2021.02.04,

Ստուգված է

Հունվարի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունվարի երկրորդ կեսին մամուլում ապատեղեկատվությունները նորից շատ էին։ Անցեք թեստը ու ստուգեք՝ տարբերու՞մ եք արդյոք կեղծ լուրերը։ Իսկ ավելի մանրամասն կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի մասին կարդացեք ստորև։ 

 

Գազի կտրոնը ներկայացվեց որպես Ալիևների գույքը Աննա Հակոբյանին փոխանցելու ապացույց

Mediaport Տելեգրամ ալիքը տեղեկություն տարածեց, թե Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների՝ Դուբայում գտնվող անշարժ գույքը։ Որպես ապացույց ալիքը ներկայացրել էր մի փաստաթուղթ, որից իբր «երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող […] անշարժ գույքի սեփականության փաթեթ»։

Այս փաստաթուղթը, սակայն, արաբական խոշոր Lootah Gas ընկերության նորկայացրած գազի անդորրագիր էր։ Lootah Gas-ը գազ է մատակարարում նաև Դուբայում, և դրա ներկայացրած անդորրագիրը որևէ կերպ չէր ապացուցում սեփականության փոխանցումը։ 

Չնայած «ապացույցը» սովորական գազի կտրոն էր, լուրը լայնորեն տարածվեց մամուլում․ այն վերատպեցին politik.am-ը, lurer.com-ը, yerkirmedia.am-ը և այլն։ Hayeli.am-ը լուրը վերնագրեց «Սենսացիոն փաստաթուղթ»։

Հետագայում Fip.am-ը հետաքննություն հրապարակեց այս տեղեկությունը տարածած Mediaport Տելեգրամ ալիքի մասին։ Ըստ դրա՝ ալիքը հիմնադրել է ծայրահեղ աջ ակտիվիստ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը։

Հին լուսանկար, նոր պնդում

Նույն Mediaport ալիքը հունվարի 30-ին գրեց, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա, հանդիպել ռուս պաշտոնյաների։ Ալիքը հավելեց՝ Հարությունյանը հայհոյել է վարչապետ Փաշինյանին։ 

Հաղորդագրությունը տարածվում էր Հարությունյանի լուսանկարի հետ միասին, որից կարելի էր ենթադրել, թե նախագահը օդանավակայանում է։

Այս լուսանկարը հին էր․ համացանցում այն տարածվում է առնվազն 2020-ի նոյեմբերից։  

Mediaport ալիքին հղում տալով՝ տեղեկությունը տարածեցին 168.am-ը, pastinfo.am-ը, lurer.com-ը և այլ կայքեր։

Սխալ տեղեկություն՝ AstraZeneca պատվաստանյութի մասին

Հայաստանը սպասում է բրիտանական AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակին։ Պատվաստանյութը դեռ տեղ չի հասել, բայց հայաստանյան մեդիայում դրա մասին արդեն սխալ տեղեկություններ տարածվեցին։ 

?ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում պնդեց, թե AstraZeneca-ն 60% արդյունավետություն ունի։ Աշոտյանը տեղեկությունը տրամադրել էր կիսատ։ Բանն այն է, որ AstraZeneca-ն փորձարկվել է երկու տարբեր եղանակով․  

  1. Մարդուն ներարկվում է սկզբում կես չափաբաժին, իսկ մեկ ամիս անց՝ մեկ չափաբաժին պատվաստանյութ։ Արդյունավետությունը 90% է կազմում։ 
  2. Մարդուն ներարկվում է մեկ լրիվ չափաբաժին, այնուհետև մեկ ամիս անց՝ ևս մեկը։ Արդյունավետությունը այս դեպքում 62% է։ 

Այսպիսով, Արմեն Աշոտյանի պնդումը, թե AstraZeneca-ն ունի 60% արդյունավետություն, ճշգրիտ չէ։

? Hetq.am-ը հրապարակեց «Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է» վերնագրով հոդվածը։ Պատվաստանյութի և նշված մահերի միջև կապը հաստատված չէ, Hetq.am-ը փոխեց հոդվածի վերնագիրը Media.am-ի անդրադարձից հետո և դրա մասին նշում թողեց նյութում։

Կարդացեք նաև Media.am-ը հոդվածը, որտեղ մենք հավաքել ենք AstraZeneca-ի մասին մինչ օրս հայտնի կարևոր տեղեկությունները։ 

Հայրենադարձված գերիների մասին Փաշինյանի հայտարարությունը սխալ էր

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հիմա գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»։

Media.am-ը ստուգեց այս հայտարարությունը և պարզեց, որ հայրենադարձված գերիների թվի մասին Փաշինյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 

Գերիների ամենամեծ թվով վերադարձը տեղի է ունեցալ Արցախյան առաջին պատերազմից հետո․ 1996 թ․ դրությամբ Կարմիր խաչի մեկ հաղորդագրության մեջ հայտարարվել էր 109-ը գերիների հայկական կողմին վերադարձի մասին։ Բացի այս media.am-ի հավաքած տվյալներով 1995-1997 թթ․ հայրենադարձվել էր 61 անձ։ Մինչդեռ 2020 թ․ նոյեմբերի 9-ից մինչև Փաշինյանի նշված հայտարարության օրը Հայաստան էր վերադարձել ավելի քիչ՝ 54 անձ։ 

Արարատ Միրզոյանին Թուրքիայի գործակալ որակեցին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հայտարարեց, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկնակի գործակալ է։ Ըստ Մինասյանի՝ Միրզոյանին սկզբից հավաքագրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, ապա՝ Հայաստանի։ 

Այս հայտարարությունը տարածվեց մամուլում։ Հայտարարությանը արձագանքեցին նաև քաղաքական գործիչները։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսեց «թուրքի ստահակներից», ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «դավադիր ստահակներից»։ Մինասյանն ինքը օգտագործեց հայհոյանք։  

Շուտով Միքայել Մինասյանը հրապարակեց նաև մի ձեռագիր փաստաթուղթ, որը պետք է ապացուցեր իր պնդումները։ Փաստաթողթում չկար, սակայն, որևէ տեղեկություն Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին։ 

Փոխարենը, փաստաթուղթը, ինչպես ներկայացվում էր, Միրզոյանի ստորագրած նամակն էր՝ Հայաստանի ԱԱԾ հետ համագործակցության մասին։ ԱԱԾ-ից այս տեղեկությունը հերքեցին։ 

Ինչո՞ւ էին մետրոպոլիտենում հնչում Մուսլիմ Մագոմաևի կատարումները

«Մամուլի ազգային ակումբ» ՀԿ-ի ղեկավար Նարինե Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում դժգոհեց, թե Երևանի մետրոպոլիտենը կայարաններում միացրել է ռուսերեն երգեր, դրանցից որոշները՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ։ Նա նաև հավելել էր, որ մետրոպոլիտենում հայտնվել են ռուսերեն հայտարարություններ։ «Օտարահաճո լինելը ոչ միայն  պատվաբեր չէ, այլև անվտանգ չէ», – եզրափակել էր Մկրտչյանը։

Այս գրառումը արտատպեցին kentron.am-ը, asekose.am-ը, ինչպես նաև սունկ կայքերը։

Հունվարի 22-ին Երևանի մետրոպոլիտենում իսկապես հնչում էին Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ երգերը։ Պատճառը, սակայն, ոչ թե «օտարահաճո» լինելն էր, այլ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը։ Մագոմաևը Բաբաջանյանի մի շարք հայտնի երգերի կատարողն է, երկու արվեստագետները երկար ժամանակ համագործակցել են։ 

Արձագանքելով Մկրտչյանի գրառմանը՝ մետրոպոլիտենից նաև հայտնեցին, որ մետրոյի կայարաններում հնչող հայտարարությունները երկլեզու են՝ հայերեն և անգլերեն։ 

Ղազախստանաբնակ հայ վերլուծաբանը հայտարարեց, թե ադրբեջանցիները իրեն են փոխանցել վարչապետի դիվանագիտական անձնագիրը 

Հունվարի վերջին պետական վերլուծական-հետազոտական «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը 168.am-ի եթերում հայտարարեց, թե Ղազախստանում բնակվող ադրբեջանցիներն իրեն են փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը։ 

Հովհաննիսյանը Ղազախստանի քաղաքացի է։ Նրա մուտքը Հայաստան արգելվել է 2019-ին։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ արգելքի պատճառը Հովհաննիսյանի կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ներկայացրած սպառնալիքն է։ 

Հովհաննիսյանի՝ վարչապետի դիվանագիտական անձնագրի մասին հայտարարությունը տարածեցին news.am-ը, lurer.com-ը, yn.am-ը և այլ լրատվականներ։ 

Տեղեկությանը անդրադարձավ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա ասաց, որ նոյեմբերի 10-ին կառավարության շենք ներխուժած մարդիկ հափշտակել են 14 դիվանագիտական անձնագիր, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանինը։ Նույն օրը ԱԳՆ-ն չեղարկել է այդ դիվանագիտական անձնագրերը։ 

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված զինադադարի համաձայնագրի մասին հայտնի դառնալուց հետո Երևանում ցույցեր սկսվեցին, որի ընթացքում մի խումբ անձինք ներխուժեցին կառավարության շենք։ 

“L3v0n” ծածականունով Թվիթերի օգտատերը նկատեց նաև, որ հրապարակված անձնագրի վրա Փաշինյանի նկարը փակցված է թղթին և ոչ թե տպված։ Այդպես արվում էր հին նմուշի ՀՀ անձնագրերի վրա․ նոր անձնագրերում (Հովհաննիսյանի հրապարակած անձնագիրը նոր է) նկարը տպվում է թղթին։ Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ 168.am-ի եթերում  Հովհաննիսյանի ներկայացված անձնագիրը կարող է կեղծ լինել։      

«1000 դրամների» հիմնադրամի վարչակած ծախսերը նոր չեն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե հիմնադրամում հայտնվել են վարչական ծախսեր, որոնք երբեք չեն եղել։ ««Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ»,- գրեց Մանուկյանը։

Այս պնդումը մանիպուլյատիվ է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վարչական ծախսեր չի ունեցել, քանի որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն (հոդված 31) հիմնադրամի գործունեությունը ապահովել են Կենտրոնական բանկի աշխատակիցները՝ հասարակական հիմունքներով (չեն վարձատրվել): Հիմնադրամի գրասենյակը նույնպես տեղակայված է եղել ԿԲ-ում։ 

ԿԲ այս օժանդակությունը օրենքը սահմանում է հինգ տարով, ինչից հետո հիմնադրամն ինքը պետք է հոգա իր վարչական ծախսերը։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է, որ դա տեղի կունենա 2022-ից։ 

Հերքումներ

? Դատարանը մասնակի բավարարեց ՊԵԿ նախկին պետ Գագիկ Խաչատրյանի և որդիների հայցը ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Հայցը վերաբերում էր Մանե Գևորգյանի գրառմանը, որտեղ նա նշում էր թե Գագիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքը «ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ»։

Դատարանը վճռեց, որ խոսնակի ֆեյսբուքյան էջում Փաշինյանի անունից պետք է ներողություն և հերքում հրապարակվի։ Ըստ որոշման՝ պետք է փոխհատուցվեն նաև Խաչատրյանների դատական ծախսերը։ 

? Հունվարի 29-ին Արցախի ՊԲ-ն հերքեց տեղեկությունն այն մասին, թե 15 հայ զինծառայող է գերեվարվել։ ՊՆ-ն կոչ արեց համաքաղաքացիներին «փոքր ինչ ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ»։

? Նախկինում՝ ԻՔ, իսկ այժմ՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություններին նվիրված ԱԺ լսումների ժամանակ հարց ուղղեց թեկնածու Դավիթ Խաչատրյանին և նշեց, թե վերջինս աշխատել է Բաց հասարակությունների հիմնադրամում։ Ըստ Թովմասյանի՝ այս փաստը «Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։  

Թովմասյանի խոսքերը հերքեց հենց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ նշելով, որ «թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ Հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն»։ 

Թովմասյանի հայտարարությանը արձագանքեց նաև «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ասելով, որ ծանոթացել է բարեվարքության եզրակացությանը և այնտեղ նման գնահատական չի եղել։ Նա նաև նշեց, որ բարեվարքության եզրակացության բովանդակությունը պատգամավորները հրապարակելու իրավունք չունի։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *