Մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարեց արտաքին աջակցության ռազմավարության արմատական փոփոխության և USAID-ի (ԱՄՆ ՄԶԳ) ու Պետդեպարտամենտի ժողովրդավարության աջակցության ծրագրերի սառեցման մասին։ 

Այս որոշումը բարդ իրավիճակ ստեղծեց մեդիաշուկայում։ Սառեցման ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ամերիկյան դրամաշնորհներով ֆինանսավորվող  միջազգային լրագրողական կազմակերպությունները սկսեցին գրել, որ հայտնվել են անորոշ ու քաոտիկ իրավիճակում և չեն պատկերացնում, թե հետագայում ինչպես պետք է շարունակեն իրենց աշխատանքները։ 

USAID-ին աջակցում էր անկախ մեդիային ավելի քան 30 երկրում՝ տրամադրելով ֆինանսական, տեխնիկական աջակցություն, նպաստում՝ աշխատակիցների  կարողությունների հզորացմանը։ 

«Լրագրողներ առանց սահմանների»-ի կազմակերպությունը, հղում անելով ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) 2023թ․-ի զեկույցին, դեռևս անցած տարի էր գրել , որ գործակալությունը միայն այդ տարի ֆինանսավորել էր, որ աշխարհում 6200 լրագրող վերապատրաստվի, աջակցել էր 707 խմբագրությունների, մեդիաոլորտում աշխատող 279 հասարակական կազմակերպությունների գործունեությանը։ Ըստ նույն հոդվածի, ԱՄՆ Կոնգրեսն 2025թ․-ի համար ավելի քան 268 միլիոն դոլարի օժանդակություն էր տրամադրելու տարբեր երկրներում գործող անկախ լրատվամիջոցներին։

Հայաստանյան անկախ մեդիայի զարգացման գործում ևս փոքր չէր ամերիկյան ֆինանսական աջակցության դերակատարումը։ Հայաստանյան մեդիաշուկան, իր փոքր ծավալներից ելնելով, ունի սահմանափակ գովազդային մուտքեր, և միջազգային դրամաշնորհները տարիներ շարունակ կազմել են հայկական անկախ մեդիայի բյուջեի զգալի մասը։ ԱՄՆ ՄԶԳ-ի  ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը» վերջին տարիներին դարձել էր առանցքային հարթակ՝ անկախ լրատվամիջոցների զարգացման համար։  Ծրագիրը նպատակ ուներ ոչ միայն աջակցել կոնկրետ խմբագրությունների, այլև ձևավորել ավելի կայուն մեդիա միջավայր։ 

Հենց այս ծրագրի շրջանակում  ավելի քան 60 լրատվամիջոց ստացել էր ռազմավարական խորհրդատվություն, վերապատրաստումներ և աջակցություն, որոնց նպատակն էր նպաստել մեդիայի կարողությունների հզորացմանը։ 16 խմբագրություն էլ դրամաշնորհ էր ստացել։ 

Աջակցության կասեցումը ստիպեց մի շարք տեղական խմբագրությունների վերանայել իրենց բյուջեները, կրճատել թիմերը կամ հրաժարվել երկարաժամկետ նախագծերից։ Մեդիան սկսեց ավելի կախված դառնալ կարճաժամկետ ֆինանսական աղբյուրներից կամ ներքին շուկայի սահմանափակ հնարավորություններից։

Անկախ մեդիայի կայունության թուլացումն ու ռեսուրսների նվազումը առավել խնդրահարույց իրավիճակ է ստեղծում առաջիկա համապետական ընտրությունների ֆոնին։ Մեծանում է ռիսկը, որ տեղեկատվական դաշտում կուժեղանան քաղաքական կամ տնտեսական շահեր սպասարկող դերակատարները, իսկ հանրային շահը կմղվի երկրորդ պլան։

Դրամաշնորհային ծրագրերի կրճատումը ուղղակիորեն կարող է ազդել ապատեղեկատվության դեմ պայքարող խմբերի աշխատանքի վրա՝ մեծացնելով նախընտրական շրջանում մանիպուլյատիվ տեխնոլոգիաների ազդեցության ռիսկը։

«Ծրագրի կասեցումը մեզ հետ շպրտեց մեր պլանավորած զարգացման գրաֆիկից ավելի քան 1 տարով»։

Սևակ Մամյան` «Ինֆոքոմ»-ի գլխավոր խմբագիր 

USAID-ի «Մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում մենք հաստատված երեք կարևոր դրամաշնորհային ծրագիր ունեինք՝ ընդհանուր 147,000 դոլար ծավալով, որոնք պետք է իրականացվեին մեկուկես տարվա ընթացքում։ Սրանք ոչ թե պարզապես հերթական դրամաշնորհային աջակցության հնարավորություններն էին, այլ ռազմավարական ուղղություններով պլանավորված ծրագրեր, որոնք  «Ինֆոքոմի» գործունեությունը նոր մակարդակի պետք է բարձրացնեին։ 

Բովանդակության արտադրության դրամաշնորհի շրջանակում աշխատանքները սկսել էինք 2024 թվականի հոկտեմբերից, ցավոք այդ ծրագրով աշխատեցինք ընդամենը մեկ եռամսյակ։ Դա ամենափոքր ծրագիրն էր։ Ուղղված էր գիտական և իրավական ոլորտների բարեփոխումների խորքային, տվյալահեն վերլուծությանը։ Մյուս երկուսը շատ ավելի ծավալուն ծրագրեր էին և պետք է սկսվեին փետրվարին, սակայն  հունվարի վերջին պարզ դարձավ USAID-ի ծրագրերի սառեցման մասին։

Տեխնիկական զարգացման ծրագրի շրջանակում նախատեսում էինք ստեղծել տվյալների մշակման ու պահպանման ժամանակակից համակարգ։ Տվյալների այն ծավալի մշակումը, որը ներկայումս իրականացնում ենք մեր հետաքննությունների ընթացքում, հասանելի գործիքներով դարձել է չափազանց բարդ։

Ռազմավարական զարգացման համար տրված դրամաշնորրհը ուղղված էր լսարանի մեծացմանը, մարքեթինգային մասնագետի ներգրավմանը և մոնետիզացիայի մեխանիզմների ուժեղացմանը։

Այս ծրագրերի սառեցումը մեզ համար դարձավ լուրջ մարտահրավեր։ Մեր հաշվարկներով՝ որպեսզի մենք գովազդներով, Infocom Production-ի աշխատանքով կարողանանք գեներացնել այդ նույն գումարը, մեզնից կպահանջվի առնվազն 4 տարի։ Թեև մենք պահպանել ենք մեր ողջթիմը և ապահովում ենք ընթացիկ կայունությունը, սակայն այն «level up»-ը, որը պիտի մեզ դարձներ առավել ինքնաբավ մեդիա, այդ պահին առկախվեց։ Մեր գնահատմամբ ծրագրի կասեցումը մեզ հետ շպրտեց մեր պլանավորած զարգացման գրաֆիկից ավելի քան 1 տարով։ 

Ամբողջ 2025 թվականի ընթացքում մեր խմբագրությունը աշխատում էր ճգնաժամային կառավարման ռեժիմով, ինչի արդյունքում ջանքերի մեծ մասն ուղղված էր ֆինանսական կայունության ու գործունեության շարունակականության ապահովմանը, ինչից որոշակիորեն տուժեցին բովանդակության արտադրության, առաջմղման և զարգացման ուղղությունները։ Այնուամենայնիվ այս ամիսների լարված աշխատանքի, դրա արդյունքում ինքնաֆինանսավորման բաղադրիչի մեծացման, նոր դրամաշնորհային ծրագրերի ներգրավման արդյունքում հնարավոր եղավ 2026-ի մեկնարկին մոտենալ այն իրավիճակին, որը պետք է ունենայինք 2025-ի սկզբին։ Արդյունքում ծրագրերով նախատեսված գործողությունների շուրջ 70 տոկոսը կամ արդեն իրականացվել են, կամ իրականացման ընթացքում են։

Սևակ Մամյան

Մենք մշտապես ձգտել ենք ինքնաբավության։ Դրա համար էլ ստեղծել ենք Infocom Production-ը, որը վճարովի ծառայություններ է մատուցում տարբեր ընկերությունների, և այդ եկամուտը ամբողջությամբ ուղղվում է լրատվամիջոցի ծախսերին։ USAID-ից ստացվելիք այս միջոցները ևս պետք է նպաստեին, որ մենք կարողանայինք բարձրացնել մեր ինքնաֆինանսավորման աստիճանը։

Չնայած դժվարություններին, մենք շարունակում ենք աշխատել եղած ռեսուրսներով։ Գործարկել ենք նոր կայք, վերաբրենդավորվել ենք, ավելի ենք ամրապնդել մեր տվյալահեն և հետաքննական լրագրության ուղղությունները Մենք հավատում ենք, որ հայաստանյան լսարանը, որն արդեն սովոր է վճարել Netflix-ի կամ միջազգային հեղինակավոր պարբերականների որակյալ ծառայությունների համար, աստիճանաբար կձևավորի նաև տեղական որակյալ բովանդակությանը սատարելու մշակույթը։ Մենք հավատում ենք, որ քայլ առ քայլ, «կաթիլ-կաթիլ» հասնելու ենք նրան, որ անկախ մեդիան Հայաստանում դառնա կայուն և ինքնաբավ։

Մյուս կողմից պետք է նշել, որ անկախ մեդիայի զարգացման դանդաղումը և որոշ դեպքերում հետընթացը հատկապես վտանգավոր է 2026 թվականի համապետական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք, որ քաղաքական տարբեր բևեռներից ֆինանսավորվող և կապեր ունեցող մեդիաները ակտիվանում են, մինչդեռ անկախ հատվածի հնարավորությունները փոքրացել են են։ Սա վտանգում է հանրությանը հավասարակշռված և փաստահեն լրատվություն տալու հնարավորությունը։ Անկախ մեդիան ընտրական պրոցեսներում կատարում է առանցքային վերահսկողական ֆունկցիա, որն իր արդյունավետությամբ հաճախ չի զիջում նույնիսկ մասնագիտացված դիտորդական առաքելություններին։ Երբ սեղմվում է անկախ մամուլի հնարավորությունների դաշտը, նվազում է նաև քաղաքացու հնարավորությունը՝ կայացնելու իրապես տեղեկացված և գիտակցված որոշումներ։

«Այժմ «Հետք մեդիա գործարանը» գործում է նախկին բյուջեի ընդամենը 40%-ի սահմաններում»։

Հարություն Մանսուրյան` «Հետք մեդիա գործարան»-ի ծրագրի ղեկավար 

«Մեդիա գործարանի» ստեղծման հիմքում ընկած էր մի պարզ, բայց հավակնոտ խնդիր՝ հայկական մեդիադաշտի համար պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք ոչ թե տեսականորեն կիմանան, թե ինչ է լրագրությունը, այլ կտիրապետեն ժամանակակից գործիքակազմին։

Հայկական մեդիադաշտում գործող մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցներում կարող եք հանդիպել մեր շրջանավարներին։ Նրանք աշխատում են «Հետքում», «Ինֆոքոմում», «Սիվիլնեթում», Հանրային հեռուստաընկերությունում, Հանրային ռադիոյում, «EVN Report»-ում և բազմաթիվ այլ առաջատար լրատվամիջոցներում։ Լրատվամիջոցների ղեկավարներն իրենք են մեզ դիմում ու ասում, որ ունեն թափուր հաստիքներ ու ցանկանում են դրանք համալրել մեր շրջանավարտներով։ 

Դեռևս վեց տարի առաջ այս ամենը հնարավոր դարձավ ամերիկյան կառավարության աջակցության շնորհիվ։ Ծրագիրը 100%-ով ֆինանսավորվում էր Պետդեպարտամենտի կողմից։ Ֆինանսական այս կայունությունը թույլ էր տալիս տարեկան 30 ուսանողի անվճար որակյալ կրթություն տրամադրել։ Մեր ուսանողները սովորում էին երկու հերթափոխով և երկու հոսքով՝ հետազոտական և մուլտիմեդիա։ Մենք հնարավորություն ունեինք մեր ուսանողներին ուղարկել Սյունիք, Տավուշ կամ Վայոց Ձոր նկարահանումների, որպեսզի նրանք չսահմանափակվեին միայն Երևանով և բերեին հետաքրքիր պատմություններ։  

Հարություն Մանսուրյան։ Լուսանկարը՝ մեդիա գործարանի ֆեյսբուքյան էջից։

Ամեն ինչ փոխվեց 2024-2025 թվականների ուսումնական ծրագրի երկրորդ կիսամյակի սկզբին՝ հունվարին։ Թրամփի վարչակազմի որոշմամբ ամերիկյան ֆինանսավորումը հանկարծակի սառեցվեց։ Մեզ ուղիղ տեքստով ասացին՝ «հանգիստ կարող եք փակել գործարանը և գնալ տուն»։ Սակայն, մենք պատասխանատու էինք մեր ուսանողների առաջ ու որոշեցինք չհանձնվել։ Մեզ այդ ընթացքում EED-ն ու «Հովնանյան» հիմնադրամն օգնեցին։ Մենք աշխատեցինք կես աշխատավարձով կամ առանց աշխատավարձի, բայց տարածքի վարձակալության գումարը պետք է վճարեինք։ Դիմացանք մեկուկես ամիս, որից հետո Թրամփի վարչակազմը որոշեց վերականգնել ֆինանսավորումը։ Նորից սկսեցինք անցնել մեր բնականոն աշխատանքին, բայց սա էլ երկար չտևեց։ Ապրիլի սկզբին նորից զանգ ստացանք, և տեղեկացանք, որ  այդ պահից սկսած որևէ ֆինանսական գործողություն անելու իրավունք չունենք։ 

Այդ ընթացքը շատ ծանր էր։ «Հովնանյան» հիմնադրամի, EED-ի և նաև մեր շրջանավարտների ջանքերով կարողացանք այդ ուսումնական տարին ավարտել։ Մենք դրամահավաք սկսեցինք, որին միացան նաև մեր շրջանավարտները, այդ պահին սովորող ուսանողները, այն ուսանողները, որոնք   պետք է անվճար սովորեին, բայց ամեն ինչ արեցին, որպեսզի վճարեն իրենց ուսման վերջին ամիսների համար։ Արդյունքում մենք այդ փուլն էլ հաղթահարեցինք։ 

«Հետքի» միջոցներով, մեր հավաքած միջոցներով՝ մենք նաև տնտեսական գործունեություն ենք իրականացնում, տեսանյութեր ենք պատրաստում տարբեր կազմակերպությունների համար կարողացանք տարածքը, անձնակազմը պահել մինչև սեպտեմբեր, հետո հասկացանք, որ սեպտեմբերի համար ոչ մի հնարավորություն չունենք, ընդունելություն չենք կարող կազմակերպել, ու մեր կրթական գործունեությունը չենք կարող շարունակել։ 

Ու  քանի որ կրթական գործունեության համար գումար չէին տալիս ֆոնդերը, մենք որոշեցիքն ստեղծագործական գործունեության համար դիմել։ Նորից EED-ին դիմեցինք լուծումների լրագրության հաղորդաշարով, որը հաստատվեց ու կարողացանք դրա միջոցով մեր խնդիրների մի մասը լուծել, իսկ նոյեմբերին էլ COAF-ի միջոցով կարողացանք միջոցներ հայթաթել սփյուռքից ու որոշեցինք հունվարից վերականգնել մեր կրթական ծրագիրը։ Ցավալին այն է, որ կրթական գործունեությունը շարունակելու համար, եթե մինչև հունիս-հուլիս որևէ նոր պայմանավորվածություն չունենանք հաջորդ սեպտեմբերին նորից կանգնելու ենք նույն խնդրի առաջ։ 

Նախկինում շատ կոպիտ հաշվարկով մեր բյուջեն տարեկան 230-ից 250 հազար դոլար էր։ Այժմ մենք գործում ենք նախկին բյուջեի ընդամենը 40%-ի սահմաններում։ Մենք միավորել ենք հետազոտական ու մուլտիմեդիա հոսքերը, դասընթացը դարձել է մեկ կիսամյակ, դուրս են մնացել անիմացիա, տնտեսական լրագրություն, անգլերեն առարկաները։ Եղած միջոցներով մենք այլևս չենք կարողանում մեր ուսանողներին ուղարկել մարզեր, որպեսզի նրանք այնտեղ իրականացնեն իրենց գործնական աշխատանքները։ Այս խնդիրը լուծելու համար դեռ միջոցների փնտրտուքը շարունակում ենք։ Սա մշտական վազք է դոնորների հետևից։ 

Չնայած ֆինանսական դժվարություններին, մենք ավելացրել ենք նոր առարկաներ, օրինակ՝ արհեստական բանականությունը։ Մեդիան փոփոխվում է վայրկյանների արագությամբ, և մենք ստիպված ենք ուսումնական ծրագրում ներառել այնպիսի գործիքակազմ, որոնք մեր ուսանողին կդարձնեն իսկապես գիտակ ու հմուտ։ 

Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպես է մեդիադաշտը փոխվել։ Այսօր ավելի շատ լրատվամիջոցներ են զբաղվում հետաքննությամբ, փաստերի ստուգմամբ, տվյալահեն նյութերի պատրաստմամբ և կարծում ենք, որ այդ փոփոխության մեջ մենք էլ մեր փոքրիկ մասնաբաժինն ունենք։ Եվ այդ մասին շատ հաճախ իրենք՝ խմբագիրներն են բարձրաձայնում։ 

«Առանց USAID-ի աջակցության՝ «Խիրատ» մեդիան փաստացի զրկվեց գոյության միջոցներից»։

Մուրազ Շամոյան` «Խիրատ»-ի գլխավոր խմբագիր

Ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես եզդիական համայնքի խնդիրների մասին պատմող «Խիրատ» մեդիայի զարգացման հետ կապված բազմաթիվ հույսեր էինք կապել, պլաններ մշակել USAID-ի և Internews Հայաստանի «Հայաստանի մեդիա զարգացման ծրագրի» հետ։ Ծրագիրը, որը պետք է գործեր մինչև 2028 թվականը, ոչ միայն մեր, այլ առհասարակ մեդիադաշտի շատ դերակատարների համար կենսական նշանակություն ունեցող աղբյուր էր։ Իհարկե, հայաստանյան շատ մեդիաներ ունեն ֆինանսական միջոցներ հայթայթելու խնդիր, բայց մեզ համար՝ որպես փոքրամասնությունների խնդիրները բարձրաձայնող մեդիա, կայուն և շարունակական ֆինանսավորում ապահովելը շատ ավելի բարդ է։ 

Հայաստանյան իրականության համատեքստում, ընդհանուր պատկերացումը հետևյալն է, որ փոքրամասնությունները խնդիրներ չունեն, խտրականություն չկա, բոլորը հավասար են։ Շատ հաճախ քննարկումներն ու խոսակցություններն այտեղ ավարտվում են։ Սրանով պայմանավորված շատ դոնորների համար այս թեման և այս ուղղությունը առաջնահերթությունների ցանկում չէ։ 

Մուրազ Շամոյան

Մեր նախագծերից երկուսը հաղթել էին Internews Հայաստանի հայտարարած մրցույթում։ Ստեղծելու էինք փոդքաստ, աուդիոֆիլմեր: Նախատեսված էր նաև զարգացնել «Երկխոսության հարթակ» հաղորդաշարը, որի շրջանակում եզդի երիտասարդները լրագրողի հետ պետք է այցելեին  պետական կառույցներ՝ ուղիղ երկխոսություն հաստատելով պաշտոնյաների հետ։

USAID-ի ծրագրերի սառեցման մասին հայտնի հրամանագիրը մեզ համար իսկական աղետ դարձավ, մենք հայտնվեցինք անելանելի վիճակում։ Պայմանագրի ստորագրմանը մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, երբ ստացվեց սառեցման լուրը։ Առանց USAID-ի այդ աջակցության՝ մեդիան փաստացի զրկվեց գոյության միջոցներից։

Որոշ ժամանակ անց ստիպված էինք անցնել հարկադիր պարապուրդի։ 2025 թվականի մայիսից մենք այլևս չկարողացանք պահել մեր անձնակազմին։ Մարդիկ ստիպված եղան  անցնել այլ աշխատանքների։ Մենք հանձնեցինք  մեր գրասենյակի մի մասը, որտեղ նաև նկարահանումներ էինք անում, և ամբողջ գույքը տեղավորեցինք մեկ փոքր վարչական սենյակում։ Այդ հարկադիր պարապուրդը ձգվեց մինչև նոյեմբեր։ Միայն նոյեմբերին կարողացանք «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (IWPR) կողմից ենթադրամաշնորհ ստանալ, որը թույլ տվեց մասնակիորեն վերսկսել մեր աշխատանքները։ Մինչև մարտ կաշխատենք այս ծրագրով, իսկ հետագայի համար, որևէ պայմանավորվածություններ դեռևս չունենք։  Այս ընթացքում իհարկե ակտիվորեն դիմում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների, սակայն անընդհատ մերժումներ ենք ստանում։

Սա նշանակում է, որ Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը նորից կարող է  զրկվել իր հիմնական խոսափողից։ Հայաստանյան մեծ խմբագրությունները հազվադեպ են անդրադառնում եզդիների խնդիրներին, հաճախ էլ թույլ են տալիս սխալներ կամ ստեղծում նոր կարծրատիպեր։ «Խիրատը» այն զտիչն է, որն ապահովում է որակյալ և զգայուն լուսաբանում։ 

Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ այս մեկ տարվա ընթացքում նկատելի էր, որ հատկապես փոքր մեդիաները, նիշային մեդիաները նվազեցրեցին, կրճատեցին իրենց գործունեության ծավալները։ Եվ մեդիադաշտը տուժեց այդ բազմազանության սահմանափակման հետևանքով։ 

Մյուս կողմից այս մեդիաների թուլացումը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել առաջիկա ընտրական գործընթացների համատեքստում։ Օրինակ, եթե էլի խոսեմ մեր մեդիայի տեսանկյունից, մեր լսարանը ընտրություններին ընդառաջ տեղեկատվության կարիք շատ ունի, մենք կարող էինք եզդիաբնակ համայնքների համար եզդիերենով նախընտրական գործընթացների լուսաբանում իրականացնել, ընտրությունների կարգի վերաբերյալ իրազեկում կատարել, սակայն այս պահին չունենք դրա հեռանկարն ու դրական կանխատեսումը։