետրվարի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը*

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Փետրվարի առաջին կեսին հանրությանն ապակողմնորոշեցին պատգամավորները և մի քանի գերատեսչություն։ Երկրաշարժը և հետպատերազմյան զարգացումները դարձան ապատեղեկատվության առիթ։ Իսկ ապատեղեկատվությունը տարածելու ամենատարածված ձևը սոցցիալական ցանցերի բովանդակության վերատպումն է՝ առանց փաստերը ստուգելու։

Թե ինչքանով եք տեղյակ փետրվարի առաջին կեսի ապատաեղեկատվություններին՝ ստուգեք թեստի միջոցով։

 

Վերադարձած գերիների մեջ «գտնում էին» չվերադարձածներին 

Նորությունների ագրեգատոր Mamul.am-ը, մի շարք այլ կայքեր՝ pastinfo.am, ipress.amauroranews.am և Տելեգրամ ալիքներ գրեցին, թե փետրվարի 9-ին հայրենադարձված գերիների թվում էր «տեսանյութից հայտնի Էրիկը»։ Լուրի սկզբնաղբյուրը լրագրող Անի Քոչարի ֆեյսբուքյան գրառումն էր։ Նա իր հրապարակումն ավելի ուշ հեռացրեց ու նոր գրառմամբ տեղեկացրեց՝ գերեվարված տղայի մորաքրոջը սխալ տեղեկատվություն են հայտնել: Հայրենիք վերադարձած գերիների մեջ Էրիկը չկա։ 

Նման կեղծ լուր էր տարածվել մեկ այլ գերու՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանի մասին։ Mediaport տելեգրամյան ալիքը գրել էր, կայքերը՝ վերատպել, իբրևԿարմիր խաչի լիբանանյան գրասենյակի շնորհիվ նա ազատվել է գերությունից: Մարալի քույրը հերքեց այդ տեղեկությունը։

Առանց փաստի պնդում՝ իբրև անչափահասի մահվան պատճառը «Կապույտ կետ»-ն է 

Հունվարի 29-ին անհետացած 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը երկու օր անց հայտնաբերվեց մահացած։ Ցանցում գրվեց, թե իբրև տղայի ենթադրյալ ինքնասպանության պատճառը «Կապույտ կետ» («Синий кит») խաղն է: Առանց փաստական հիմքի տելեգրամյան գրառումը տարածեցին կայքերը։ Լուրը քննարկվեց ֆեյսբուքյան խմբերում և էջերում։ «Վտանգի մեզ մոտենալու մասին» ռեպերտաժ պատրաստեց 5-րդ ալիքը։ 

Ինչ գիտենք իրականում․ անչափահասի ենթադրյալ ինքնասպանության գործը քննվում է Քննչական կոմիտեում, որտեղից media.am-ին ասացին՝ կատարվում է նախաքննություն հանգամանքները պարզելու նպատակով։ Պարզվեց նաև, որ դեռահասների շրջանում ինքնասպանության որևէ դեպք՝ կապված «Կապույտ կետ»-ի կամ այլ ինտերնետային խաղի հետ Հայաստանում չի եղել մինչ այժմ։ Այս դեպքում ևս, չնայած տարածվող լուրերին, որևէ փաստ չկա, որ անչափահասի ենթադրյալ ինքնասպանությունը կապված է ինտերնետային խաղի հետ։

Նաիրա Զոհրաբյանը հին լուսանկար էր հրապարակել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 3-ին օդանավակայանում արված լուսանկար էր հրապարակել։ Դրանում պատկերված էին մեծ կապոցներով մարդիկ։ Պատգամավորը կից գրել էր՝ «Զվարթնոցն այսօր»։

Պարզվում է, որ Զոհրաբյանի հրապարակած լուսանկարը ցանցում հայտնվել է ավելի վաղ՝ առնվազն 5 տարի առաջ։ Ադրբեջանական կայքերում նույն նկարը հրապարակվել է 2014 թվականին։ Պատգամավորը գրառումը արդեն հեռացրել է։

Անուշ Բեղլոյանի ասածը խեղաթյուրվեց, ինքն էլ իր ասածը մեկնաբանելիս խեղաթյուրեց

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի՝ «Пограничная ZONA»-ի տեսակոնֆերանսի ընթացքում արված հայտարարությունը «հակահայ» որակվեց։ Կայքերը, մեկը մյուսի բովանդակությունը կրկնելով, գրեցին, թե նա ասել է «․․․կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է․․․»։ News.am-ը ավելի է խմբագրել միտքը՝ «․․․ով է առաջինը հարձակվել․․․»:

Իրականում Բեղլոյանի մտքի բառացի թարգմանությունը սա է՝ «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, պատմական ակնարկներ [անել] և այլն, որովհետև ինչպես գիտեք, հայերը լավագույնն են հնագույն պատմիչներին մեջբերելու ու պատմական ակնարկներ անելու հարցում։ Ես չեմ ուզում մտնել դրա մեջ, որովհետև երկու կողմն էլ զբաղվել է դրանով 30 տարի, և դա մեզ բերել է պատերազմի»:

Խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Բեղլոյանը պարզաբանեց՝ իրեն վերգրվել է միտք, որը նա չի ասել։ Իսկապես, Բեղլոյանը չի խոսել պատերազմը առաջինը սկսող կողմի մասին։

Սակայն, իր խոսքը մեկնաբանելիս, Բեղլոյանը խեղաթյուրեց այն․ իբրև ասել է՝ «30 տարի այս խոսակցությունները ձեզ [Ադրբեջանին] բերեցին պատերազմի»։ Ի պատասխան լրագրողի ճշգրտման՝ որ ասել է ոչ թե ձեզ, այլ՝ մեզ, Բեղլոյանը չեզոքացրեց խոսքը՝ իբրև ասել է այդ խոսակցությունները «հանգեցրին պատերազմի»։

Իրականում նա ասել էր «մեզ բերեցին պատերազմի»։

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին լուրը կեղծ է

Փետրվարի 13-ին Հայաստանում գրանցված 4․7 մագնիտուդով երկրաշարժից հետո լրատվականները և սունկ կայքերը գրեցին, թե երկրաշարժից ավերվել է Արարատ լեռան լանջի թուրքական ռազմաբազան, եղել են պայթյուններ, կան զոհեր։ Սրա մասին հրապարակում արեց araratnews.am կայքը՝ հղում անելով «ռուսական տելեգրամյան ալիքի»։ Նյութն արդեն հեռացված է։

Infocom-ը պարզվել է, որ տեղեկությունը կեղծ է։ Հրապարակման մեջ առկա նկարը հին է։ Այն արվել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ 

Պաշտպանության նախարարությունը լռում է սահմանային միջադեպերի մասին

Հայաստանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ փետրվարի 11, 12 և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել։ Սակայն, Սյունիքի մարզում՝ Ադրբեջանի հետ շփման գծի երկայնքում նշված օրերին առնվազն երկու միջադեպ է եղել։

Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկացրեց, փետրվարի 11-ին հոտն արածեցնող գյուղացու հոտի մեծ մասը տարել են զինված ադրբեջանցիները։ Խնդիրն ավելի ուշ լուծվել է։ Իսկ փետրվարի 13-ին Ագարակ և Եղվարդ գյուղերի հատվածում կրակոցներ են հնչել։ Այն պատկերող տեսանյութ հրապարակեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Կապանում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը վաղուց է գործում. նախարարությունն ապակողմնորոշում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարի 14-ին հայտնեց՝ Սյունիքի մարզում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն է ստեղծվելու: fip.am-ը պարզել է, այս հաղորդագրությունն ապակողմնորոշող է, քանի որ կենտրոնը գործում է 2018-ից։ Կառավարության որոշմամբ ընդամենը փոխվել է կենտրոնի կազմակերպաիրավական ձևը, և ավելացել է ճգնաժամային բաղադրիչը:

Նժդեհի արձանը տեղում է

Փետրվարի 11-ից լուրեր տարածվեցին, թե Գարեգին Նժդեհի արձանն Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվել(-ու) է՝ ադրբեջանցիների պահանջով։ Սրա մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ապամոնտաժված արձանի մասին լուրերը Մարտունիից փաստերով հերքեց Մարտունու համայնքի ավագանու անդամ Նվեր Դադամյանը։ Նա Media.am-ին տեղեկացրեց, որ լուսանկարներն արվել են հրապարակումը կատարելու պահին՝ արձանը տեղում է։ Նաև հաստատեց, որ Նժդեհի արձանն ապամոնտաժելու խոսակցություններ քաղաքում կան։ 

Մատանիները պատերազմի զոհերինը չէին

Փետրվարի 4-ին «A.Baghumyan» ֆեյսբուքյան էջում տեղադրվեց մատանիների լուսանկար՝ կից գրառմամբ․ – «Սրանք այն ամուսնական մատանիներն են, որոնք պատկանել են երկրորդ աշխարհամարտում զոհված զինվորներին։ Քանի՜ սիրո պատմություն մնաց կիսատ»։ Հրապարակումն ունի 300-ից ավել կիսում։

Սակայն, պատկերի հետադարձ որոնումից պարզվում է, որ մատանիները ոչ թե Երկրորդ աշխարհամարտում զոհված զինվորներինն են, այլ՝ Հոլոքոստի զոհ հրեաներինը։ Դրանք հայտնաբերվել են Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարի մոտակայքում ՝ ԱՄՆ բանակի զինվորների կողմից այն ազատագրելուց հետո: 

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը չէ

Բաքվում ԱՄՆ դեսպանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հանդիպումից հետո նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր՝ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ։

Լուրը վերատպեցին ադրբեջանական տարբեր լրատվականներ, որոնց հղում տալով էլ լուրը հայտնվեց հայկական դաշտում։ Առաջինն այս մասին գրեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, որին գրառումը տարածեցին տասնյակից ավել կայքեր։

Media.am-ը պարզեց, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունն այս հանդիպման մասին միայն մեկ գրառում էր արել Թվիթերում։ Դրանում որևէ խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականագնման առիթով շնորհավորանքի մասին։ Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացրեցին, որ այլ կողմերի ու աղբյուրների բնութագրումները չեն հանդիսանում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում։

Հերքման պահանջ

? Փետրվարի 3-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը News.am-ից պահանջեց հրապարակել հերքում։ Կայքի լուրերից մեկում ասվում էր, թե Պետրոսյանն ու կինն առնչություն ունեն Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հետ։ Պետրոսյանը պնդում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և զրպարտություն է։ Պահանջում է հերքում հրապարակել, այլապես տեղեկացրել է, որ կդիմի դատարն։ 

Հերքումներ

❌ «Որևէ հիմքից զուրկ են խոսակցությունները, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղն առաջիկայում կբնակեցվեն ադրբեջանական ընտանիքներով», –  հավաստիացրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա նաև հերքել է լուրը, թե Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները գնումներ են կատարում։

❌  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցնդաբանություն է համարել լուրերը, թե Արցախում «բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն»: 

Նկատենք, որ 2020-ի դեկտեմբերին Արցախից հերքում էին ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու մասին լուրերը։ Իսկ 2021-ի փետրվարին Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզու կսահմանվի ոչ միայն գրական հայերենը, այլև՝ ռուսերենը։ 

❌ Հայաստանի ՊՆ-ից հերքեցին լուրը, թե նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին։ Նաև տեղեկացրեցին, որ նա ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնում։

❌ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքեց իր հրաժարականի մասին խոսակցությունները ու տեղեկացրեց՝ «ժողովրդին տրված խոստումներս կատարելով գնում եմ»։

❌ Մայր Աթոռից հերքեցին լուրը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկու բարձրաստիճան եկեղեցականի հետ Երևան-Էջմիածին մայրուղում ավտովթարի է ենթարկվել։ 

❌ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը հայտնեց, որ Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը: Բուհում այս առիով բողոցի ակցիաներ էին ընթանում։

Արշալույս Բարսեղյան

* Այս հոդվածը խմբագրվել է փետրվարի 20-ին։ Նյութից և թեստից հեռացվել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ ՄԻԱՎ-ի օրենքի փոփոխությունները մանիպուլացնելու մասին հատվածը։

Այս պնդումը մենք վերցրել էինք «Փաստերի ստուգման հարթակ»-ի հրապարակումից՝ համապատասխան հղումով։ Սակայն, սկզբնաղբյուր կայքում ավելի ուշ կատարվել է ուղղում՝ հետևյալ բովանդակությամբ։

Հովսեփյանը հայտարարել էր, որ ըստ նախագծի՝ 14 տարեկան երեխան կարող է ինքնուրույն առանց ծնողի կամ օրինական ներկայացուցչի գնալ ու հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և ստանալ արդյունքները։ Իսկ «Փաստերի ստուգման հարթակը» մասամբ էր մեջբերել Հովսեփյանի հայտարարությունը և ստուգել միայն 14 տարեկանների՝ ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնելու հնարավորության մասին պնդումը և բաց թողել հետազոտության արդյունքին ծանոթանալու մասին հատվածը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *