2021.02.04,

Ստուգված է

«Կապույտ կետ». քաղաքային լեգե՞նդ, թե՞ իրական սպառնալիք․ լրացված

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի 29-ին  Ոստիկանությունը հայտարարեց, որ անհետացել է 15-ամյա Հրաչյա Ներսիսյանը: Երկու օր անց Քննչական կոմիտեն հաղորդեց, որ անհետ կորած անչափահաս տղան հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:

Արդեն փետրվարի 2-ին մեդիադաշտում հայտնվեց տղայի ենթադրյալ ինքնասպանության «պատճառը»․ Mediaport տելեգրամյան ալիքի գրառմանը հղում անելով՝ մի շարք լրատվականներ գրեցին, որ Հրաչյա Ներսիսյանի մահվան պատճառը «Կապույտ կետ» («Синий кит») համակարգչային խաղն է: Տեղեկությունը վերատպեցին mamul.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը, live24.am-ը, auroranews.am-ը (հեռացրել է գրառումը), ՓԱՍՏԻՖՈ-ն և այլ կայքեր։ Լուրը լայնորեն տարածվեց նաև ֆեյսբուքյան տարբեր խմբերում և էջերում։ Ի հայտ եկան մարդիկ, որոնք կոչ արեցին ծնողներին ամեն կերպ արգելել իրենց երեխաներին խաղալ այդ խաղը։ 

Հրաչյա Ներսիսյանի ենթադրյալ ինքնասպանության գործը քննվում է Քննչական կոմիտեում, որի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ կատարվում է նախաքննություն հանգամանքները պարզելու նպատակով։ Հարցին, թե իրավապահ կառույցը արձանագրե՞լ է դեռահասների շրջանում ինքնասպանության որևէ դեպք՝ կապված «Կապույտ կետ»-ի կամ այլ ինտերնետային խաղի հետ, Ռիմա Եգանյանը պատասխանեց՝ ոչ, նման որևէ դեպք չի եղել։ 

Ստացվում է՝ որևէ փաստ չկա, որ Հրաչյա Ներսիսյանի ենթադրյալ ինքնասպանությունը կապված է ինտերնետային խաղի հետ։ Չնայած դրան՝ մեդիադաշտը փետրվարի 2-ին քննարկում էր «Կապույտ կետ»-ի լայն տարածումը Հայաստանում և ներկայացնում խաղի մասին մանրամասներ։

Երբ սկսեցին քննարկումները «Կապույտ կետ»-ի մասին

«Կապույտ կետ» կոչվող խաղը հավելված չէ, որը պետք է ներբեռնել, ոչ էլ դասական ինտերնետային խաղ։ Այն գործում է համացանցային խմբերում (մասնավորապես ВКонтакте-ում)՝ բացառապես երկու անձանց փոխադարձ համաձայնությամբ։ Ոմանք այս խաղը շփոթում են Google Play Store-ում առկա նույնանուն խաղի հետ, որը որևէ կապ չունի իրական «Կապույտ կետի» հետ։ 

Առաջին անգամ խաղի մասին խոսել է 2016-ին՝ ռուսական «Новая Газета» լրատվամիջոցը, որն ուսումնասիրություն էր կատարել և գրել, թե 2015-2016 թթ. ընթացքում Ռուասատանում «Կապույտ կետ» խաղի պատճառով ինքնասպան է եղել 130 երեխա։ Երեխաները միևնույն խմբի անդամներ էին «ВКонтакте»-ում, սակայն լրատվամիջոցը բավականաչափ ապացույցներ չէր ներկայացրել՝ ինքնասպանության պատճառների և այդ խմբի փոխկապակցվածությունը ներկայացնելու համար։

Snopes.com-ի, «Ազատություն» ռադիոկայանի և այլ լրատվականների հետազոտությունները ցույց տվեցին, որ այդպես էլ չի բացահայտվել որևէ անմիջական կապ ինքնասպանություն գործած անձանց և այդ խաղի ուղղակի ազդեցության վերաբերյալ։ 

Ճիշտ է, դեռահասներից շատերը եղել են սոցցանցի միևնույն խմբում, որտեղ փոխանակվել են սուիցիդալ մտքերով, բայց դրա ուղղակի ազդեցությունը որևէ երեխայի դեպքում չի բացահայտվել։ 

Ոչ լրագրողներին, ոչ իրավապահներին չի հաջողվել պարզել, թե որն է եղել երեխաներից յուրաքանչյուրի ինքնասպանության իրական պատճառը։ Ըստ BBC-ի հետազոտության՝ առավել ճիշտ է ասել, որ նմանօրինակ ինտերնետային խմբերը գրավիչ են սուիցիդալ հակումներ ունեցող և սթրեսային վիճակում գտնվող երեխաների համար, և դա կարող է լինել պաճառը, որ ինքնասպաններից շատերը եղել են նաև այդ խմբերի անդամներ։ 

«Կապույտ կետի» կանոնները

«Կապույտ կետի» անվան ընտրության մի քանի վարկած կա։ Շատերն այն կապում են «Lumen» խմբի երգի հետ, որը խորհրդանշում է օտարվածությունն ու միայնությունը։ «Կապույտ կետ»-ի կանոններին առավել մանրամասն ծանոթանում ենք «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության լրագրողի հետաքննությունից։ Վերջինս կեղծ էջով մասնակցել էր ВКонтакте-ում տարածված այս խաղին։ Որպես 15-ամյա աղջիկ՝ լրագրողը նամակագրություն էր սկսել խմբի համակարգողի հետ։ 

Հատված երկխոսությունից.

«Դուք վստա՞հ եք։ Հետդարձ ճանապարհ չկա», – գրել էր համակարգողը։
«Այո, բայց ի՞նչ է նշանակում հետդարձ ճանապարհ չկա»,- հարցրել էր լրագրողը։
«Դուք չեք կարող դուրս գալ խաղից, եթե սկսեք»,- պատասխանել էր համակարգողը։

Լրագրողի համաձայնությունից հետո՝ համակարգողը բացատրել էր պայմանները․ «Դուք կկատարեք հանձնարարությունները և որևէ մեկը չպետք է այդ մասին իմանա։ Երբ հանձնարարությունն ավարտեք, կուղարկեք լուսանկար. իսկ խաղի վերջում Դուք կմահանաք։ Պատրա՞ստ եք»։ Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մասնակիցը ցանկանա լքել խաղը, համակարգողը պատասխանել էր՝ «Ես ունեմ բոլոր տեղեկությունները Ձեր մասին։ Ձեր հետևից կգան»։

Նշվում է, որ առաջին հանձնարարությունը եղել է ձեռքին «F58» դաջելը։ Հաջորդիվ մեկ այլ համակարգող բացատրել է, որ խաղը կազմված է 50 հանձնարարություններից։ Վերջին՝ 50-րդ հանձնարարությունը, մասնակցի ինքնասպանությունն է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խաղում հաղթել։ Առաջին հանձնարարությունն ուղարկվել է առավոտյան 4:20, որից հետո երկու համակարգողների էջերն էլ արգելափակվել են։

Խաղի առաջին հեշթեգերը հայտնվել են 2015-ին՝ #синийкит, #F57, #тихийдом, #Море китов #Разбуди меня в 4:20 և այլն։  ВКонтакте-ում նման հեշթեգերի հրապարակումը ենթադրում էր, որ խաղի համակարգողը կկապվի մասնակցի հետ՝ տալով հիշատակված 50 հանձնարարությունները։ Այս թիվը շատերը կապում են «Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ» գրքի հետ։ Հարցերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ովքե՞ր են մեղավորները

Այս գործով 2016 թվականի նոյեմբեր ամսին ձերբակալվեց 21-ամյա Ֆիլիպ Բուդեյկինը։ Նա մեղադրվեց 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ВКонтакте-ով անչափահասների շրջանում ինքնասպանություն քարոզող քննարկումներ կազմակերպելու համար։ Խմբի մոտ 10 մասնակիցներ և ադմինիստրատորներ Բուդեյկինի դեմ ցուցմունք էին տվել։ Արդյունքում նա դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։

Ֆիլիպ Բուդեյկին, լուսանկարը՝ ria-ի

Սկզբում Բուդեյկինը մեղադրվում էր 15 անչափահասների ինքնասպանության դրդելու համար, սակայն հետագայում այդ մեղադրանքները հանվեցին՝ ապացույցների բացակայության պատճառով։ Բուդեյկինի փաստաբանը հաստատել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված միայն մեկ դրվագով։ Ի դեպ, նրա ձերբակալությունից հետո դեռահասների շրջանում ինքնասպանությունները չդադարեցին, իսկ խաղի հեշթեգերը շարունակում էին ակտիվ մնալ։ 

Ցուցմունքներից մեկում Բուդեյկինը նշել էր, որ խմբերում սուիցիդալ հայտարարություններ անելու նպատակը դեռահասների համակրանքը շահելն էր և որքան հնարավոր է շատ հետևորդներ ունենալը՝ սեփական երաժշտությունը գովազդելու համար (Բուդեյկինը հնչյունային ռեժիսոր է)։ 

«Կապույտ կետ»-ի վերադարձը

«Կապույտ կետ» խաղի մասին կրկին սկսեցին խոսել 2017 թվականին։ Որոշ ուսումնասիրություններ ցույց էին տվել, որ փետրվար ամսին խաղի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Միևնույն ժամանակ խնդրի մասին սկսել էին ահազանգել այլ վայրերում։ Օրինակ, Հյուսիսային Օսեթիայի իրավապահ մարմինները հայտարարեցին «մահվան խմբի» 4 համակարգողների կալանավորման մասին, որոնցից 2-ը անչափահաս էին։ Կալանավորման հիմք էր հանդիսացել՝ նրանց կողմից խաղի հրավերի ուղարկումը ընկերներին։ Այսինքն ապացուցել, որ նրանք խաղի ստեղծման կամ համակարգման հետ կապ ունեն, չէր հաջողվել։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդրա Արխիպովան գործընկերների հետ ուսումնասիրել էր ինտերնետային տարբեր խմբեր, որոնք կապվում են «Կապույտ կետի» հետ։ Նրանց ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ խմբերի զգալի մասում համակարգողները 12-14 տարեկան երեխաներ են, որոնք չէին կարողանում մեծահասակներին հատուկ մանիպուլյացիաներ անել նամակագրության ժամանակ։ Ըստ պրոֆեսորի՝ նախքան «Новая Газета»-ի հրապարակումը «Կապույտ կետի» խնդիրը գոյություն չի ունեցել։ Արխիպովային հանդիպած բոլոր համակարգողները քայ առ քայլ կրկնում էին այն գործողությունները և գրում խոսքերը, որոնք տարածվել էին մեդիայում՝ լրատվամիջոցների կողմից։

Իրական խնդիրն ավելի բարդ է

Դեռահասների ինքնասպանությունների թվով Ռուսաստանը առաջատարներից է աշխարհում։ Ռուսական քննչական կոմիտեի տվյալներով՝ 2015-2017 թվականների ընթացքում Ռուսասատանում ինքնասպան է եղել 2205 երեխա, որոնցից 720-ը՝ 2016-ին։ Դժվար է ասել, թե ինքնասպանությունների քանի տոկոսն է ինտերնետային այդ խաղի հետևանք եղել, որովհետև շատ դեպքերում դեռահասների մահվան պատճառը այդպես էլ չի բացահայտվել։ 

ՌԴ դատախազության տվյալներով՝ Ռուսաստանում դեռահասների շրջանում ինքնասպանությունների թիվը կապված է ընտանեկան և դպրոցական կոնֆլիկտների, մեծահասակների կողմից բռնության կամ սոցիալական ծանր վիճակի հետ։ Օրինակ 1987-1994 թվականներին, երբ փլուզվեց Խորհրդային միությունն ու տնտեսությունը սկսեց անկում ապրել, ինքնասպանությունների թիվը Ռուսաստանում կտրուկ աճեց։

Եթե նույնիսկ «Новая Газета»-ի հրապարակման ժամանակ «Կապույտ կետի» խնդիրը միֆականացված էր, ապա հետագայում խաղի  հետևողական լուսաբանման, «սենսացիոն» նյութերի պատճառով այն սկսեց իրական խնդրի վերածվել, քանի որ տարբեր մարդիկ սկսեցին օգտագործել այս լեգենդն ու ստեղծեցին նմանատիպ տարբեր այլ խմբեր: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սոցցանցերում սուիցիդալ տրամադրություններ քարոզող խմբեր իսկապես եղել են, այնտեղ դեռահասները փոխանակվել են ինքնասպանության մասին մտքերով, կիսվել կապույտ կետի մասին մեմերով, սակայն սխալ է միայն այդ խմբերի առկայությամբ պայմանավորել այդքան մեծ թվով ինքնասպանությունները։

«Կապույտ կետը» Հայաստանում

Ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝  խաղի շուրջ բարձրացված ալիքը Հայաստանում երկրորդն է, առաջինը մի քանի տարի առաջ էր: Ըստ փորձագետի՝ առաջին ալիքին հետևեց սոցցանցերի հայկական տիրույթում երեխաների հետաքրքրության աճը նմանատիպ «խաղերի» նկատմամբ: Մարտիրոսյանը հիշում է, որ այդ ժամանակ երեխաները փորձում էին փնտրել և ընդգրկվել որևէ նմանատիպ «խաղի» մեջ, և վախենում է, որ աղմուկի այս երկրորդ ալիքը ևս կնպաստի երեխաների կողմից հետաքրքրվածության կտրուկ աճին:

Aravot.am-ը 2019 թվականին զրույցել էր մի դեռահասի հետ, որը տարված է եղել խաղով։ Զրուցակցի խնդրանքով՝ լրատվամիջոցը չէր հրապարակել անունը։ Դեռահասը պատմել էր, որ  խաղի մասին իմացել է ֆեյսբուքից, և քանի որ խաղն արգելված էր՝ իրեն հետաքրքրել է, որոշել էր փորձել։ Դեռահասը նշել էր նաև, որ խաղն իր վրա բացասական էր ազդել, իրեն ագրեսիվություն էր հաղորդել ու նա միայն կամքի ուժի շնորհիվ էր կարողացել հրաժարվել դրանից։

«Կապույտ կետի»՝ հայ հասարակության վրա ունեցած ազդեցության և դեռահասների շրջանում հնարավոր ինքնասպանությունների մասին լիարժեք տեղեկատվություն ստանալու համար media.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն։*

ՀՀ ոստիկանությունը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է վիճակագրություն, թե 2016 թվականից սկսած անչափահասների շրջանում ինքնասպանության և ինքնասպանության փորձերի քանի դեպք է արձանագրվել։

Գրաֆիկը ցույց է տալիս, որ ինքնասպան եղած անչափահասների թիվը վերջին 5 տարիներին շատ չի տատանվել։ Առավել մեծ թիվ է եղել 2017 և 2018 թթ-ին, երբ ինքնասպան է եղել 7 անչափահաս, իսկ փորձ կատարել՝ համապատասխանաբար 21 և 12 հոգի։ Փորձ կատարած անչափահասների թիվը անհամեմատ մեծ է ինքնասպանություն գործածների թվից։ Ինքնասպանության դրդապատճառների և համակարգչային կամ առցանց խաղերի հնարավոր ազդեցությունը պարզելու համար հարցում էինք կատարել նաև Քննչական կոմիտե։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի տվյալները զգալիորեն տարբեր էին։ Բանն այն է, որ կոմիտեում վիճակագրությունը վարվում է ոչ թե ըստ դեպքերի, այլ՝ քրեական գործերի։

Ըստ Քննչական կոմիտեի հավաքագրած տվյելների՝ անչափահասին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ 2016-ին և 2017-ին քննվել է 6-ական, 2018-ին՝ 3, 2019-ին՝ 5, 2020-ին՝ 3 քրեական գործ։ Քննությամբ ձեռք չեն բերվել տվյալներ, որ ինքնասպանության կամ դրա փորձի պատճառը եղել է համակարգչային կամ ինտերնետային խաղը։ Միայն 2021-ին հարուցված մեկ քրեական գործով է նման վարկած եղել, որը ստուգվում է՝ մյուս վարկածների հետ միաժամանակ։

Օֆելյա Սիմոնյան

* Ոստիկանության հարցման պատասխանը հոդվածում ավելացվել է 2021թ․ մարտի 9-ին։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *