ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ուղղված «մաքրեք Ձեր շրթունքները» արտահայտությունը լրագրողական կազմակերպությունները որակում են որպես սեռով պայմանավորված խտրականություն։ Լրագրողը պատրաստվում է դիմել դատարան։
Մարտի 20-ին, Աժ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։
Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։
Հռիփսիմեն ասում է, որ տեղի ունեցածն իր համար էլ անհասկանալի էր ու շոկային։
«Ես մեկ այլ պատգամավորի հետ հարցազրույցից հետո, մոտեցա լրագրողների այն խմբին, որոնք ճեպազրույց էին անցկացնում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նա միանգամից ինձ մեկուսացրեց, ասաց, որ իրենից հեռու կանգնեմ։ Ինձ թվաց, թե նախքան իմ մոտենալն ինչ -որ բան է տեղի ունեցել, որից ես տեղյակ չեմ։ Տեղափոխվեցի, փորձեցի այնտեղից հետևել, հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, մինչև այն պահը, երբ ինքն այդ անթույլատրելի արտահայտությունն արեց շրթունքները մաքրելու վերաբերյալ։ Ես հակադարձեցի, որ անթույլատրելի վերաբերմունք է լրագրողի նկատմամբ, որին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքն այդ արտահայտությունն ասում է ոչ թե լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, այլ տիկին Ջեբեջյանին՝ մոռանալով, որ ես ԱԺ հավատարմագրված լրագրող եմ։ Ես որպես կին, տիկին Ջեբեջյան չեմ գտնվում Ազգային ժողովում, այլ իմ մասնագիտական պարտականություններն եմ կատարում»,- ասում է լրագրողը։
Անդրանիկ Քոչարյանը վիրավորական արտահայտությունն անելիս մեկնաբանել է, թե դրանք իր խոսքերը չեն և ինքն ուղղակի մեջբերում է Հռիփսիմեին ուղղված հոգևորականի խոսքերը։ Հռիփսիմեն ասում է, որ փորձել է հիշեցնել հոգևորականի հետ տեղի ունեցած միջադեպի կոնտեքստը, սակայն ապարդյուն։
«2024-ին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին, Բագրատ Սրբազանին ես հարց էի ուղղել Հովհաննես Ազոյանի՝ շարժման վերաբերյալ հնչեցրած գնահատականի մասին։ Այդ ժամանակ, նկատի ունենալով Հովհաննես Ազոյանին, Բագրատ Սրբազանն ինձ ասաց. «Վա՜յ, Հռիփսիմե այդ ի՞նչ անուն տվեցիր, գնա բերանդ լվա, շուրթերդ լվա»։ Սրբազանն ինձ վիրավորելու միտում չունենալով էր դա ասել, որը կտրվել էր համատեքստից և իշխանական շատ բլոգերներ ու նույնիսկ որոշ լրատվամիջոցներ այն սկսել էին տարածել։ Նույն կերպ համատեքստից կտրված մեջբերեց նաև Անդրանիկ Քոչարյանը, սակայն այս դեպքում այդ արտահայտությունն ուներ բացառապես անվայելուչ ենթատեքստ։ Եվ ի տարբերություն Քոչարյանի՝ Սրբազանը տեսնելով, որ այդ անզգույշ արտահայտությունից հետո սկսել են ինձ թիրախավորել մի քանի անգամ հրապարակային ներողություն է խնդրել»,- ասում է Հռիփսիմե Ջեբեջյանը։
Լրագրողը պատմում է, որ արտասվելով սպասել է մինչև ճեպազրույցի ավարտը, որպեսզի կարողանա պարզաբանում պահանջել, հասկանալ, արդյոք պատգամավորը չի՞ պատրաստվում, ներողություն խնդրել, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը դուռը շրխկացնելով պատասխանել է՝ ոչ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Անդրանիկ Քոչարյանը թիրախավորում ու վիրավորում է թե՛ կին լրագրողներին, թե՛ կին քաղաքական գործիչներին։ 2021 թվականին կրկին լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ժամանակ արձագանքելով Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանի հարցին՝ Քոչարյանն ասել էր «Գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են»։
2019-ին էլ էր «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում Քոչարյանը նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին ասել էր, թե նա «պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։
ԵՊՀ դասախոս, գենդերային և կանանց իրավունքների ուսումնասիրությունների մասնագետ Անի Կոջոյանի գնահատմամբ ԱԺ-ում կատարվածը գենդերային խտրականություն է, կնոջը թիրխավորելու փորձ, որի նպատակն է լռեցնել, նվաստացնել ու վիրավորել նրա արժանապատվությունը։
«Իր այս սեքսիստական, կնատյաց վարքագծով տվյալ պաշտոնյան փորձել է կին լրագրողին իր տեղը, դերը ցույց տալ ու չեզոքացնել նրան իր ճանապարհից։
Պետությունն իր օրենսդրությամբ, տարբեր միջազգային կոնվենցիաներով պարտավորված է պաշտպանել կանանց իրավունքները, այդ թվում ապահովել, որ նրանք չվարկաբեկվեն իրենց մասնագիտական ընտրության համար։ Տվյալ քաղաքական գործիչը, լինելով պաշտոնյա, առավել ևս իշխող ուժի ներկայացուցիչ, նման վարքագիծ դրսևորելու իրավունք չուներ»,-ասում է Անի Կոջոյանը։
Փորձագետը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ գենդերային խտրականությունը համակարգային խնդիր է։ Այն չի վերաբերում միայն տվյալ կնոջը, ով ենթարկվել է խտրականության։
«Անկախ քաղաքական հայացքներից, քաղաքական շահերից որևէ կին ապահովագրված չէ գենդերային խտրականությունից։ Հաջորդ անգամ նման իրավիճակում կարող է հայտնվել մեկ ուրիշը»,-ասում է փորձագետը։
Անին նշում է՝ շատ կարևոր է, որ պետական մակարդակով համապատասխան գնահատական տրվի Անդրանիկ Քոչարյանի արատավոր վարքագծին՝ առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ սա առաջին դեպքը չէ։
Ժուռնալիստների միությունը, ինչպես նաև մի շարք լրագրողական կազմակերպություններ դատապարտող հայտարարություններ են հրապարակել։ Պահանջել են, որ պաշտոնյան հրապարակային ներողություն խնդրի լրագրողից, իշխող ուժն էլ քննարկի և գնահատական տա պատգամավորի վարվելակերպին։ Նրանք նաև պահանջել են նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթացը։
Նույն պահանջով ստորագրահավաք են սկսել նաև ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ Հռիփսիմե Ջեբեջյանի գլխավորությամբ։ Նա ասում, է որ պատրաստվում է երկուշաբթի դիմումը մուտք անել Ազգային ժողովի աշխատակազմ։ Լրագրողը նաև որոշել է գնալ իրավական ճանապարհով ու դիմելու է դատարան։