2020.02.21,

Ստուգված է

«Դալի և Պիկասո». Դալիի համարյա բնօրինակներ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Շուտով Ազգային պատկերասրահում բացվելու է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, ներկայացվելու է լեգենդար իսպանացի նկարինչների շուրջ 260 աշխատանք՝ ռուս գործարար, կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինի հավաքածուն։

«Հավաքածուն  մեծությամբ 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ»,- ասվում է ցուցահանդեսի ֆեյսբուքյան միջոցառման էջում: Միջոցառումով Ֆեյսբուքում արդեն շուրջ 15 հազար հետաքրքրվող կա։

Կազմակերպիչները չեն նշում, թե հատկապես ի՞նչ ստեղծագերծություններ են ցուցադրվելու։

Media.am-ը պարզեց, որ Շադրինի հավաքածուի նմուշներից շատերը «համարյա Դալի» են․ դրանք սերտիֆիկացված կրկնօրինակներ են, որոնք մասսայական «տպաքանակով» արտադրվում են նկարչի մահից հետո։

Ո՞վ է Ալեքսանդր Շադրինը

Գործարար, կոլեկցիոներ և մեկենաս ներկայացող Ալեքսանդր Շադրինը գլխավորում է «Ազգերի արվեստ» ռուսաստանյան հիմնադրամը։ Նա Եկատերինբուրգից է, նախկինում դպրոցում ուսուցիչ է եղել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել է հավաքել արվեստի գործեր։ Այժմ նրա հավաքածուն ներառում է գլխավորապես Սալվադոր Դալիի, ավելի քիչ՝ Պաբլո Պիկասոյի մի քանի հարյուր աշխատանքներ։

Հավաքածուն ցուցադրվում է հիմնականում ռուսական շրջանային թանգարաններում՝ Խաբարովսկում, Ղրիմում, Իրկուտսկում և այլն։ Վերջին տարիներին հավաքածուն ճանապարհորդել է նաև Բելառուս, Լիտվա, Չինաստան և այլ երկրներ։

Այս ցուցադրությունների ժամանակ Շադրինը հաճախ է ստիպված պատասխանել նույն հարցին․ «Արդյո՞ք աշխատանքները օրիգինալ են»։ Նա ասում է. «Աշխատանքների օրիգինալության մասին խոսելիս պետք է դիտարկել կոնկրետ աշխատանքը։ [․․․] Կրկնօրինակում են այնտեղ, որտեղ կա ինֆորմացիոն վակուում, որպեսզի ոչ ոք չկարողանա տարբերել»։

Կազան քաղաքում ցուցահանդեսի ժամանակ օրիգինալության մասին հարց բարձրացրած արվեստագետին Շադրինը կոչում է «կողմնակալ»։

«Ես Էրմիտաժից մասնագետներ էի հրավիրել, որպեսզի նրանք վարպետաց դաս անցլացնեն այս հավաքածուի գործերի մասին։ Պետերբուրգցի մասնագետներից ոչ մեկը չէր կասկածում դրանց բնօրինակ լինելու մեջ», – շեշտում է Շադրինը։ Կազանի թանգարանին նա նվիրել էր հավաքածուի աշխատանքներից մեկը՝ իր ստորագրությունը դնելով Դալիի ստորագրության կողքին։

Հավաքածուի զգալի մասը կազմող քանդակները նա գնել է եվրոպական Dali Universe հիմնադրամից։ Media.am-ը ուսումնասիրեց այս կազմակերպությունը՝ հասկանալու համար, թե ի՞նչ գործեր է այն վաճառում։

Արդյո՞ք աշխատանքները օրիգինալ են

Դալիի թողած ժառանգության շուրջ իսկական խառնաշփոթ է։ Արվեստաբանները տարիներով փորձում են հստակություն մտցնել և դասակարգել նրա աշխատանքները։

Խառնաշփոթի սկիզբը հենց ինքը Դալին է դրել՝ իր ստեղծագործությունները կրկնօրինակելու բազմաթիվ իրավունքների վաճառքով։ Ժամանակի ընթացքում այս պրակտիկան վերածվել է միջազգային բիզնեսի։

Այս բիզնեսի խոշորագույն խաղացողներից է իտալացի գործարար Բենիամինո Լեվին՝ Dali Universe-ի ղեկավարը։ Ինչպես և Ալեքսանդր Շադրինինին, Լեվիին մամուլը մեկենաս է անվանում։ Սալվասոր Դալիի կենդանության օրոք նա գնել է որոշ ստեղծագործությունների իրավունքները և այժմ արտադրում և վաճառում է սերտիֆիկացված կրկնօրինակներ։

Սերտիֆիկացված կրկնօրինակները իրավական առումով «բնօրինակ» են, սակայն պատճեններից շատերը ստեղծվում են հարյուրավոր օրինակներով նաև Դալիի մահից հետո։ Բրիտանական The Guardian թերթը նշում է, որ Լեվիի ընկերությունը արձանները արտադրում է «տպաքանակներով»՝ հաճախ մինչև հազար օրինակից։

Ընկերությունը պնդում է, որ արձանները արտադրվում են Դալիի ձեռքով ստեղծած մոդելներով։ Սակայն The Guardian-ն ընդգծում է, որ որոշ քանդակներ պատրաստվում են Դալիի արված էսքիզների և նկարազարդումների հիման վրա, այսինքն, բավականին շեղվում են օրիգինալ մտահղացումից։ Ավելին՝ նույն արձանը պատրաստվում է թե՛ բրոնզից, թե՛ արծաթից։

Dali Universe-ը արձագանքեց արձանների գնի մասին մեր հարցմանը։ Պատասխանում ասվում է, որ մի քանի հարյուր օրինակից արտադրվող արձանները արժեն 9,000-ից մինչև 38,000 եվրո։

The Guardian-ն իր հերթին գրում է, որ այսպիսի արձան արտադրելու ծախսը կկազմի մոտ 1,000 ֆունտ։ Համեմատության համար՝ Դալիի կտավները աճուրդներին վաճառվում են մի քանի միլիոն դոլարով։

Dali Universe-ի կայքում կարելի է տեսնել վաճառքի համար նախատեսված արձանները։ Նույն նմուշները ներկայացված են նաև Ալեքսանդր Շադրինի հիմնադրամի կայքում։ Հետաքրքիր է, որ երկու կայքերում էլ որպես արձանների ստեղծման տարեթվեր նշված են ոչ թե դրանց արտադրման, այլ Դալիի օրիգինալ էսքիզների ստեղծման տարեթվերը։

Հայաստանի Ազգային պատկերասրահից հրաժարվեցին մեկնաբանել՝ արդյո՞ք իսկապես Երևանում ցուցադրվելու են մի քանի հարյուր օրինակից արտադրվող արձանները և գրաֆիկան։ Պատկերասրահ ուղարկած մեր գրավոր հարցումը ևս օրենքով նախատեսված հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չունեցով։

Մասսայական «տպաքանակով», տարատեսակ փոփոխություններով, տարբեր նյութերից արտադրվող այս արձանները դժվար է «բնօրինակ» արվեստի գործեր անվանել։ Արվեստաբանները այսպիսի կրկնօրինակները կոչում են «համարյա Դալի», քանի որ չնայած իրավական տեսանկյունից սրանք օրիգինալ պատճեններ են, Դալին ինքը որևէ ձև ներգրավված չի եղել դրանց ստեղծման ընթացքի մեջ։

Ալեքսանդր Շադրինի հավաքածուն տասնյակ այսպիսի «համարյա Դալիներ» է ներառում, որոնք Ազգային պատկերասրահում կներկայացվեն մարտի 7-ից ապրիլի 16-ը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *