2020.03.02,

Ստուգված է

Փետրվարի 15-29-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Փետրվարի երկրորդ կեսին պարզ դարձավ, որ Ազգային պատկերասրահում մարտի 7-ից բացվող «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում ներկայացվող հավաքածուի զգալի մասը մասսայան արտադրության նմուշներ են։ Իրական չէին Երևանում հայտված ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ էլ եղնիկը։ Past.am-ն էլ սխալվում էր․ հանրաքվեն տեսախցիկներով կվերահսկվի։ Սխալվում էին նաև մի շարք լրատվամիջոցներ գրելով, թե Հռոմի պապը կորոնավիրուսով է վարակվել։

Մասսայական տպաքանակով Դալի՝ Ազգային պատկերասրահում

Մարտի 7-ից Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի սակավ տեղեկության ֆոնին media.am-ը որոշեց հասկանալ ներկայացվելիք հավաքածուի ծագումը։ Պատկերասրահից հրաժարվեցին մեկնաբանություն տալ, իսկ բաց աղբյուրներից պարզ դարձավ, որ Ալեքսանդր Շադրինի հավաքածուի նմուշներից շատերը սերտիֆիկացված կրկնօրինակներ են, որոնք մասսայական «տպաքանակով» արտադրվում են նկարչի մահից հետո։

Շադրինը, իր հավաքածուի զգալի մասը կազմող քանդակները գնել է եվրոպական Dali Universe  հիմնադրամից։ Մի քանի հարյուր օրինակից արտադրվող արձանները արժեն 9,000-ից մինչև 38,000 եվրո։ Բրիտանական The Guardian-ն իր հերթին ավելի վաղ պարզել է, որ այսպիսի մեկ արձան արտադրելու ծախսը կազմում է մոտ 1,000 ֆունտ (մոտ 1163 եվրո)։ Հետաքրքիր է, որ և՛ Dali Universe-ի, և՛ Շադրինի հավաքածուի դեպքում արձանների ստեղծման տարեթվեր նշված են ոչ թե դրանց արտադրման, այլ Դալիի օրիգինալ էսքիզների ստեղծման տարեթվերը։

Երևանում «հայտված» ադրբեջանցիները իսկական չէին

Փետրվարի 26-ին սոցցանցերում տարածվեց տեսանյութ, իբրև մի քանի ադրբեջանցիներ անարգել շրջում են Երևանում, քաղաքը համարում ադրբեջանական, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններին մեղադրում անգործության մեջ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս տեսանյութը կեղծ է։

ԱԱԾ-ն դրա տարածումից օրեր անց բացահայտեց, որ տեսանյութը մոնտաժված է։ Իրական տեսանյութը, որը պատմում է Երևանում նորաբաց առևտրի կենտրոնի մասին, նկարահանվել  և սոցիալական ցանցերում է տեղադրվել 2018թ. սկզբներին։ Այս տեսանյութին հետագայում կցվել է ադրբեջանցիների խոսակցության ձայնագրությունը և ֆեյսբուքյան «Давуд Гаджиев» օգտատիրջոցից ուղարկվել հայ օգտատիրոջ։ Վերջինս այն փոխանցել է «Գոռ Մադիգ Գրիգորյան» օգտատիրոջը, որի էջից էլ տեսանյութը տարածվել է։

Իրական չէր նաև Նար-Դոսում հայտնված եղնիկը

Երևանում շրջող եղնիկի լուսանկարը փետրվարի 28-ի երեկոյան տարածվեց սոցցանցերում։ Դրա մասին գրեց hraparak.am-ը։ Նույն բովանդակությունը, սկզբնաղբյուրին հղում տալով, տարածեց 7or.am-ը, իսկ lurer.com-ն այն կոչեց «օրվա լուսանկար»։ Նկարի հեղինակ Հովհաննես Թորոսյանն «ինքնաբացահայտվեց» Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում։ Իսկ Media.am-ը հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ստացել նկարը Google-ի միջոցով։

Նախ որոնել էր “олень” բառը, ապա առաջին արդյունքով որոնողական համակարգը թույլ էր տվել կենդանուն իրական չափսերով և 3D ձևաչափով տեսել իր դիմաց։ Ստացվել էր։ Նկարը նախ ուղարկել էր մի քանի ընկերների, որոնք հավատացել էին բովանդակությանը, որից հետո նկարը տեղադրել է իր Instagram և Facebook հաշիվներում։ Նույն նկարը տարածել էին նաև բովանդակությանը հավատացած ընկերները։ Հրապարակումից մոտ մեկ ժամ անց եղնիկի մասին լուրը հասնում է պատասխանատու կառույցներին։ Տեղում որոնում-հարցում են անում ու այսպես պարզվում է իրողությունը։

Փաշինյանը ճիշտ էր, Ալիևը՝ սխալվեց

Փաստերի ստուգման հարթակը այս ընթացքում պարզեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովին ՀՀ վարչապետի պնդումը համապատասխանում է իրականությանը։ Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը, իսկապես, 1992 թվի ապրիլին՝ իր հրաժարականից 1 ամիս անց հայտարարել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցի ընդդիմադիրները՝ նրան պաշտոնից հեռացնելու համար: Հարցազրույցը, սակայն, տպագրվել էր ոչ թե Аргументы и факты թերթում, ինչպես նշել է Փաշինյանը, այլ ռուսական Независимая газета-ում:

«Ես հումանիստ եմ, հոգով» վերնագրված հարցազրույցը վարել էր չեխ լրագրող Դանա Մազալովան, որը 2017 թվին Новое Время թերթին տված հարցազրույցում հաստատել էր, որ Մութալիբովն իր հետ զրույցում ասել է այդ խոսքերը։ Ու չնայած դրան, այս տարվա փետրվարի 15-ին Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը անդրադարձել է Փաշինյանի պնդումներին՝ հերքելով դրանք:

Հանրաքվեն տեսախցիկներով կվերահսկվի

Past.am-ը ճիշտ չէր, երբ գրում էր, թե 1500 խոշոր ընտրատեղամասերում իշխանությունը չի պատրաստվում տեսախցիկներ տեղադրել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը, հերքելով լուրը, տեղեկացրեց, որ նյութի հրապարակումից դեռ 6 օր առաջ կառավարության որոշմամբ 660,000 դրամ էր հատկացրել Սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակումն ապահովելու  համար։

Հռոմի պապը Կորոնավիրոսով վարակված չէ

Փետրվարի 29-ին մի շարք լրատվական կայքեր մեկը մյուսի հետևից նախ գրեցին, թե Հռոմի Ֆրանցիսկոս պապը վարակված է կորոնավիրուսով։ Սակայն, նույն լրատվամիջոցները րոպեներ անց ստիպված եղան հրապարակել հերքումները։ Մի շարք կայքերում այժմ հասանելի է և՛ հաստատման, և՛ հերքման լուրերը, օրինակ, tert.am (հաստատում, հերքում), hraparak.am (հաստատում, հերքում), zham.am (հաստատում, հերքում), 24news.am (հաստատում, հերքում) և այլն։

Կեղծ լուրի տարածման սկզբնաղբյուրը МСМ News-ն է, որը, հղում տալով Վատիկանի մամլո ծառայությանը, գրել էր, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և նրա երկու օգնականների մոտ համապատասխան հետազոտության արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Կայքը այժմ հասանելի չէ, սակայն web.archive.org-ում պահպանված է հրապարակումը։ Այս կեղծ լուրին և հարթակին անդրադարձել են threadreaderapp.com-ում ու առանձնացրել 6 կետ, որոնք փաստում են կայքի ոչ հավաստի աղբյուր լինելը։ Օրինակ, «մեր մասին» բաժնում միայն նշված է եղել “mcmpublisher”, 2016-ից գրանցված կայքում եղել է միայն 30 հրապարակում, իսկ հարթակում երևացող սոցցանցերի հղումները ոչ մի տեղ չէին տանում, պարզապես թարմացնում էին էջը։

Հերքումներ

  • Առողջապահության նախարարությունից փետրվարի վերջում մի քանի անգամ առիթ ունեցան հերքումներ տարածել կորոնովիրուսի մասին։ Նախ հերքեցին «Կապան» ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման լուրը։ Ապա նաև հերքեցին «Արմենիա» ԲԿ-ից «Նորք» ինֆեկցիոն կլինիկա տեղափոխված քաղաքացու մոտ կորոնավիրուսի առկայությունը: Փետրվարի 27-ին էլ «Աստղիկ» ԲԿ-ից հաստատեցին, որ հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբից մահ է գրանցվել, սական հերքեցին տարածված լուրը, թե մահացողը Իրանի քաղաքացի էր և վարակված էր կորոնավիրուսով։ Այս ապատեղեկատվության ֆոնին ԱՆ մամուլի խոսնակն անգամ գրեց՝ «Մոտս տպավորություն է, որ Հայաստանում կորոնավիրուս արձանագրելն արդեն «երազանք է»»: Կորոնովիրուը Հայաստան հասավ մարտի 1-ին։
  • Հատուկ քննչական ծառայությունից հերքեցին փետրվարի 22-ի «Ժամանակ» օրաթերթի այն տեղեկությունը, իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը»։ Ավելին, տեղեկացրեցին, որ այս կառույցում նման գործ չի քննվում:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *