Սոցիալական մեդիայի հայկական հատվածում երրորդ օրն է որպես Դիլիջան ներկայցվող մի լուսանկար է հանդիպում: Այն տարածողները կատարում են «Դիլիջանի ճանապարհը», «Հրաշագեղ Դիլիջանը», «Այցելեք Հայաստան» ու նմանատիպ այլ գրառումներ, օգտագործում են #Dilijan կամ #Դիլիջան հեշթեգերը:
Իրականում լուսանկարում Դիլիջանը չէ պատկերված: Այս երեք օրվա ընթացքում նույն սոցիալական ցանցերում՝ Ֆեյսբուքում և Թվիթերում, գրառումներ կան, որոնք ապացուցում են՝ լուսանկարում Դիլիջանը չէ: Լուսանկարը Ճապոնիայից է: Այն պատկերում է Իրոհազակա ճանապարհը, որը Նիկկոն կապում է Օկունիկկոյի հետ:
Դժվար չէ պարզելը, որ լուսանկարը ոչ թե Հայաստանում է արված, այլ Ճապոնիայում: Հարկավոր է ընդամենը որոնողական համակարգում, օրինակ Գուգլում, հակադարձ որոնում իրականացնել:
Քայլ 1. Բացում ենք Գուգլի լուսանկարների էջը:
Քայլ 2. Որոնում ենք մեզ հետաքրքրող լուսանկարը՝ կամ վերբեռնելով այն, կամ որոնողական համակարգ ներմուծելով լուսանկարի ինտերնետային հղումը:
Քայլ 3. Ստանում ենք պատասխանները ու վերլուծում ենք, թե որտեղ ու երբ է առաջին անգամ լուսանկարը հրապարակվել:
Գործն արագացնելու համար կարելի է օգտագործել RevEye-ը: Այն Գուգլ Քրոմ դիտարկիչի հավելված է և թույլ է տալիս լուսանկարը հակադարձ որոնել տարբեր համակարգերում՝ Google-ում, Bing-ում, Yandex-ում, Baidu-ում կամ TinEye-ում:
Իրականում բարդ գործընթաց չէ: Ու գուցե Ֆեյսբուքում ու Թվիթերում Դիլիջանի կեղծ լուսանկարը այսքան չտարածվեր, եթե լուսանկարը տարածողներն ընդունեին իրենց սխալն ու փորձեին ուղղել այն:
Օրինակ, Հանրային Ռադիոյի կայքում որոշել են վերատարածել Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանի «Վայելեք մեր ոսկե աշունը» գրառումը և որպես լուսանկար օգտագործել են վերջին օրերին որպես Դիլիջանում աշուն ներկայացվող, սակայն ճապոնական Իրոհազակա ճանապարհը ներկայացնող լուսանկարը: Ու չեն պարզել, որ այդ լուսանկարը Հայաստանի աշնան հետ կապ չունի:
Ֆեյսբուքում ազդեցիկ օգտատերերից, օրինակ, Արմակադի էջը հոկտեմբերի 20-ին նորից տարածել է նույն լուսանկարը՝ ասես իր հետևորդներին թեստ առաջարկելով: Լուսանկարի գրառումն է՝ «Սա ճանապարհ է դեպի աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Կարո՞ղ եք գուշակել համալսարանն ու երկիրը»: Ենթատեքստն ակնհայտ է ու գրառման պատասխաններում շատ է հենց սխալ պատասխանը՝ «Դիլիջան»-ը: Կա նաև ճիշտ պատասխանը: Սակայն Արմակադի ֆեյսբուքյան էջի համակարգողը խոսակցությանը դեռ չի միջամտել ու ոչ մի կերպ չի օգնել, որ Դիլիջանի կեղծ լուսանկարը քիչ տարածվի: 2017թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ գրառումը հավանել էր 615 օգտատեր, տարածել՝ 14-ը: Արմակադի էջը նույն օրն ուներ 58 հազար 292 հետևորդ: Գուցե թեստ խաղալու փոխարեն արժե՞ր գիտականորեն ասել էջը ընթերցողներին Դիլիջանի կեղծ լուսանկարի մասին:
Թվիթերում Support Armenia էջը կեղծ լուսանկարը տարածել է հոկտեմբերի 19-ին: Այն հոկտեմբերի 21-ի երեկոյան 121 ռեթվիթ ու 231 հավանում ուներ: Թվիթերի օգտատերերը լուսանկարը մեկնաբանելով գրել են, որ այնտեղ պատկերված է ոչ թե Հայաստանը, այլ Ճապոնիան, սակայն Support Armenia անունով օգտատերը, որը 22.5 հազար հետևորդ ունի Թվիթերում, մեկնաբանություններին որևէ կերպ չի արձագանքել: Գուցե օգտատերը մտածում է, որ Հայաստանի գեղեցկության մասին կեղծ լուսանկար տարածելն իրոք աջակցու՞մ է Հայաստանին (Support Armenia անգլերենից թարգմանվում է «Աջակցություն Հայաստանին»):
Ու այնպես չէ, որ Հայաստանը գեղեցիկ բնություն չունի: Ու այնպես չէ, որ աշունը Հայաստանում հիասքանչ չէ: Ու այնպես չէ, որ Հայաստանի ոսկե աշնան լուսանկարներ չկան: Եթե Ֆեյսբուքում հայտնի ու անհայտ լուսանկարիչների աշխատանքները բավարար չեն, ուղղակի կարելի է այցելել Ֆոտոլուր կամ ՊանՖոտո: Իմ կողմից ես կառաջարկեմ գերմանացի ոչ այնքան հայտնի լուսանկարիչ Կայ Պրագերի աշխատանքները: Նա Հայաստանը լուսանկարել է 2016, 2015 և 2013 թվականներին:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: